ՀՀ-ն եւ Սփյուռքը կոչ են անում օգնել Սիրիայի եւ Իրաքի համայնքներին
Հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնել Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին, ովքեր “մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնք դարձան այդ երկրների կառուցման գործուն մասնակիցներ”:
“Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկական ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։
Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների, ահաբեկչություններից ու քաղաքացիական պատերազմից փրկված փախստականների ճակատագրերի վրա:
Հայաստանը բացել է դռները Սիրիայից եւ Իրաքից եկած հայերի առջեւ եւ ավելի քան 16 հազար փախստական ընդունել: Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են նրանց հիմնախնդիրները լուծելու եւ հասարակության մեջ նրանց ինտեգրումն արագացնելու աշխատանքներում:
Հայկական սփյուռքի կառույցները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր են նախաձեռնել եւ իրականացրել Սիրիայի եւ Իրաքի հայության վիճակը մեղմելու ուղղությամբ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը՝
- խորապես մտահոգված լինելով Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններով,
- շահագրգիռ լինելով այդ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության շուտափույթ հաստատմամբ,
- խստորեն դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, ավերակ են դառնում սրբավայրեր, կոթողներ եւ մշակութային արժեքներ,
- գնահատելով նման վայրագությունները որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ,
- գիտակցելով, որ տարածաշրջանի ժողովուրդների պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում եւ համակողմանի աջակցություն, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ վտանգված համայնքներին՝
Դիմում է`
• միջկառավարական եւ միջազգային մարդասիրական կազմակերպություններին, փախստականների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնող պետություններին` հնարավորինս շտապ բազմակողմանի աջակցություն ցուցաբերել աղետալի իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին, համապատասխան միջոցներ ձեռնարկելու բոլոր փախստականներին եւ նրանց ընդունելու հարցում գործուն քայլեր ձեռնարկած պետություններում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու խնդրում,
• հայաստանյան բոլոր պետական ինստիտուտներին, հանրային եւ մասնավոր կառույցներին` այսուհետ եւս համակողմանի քայլեր ձեռնարկելու դյուրացնելու համար սիրիահայերի առջեւ ծառացած խնդիրների լուծումները հայրենիքում,
• համայնքային բոլոր կառույցներին, անհատներին` հնարավոր բոլոր միջոցներով սատարելու եւ համակողմանի աջակցություն ցուցաբերելու ինչպես դեռեւս Սիրիայում գտնվող համայնքին, այնպես էլ Հայաստանում հաստատված սիրիահայերին:
Սիրիահայության տագնապալի վիճակը ներկայումս ողջ հայ ազգի առջեւ ծառացած մարտահրավեր է, եւ այն հաղթահարելու համար հրատապ անհրաժեշտություն է՝ համախմբել Հայաստանի եւ սփյուռքի ուժերն ու հնարավորությունները՝ համակարգելու բոլոր գործողությունները` հավաքական ջանքերով լուծում տալու մեր հայրենակիցների հիմնախնդիրներին:
Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքն այսուհետ եւս սատարելու են արտակարգ իրավիճակում հայտնված եւ օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր հայորդու` որպես սրբազնագույն պարտք եւ պատասխանատվություն”,- ասված է հայտարարության մեջ: