Բարելավվել են Տավուշի դպրոցների պայմանները
Մարզահրապարակներն ու դասասենյակները կառուցվել եւ վերանորոգվել են Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)՝ 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակում:
Այս ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել արդեն ավելի քան 10 դպրոց ու մանկապարտեզ:
Մասնավորապես, Բերդի թիվ 1 դպրոցում վերանորոգվել ու կահավորվել է Ռազմագիտության դասասենյակը, որը անվանվել է ազատամարտիկ Վահան Բաղդասարյանի հիշատակին:
Նախկինում ՀՕՖ-ի միջոցներով վերակառուցվել էր նաեւ Բերդի թիվ 1 դպրոցի մարզահրապարակն ու ֆիզկուլտուրայի դահլիճը: Դպրոցին տրամադրվել էր նաեւ անհրաժեշտ սպորտային գույք:
Մարզահրապարակ եւ սանհանգույց է կառուցվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում: Վերակառուցվել է Պառավաքար գյուղի մարզահրապարակը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել դպրոց խմելու ջրագիծ անցկացնելու համար:
Նոր մարզադաշտեր են կառուցվել Բերդի ավագ դպրոցում եւ թիվ 3 դպրոցում: