Պեկինը հետաքրքրված է ՀՀ-ում ներդրումների իրականացմամբ
Չինաստանի վարչապետ Լի Քեցյանը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը Իրան-Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Այս մասին ՉԺՀ վարչապետն ասել է այսօր՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Պեկինում կայացած հանդիպմանը:
Լի Քեցյանը պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար եւ այլ ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարվանից կբարձրացվի:
Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
ՀՀ գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններն առաջընթաց են արձանագրել, եւ աճել է ապրանքաշրջանառությունը (ավելի քան կես միլիարդ դոլար):
ՉԺՀ վարչապետն էլ ասել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնելու եւ ամրապնդելու բոլոր ոլորտներում առկա արդյունավետ փոխգործակցությունը: