ՀԱՕԿ-ի 25-ամյակի միջոցառումներն ու հյուրերը
Այս տարի Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն նշում է հիմնադրման 25-ամյակը: Այդ շրջանակներում ՀԱՕԿ-ը նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնց մասին էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է կառույցի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
25-ամյակի միջոցառումները
Միջոցառումները շատ հագեցած են լինելու ու մեծ շուքով են նշվելու: Սեպտեմբերի 29-ին անցկացվելու է ԱՊՀ եւ Բալթյան երկրների ու Վրաստանի ԱՕԿ-ի տարածաշրջանային ֆորումը: Նույն օրը կայանալու է «Օլիմպավանի» բացման արարողությունը, որից հետո տեղի է ունենալու նամականիշների մարման արարողություն:
Այնուհետեւ միջոցառումները տեղափոխվելու են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն: Օպերայի բակում անցկացվելու են մոտ 8 մարզաձեւերի ցուցադրական ելույթներ, որին կհաջորդի երեկոյի համերգային մասն ու կցուցադրվի ֆիլմ:
Նախատեսվում է նաեւ հյուրերին Գեղարդ ու Էջմիածին էքսկուրսիաների տանել:
Հյուրերի կազմը
Տոնական միջոցառումներին մասնակցելու են ԵՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեն, Ազգային Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը եւ 25 ազգային Օլիմպիական կոմիտեների նախագահներ:
Մոտ 70 հյուր ենք ունենալու, որոնք սեպտեմբերի 25-ից սկսելու են ժամանել: Մենք պատրաստ ենք բոլորին բարձր մակարդակով հյուրընկալելու:
Հյուրերի կազմը շատ ներկայացուցչական է, դա եւս մեկ անգամ ցույց է տալիս ՀԱՕԿ-ի ներդրումը Օլիմպիական շարժման մեջ:
Հայաստան պետք է ժամաներ նաեւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, սակայն նույն ժամանակահատվածում Նյու Յորքում կայանալու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, որին էլ նա մասնակցելու է:
Ֆորումի թեմաները
Տարածաշրջանային ֆորումի ժամանակ քննարկվելու են հիմնականում Օլիմպիադա-2016-ին վերաբերվող հարցեր: Ներկա է լինելու Բրազիլիային դեսպանը, որը ներկայացնելու է երկրում կատարվող աշխատանքները:
Օլիմպիադայում մեր պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը նախորդ ամիս եղել է Ռիյում, մենք տեղյակ ենք, թե այնտեղ ինչ է կատարվում, սակայն կազմակերպիչներն ամեն օր ինչ- որ նոր բան են անում, ինչի մասին էլ պատմելու է դեսպանը:
ԱՕԿ-ի անդամները ներկայացնելու են իրենց իրականացնող աշխատանքերը: ՀԱՕԿ-ի անունից ելույթով հանդես է գալու Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը: Նա ներկայացնելու է մեր աշխատանքներն ու վերջին տարիներին արձանագրված հաջողությունները: