ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Արմավիրի մարզում քննարկվել է վարունգի իրացման խնդիրը

0
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ այսօր Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք է այցելել փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ մասնակցելու համայնքում կազմակերպված հանդիպմանը՝ վարունգի բերքի իրացման խնդիրը քննարկելու և լուծումներ տալու նպատակով:


Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, համայնքապետեր, մի շարք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ:


«Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության են եկել, վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն այս պահին արդեն այդ համայնքներում են և ուսումնասիրություններ են իրականացնում` պահածոյացման ենթակա վարունգը մթերելու նպատակով», - հայտնել է նախարարի տեղակալը:


Ինչ վերաբերում է շուկայահանման ենթակա արտադրանքին, ապա գյուղացիական տնտեսություններին առաջարկվել է շաբաթ-կիրակի օրերին կազմակերպել իրացումը մայրաքաղաքի գյուղատնտեսական տոնավաճառներում: Այդ նպատակով նախարարությունն արմավիրցիների համար լրացուցիչ տեղեր կհատկացնի` հնարավորություն ընձեռելով նաև մեծածավալ վաճառք իրականացնել բեռնատար մեքենաներով:


Փոխնախարարը նաև ընդգծել է, որ գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցությունն անվճար է, և վերավաճառողներից ցածր գին առաջարկելու դեպքում գյուղացիները կկարողանան իրենց արտադրանքն իրացնել:


Նշենք, որ Արմավիրի գյուղերում մարդիկ դժգոհում են, որ տոննաներով վարունգ են թափում։ Ասում են՝ գյուղնախարարությունից չեն ստանում խոստացված աջակցությունը վարունգը մթերելու հարցում: Սպառնում են, որ խաղողագործների օրինակով, իրենք էլ մայրուղի կփակեն: