ԱԶԲ-ն $89,3 մլն կհատկացնի ՀՀ-ում սեյսմակայուն դպրոցների կառուցմանը
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին $89,3 մլն օժանդակություն կտրամադրի՝ սեյսմակայուն դպրոցների կառուցման եւ բնական աղետներին դիմադրելու կարողությունների ամրապնդման համար:
Այս մասին հաղորդում է ԱԶԲ պաշտոնական կայքը:
«1988թ. Սպիտակի ուժգին երկրաշարժից հետո իշխանությունները բազմաթիվ քայլեր են ձեռնարկել՝ զարգացնելու արտակարգ իրավիճակների կառավարման եւ արձագանքման համակարգերը եւ բարելավելու շենքերի կառուցումը: Այս օժանդակությունը կնպաստի կառավարության ջանքերին՝ կառուցելու եւ վերակառուցելու բարձր սեյսմակայունություն ունեցող դպրոցներ»,- նշել են ԱԶԲ-ում:
Ըստ բանկի տվյալների՝ Հայաստանի 1400 դպրոցներից 1000-ը վերակառուցման եւ ամրացման աշխատանքների կարիք ունեն, ինչի համար պահանջվում է $1.2 մլրդ:
ԱԶԲ-ի տրամադրած վարկն ու դրամաշնորհը թույլ կտան այդ աշխատանքներն իրականացնել առնվազն 46 դպրոցում:
Բանկը $88.5 մլն-ը կտրամադրի որպես վարկ եւ $800 հազ-ը՝ որպես տեխնիկական աջակցություն: ՀՀ կառավարությունն իր կողմից սեյսմակայուն շինարարության համար կհատկացնի $18.5 մլն:
Ծրագրի տեւողությունը 5 տարի է: