ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Տավուշի մարզում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպի

0
Երեկ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը:


Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ պաշտոնյաներին Այգեպարի գյուղապետարանում ներկայացվել է Տավուշի սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:


Բրիֆինգին մասնակցել են նաև Տավուշի մարզի Մովսես ու Վերին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարները, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակավայրերի գնդակոծումների առումով:


Դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:


ԵԱՀԿ պաշտոնյաները Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ եղել են նաև հակառակորդի կրակահերթերից տուժած սահմանամերձ բնակավայրերից մեկում, տեղում արձանագրել են գնդակոծության հետքերը, ծանոթացել են խաղաղ բնակիչների մտահոգություններին:


ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները համապատասխան նշումներ են կատարել, որոնք ներառվելու են ամփոփիչ զեկույցներում: