ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հովիկ Աբրահամյանը ՉԺՀ Սիան նահանգում կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը

0
Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ժամանել է Սիան (Շենսի նահանգ), որտեղ այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը: 


Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ: 


Վերջինս շեշտել է Չինաստանի, մասնավորապես, Շենսի նահանգի շահագրգռվածությունը՝ խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ կարևոր համարելով համագործակցության զարգացումը նաև մարզերի միջև:


«Սիանը չինական քաղաքակրթության բնօրրանն է, որն այսօր հանդիսանում է Չինաստանի արագ զարգացող ենթակառուցվածքների և գործարար կենտրոնը: Խորհրդանշական է նաև, որ պատմականորեն Շենսի նահանգը գտնվել է Մեծ Մետաքսի ճանապարհի սկզբնամասում, և պատահական չէ, որ այստեղ տեղի է ունենում այսպիսի կարևոր միջոցառում՝ «Եվրասիական տնտեսական ֆորումը», որը միտված է սերտացնելու այդ ճանապարհին գտնվող երկրների պետական մարմինների և գործարար համայնքների միջև կապերը», - ասել է Հովիկ Աբրահամյանը։


Վարչապետի խոսքով, Հայաստանը ողջունել է 2013 թվականին նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշած Մեծ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգը, և արդեն նպատակաուղղված աշխատանք է տարվում ծրագրի իրականացման ուղղությամբ այն մասով, որտեղ Հայաստանը նույնպես կարող է իր նպաստն ունենալ:


Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տերրակոտա զինվորների և ձիերի թանգարան:


Երեկոյան վարչապետը և պատվիրակության անդամները Սիանի կենտրոնական հրապարակում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցների համար կազմակերպված բեմականացված հանդիսություններին: