Սեյրան Օհանյանը տեսակցել է հրետակոծումից տուժած զինծառայողներին
Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետեւանքով վիրավորված զինծառայողներին:
Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նախարարը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել նրանց եւ մաղթել շուտափույթ ապաքինում:
Սեյրան Օհանյանը հանդիպել է նաեւ վիրավոր զինծառայողների ծնողներին եւ հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում ադրբեջանական զինուժի հրետակոծման հետեւանքով զոհված ՊԲ զինծառայողների` կրտսեր սերժանտ Նորայր Միքայելի Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի, շարքային Հարութ Մաքսիմի Հակոբյանի եւ շարքային Կարեն Գեւորգի Շահինյանի ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: