ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Օսկանյան․ Սահմանադրական փոփոխությունների նպատակը «նախագահի պաշտոնի վերացումն է»

0
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, կարծիք է հայտնել, որ դրանց նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը:


«Մի շատ հարգարժան մարդ, ձեզ բոլորին քաջ ծանոթ՝ կուսակցական-քաղաքական գործիչ, այս թեմայի շուրջ զրուցելիս ինձ ասաց հետևյալը. «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»: Շատ դիպուկ և բազմաբովանդակ է ասված: Մտածե՛ք դրա մասին», - գրել է նախկին արտգործնախարարը՝ շարունակելով․ - «Իրոք, այս փոփոխությունների ելակետը, գլխավոր նպատակը, էությունը նախագահի պաշտոնի վերացումն է: Ոչ թե նրա համար, որ այն պետք չէ, այլ որովհետև ինչ-որ մեկի, մի խումբ մարդկանց և/կամ քա ղաքական ուժի, այլևս ձեռնտու չէ դա»:


Օսկանյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի այսօրվա ներքին, արտաքին և տնտեսական ահագնացող մարտահրավերների, խորացող արտագաղթի պայմաններում սահմանադրական փոփոխությունների այս փորձը «կարող է իսկական փորձանք դառնալ երկրի գլխին» և եզրափակել գրառումը՝ հայտարարելով․ - «Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին և կոչ եմ անում մեր քաղաքացիներին ՈՉ ասել այդ փոփոխություններին»:


Ֆեյսբուքյան հաջորդ գրառմամբ էլ Օսկանյանը փաստարկներ է ներկայացրել, որպես ասվածի հիմնավորում:


«Մի պահ ենթադրենք, որ նոր սահմանադրության պայմաններում խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը, ինչպես այսօր, ունի բացարձակ մեծամասնություն: Ես խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչ է փոխվելու: Հնարավոր է, որ այլ կուսակցությունների առաջարկվի կազմել կոալիցիա: Բայց դա կլինի կեղծ կոալիցիա, ինչպես եղել է միշտ», - գրել է նախկին արտգործնախարարը՝ շարունակելով․ - «Իսկ հիմա պատկերացնենք հակառակը, որ այսօրվա Սահմանադրությամբ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում չունենար բացարձակ մեծամասնություն: Արդեն կստեղծվեր իսկական կոալիցիա: Այն, ինչ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ու խորհրդարանական համակարգի գլխավոր գրավականն է:


Մեր խնդիրն այսօր ոչ թե Սահմանադրությունն է, այլ Ընտրական օրենսգիրքը: Մեզ պետք է ոչ թե Սահմանադրության, այլ ընդամենը Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ինչպես նաև արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: Ես համոզված եմ՝ այս ամենի դեպքում մենք կունենանք խորհրդարանական արդյունավետ համակարգի բոլոր տարրերը»:


Օսկանյանը սահմանադրության փոփոխություններում մեկ այլ «մեծ վտանգ »էլ մատնանշում է ընտրությունների մասով, նշելով՝ թեև փոփոխությունների աջակիցների այս օրերի հիմնական փաստարկը նոր սահմանադրության նախագծով ամրագրված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն է, որը, ինչպես ասվում է, կարգավորվելու է օրենքով:


«Արդեն հայտնի է այդ օրենքի բովանդակությունը: Նախնական տվյաներով՝ Հայաստանը բաժանվելու է 20 ընտրատարածքների, որտեղ քաղաքացիները քվեարկելու են թեկուզ կուսակցությունների կողմից ներկայացված, բայց կոնկրետ անձերի օգտին: Սա կոչվում է ռեյտինգային քվեարկություն: Սա պարզապես քողարկված մեծամասնական ընտրակարգի ներդրում է», - գրել է Օսկանյանը, կարծիք հայտնելով, որ այսպիսով իրականում անցում է կատարվում 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգի:


«Եվ ինչն ավելի վտանգավոր է, համապետական ընտրությունները՝ որպես այդպիսին, ի սպառ վերացվում են. նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից, իսկ խորհրդարանի անդամները, որոնք պետք է նշանակեն վարչապետին, ընտրվում են հատվածական (ոչ միասնական) ցուցակներից: Դեռ չեմ խոսում զինված ուժերի գլխավոր հրամանատարի անորոշ կարգավիճակի և սահմանադրությունը խորհրդարանի ⅔ ձայներով փոխելու վտանգավոր դրույթների մասին», - նաև գրել է նախկին արտգործնախարարը՝ կրկնելով․ - «Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, որովհետև գործող հիբրիդային Սահմանադրությունը ճիշտ կիրառության և արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար ամենահարմար տարբերակն է»: