Հայ հունահռոմեականները ժամանել են Հայաստան
«Զվարթնոց» օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, այլ պաշտոնատար անձիք, բազմաթիվ երկրպագուներ:
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան. Անչափ ուրախ եմ երկրորդ տարին անընդմեջ նման պարգեւի արժանանալու համար: Դժվար էր, քանի որ Աշխարհի առաջնությունում թույլ ըմբիշներ չեն լինում: Չեմ կարող ասել, թե ինչ ապրումներ ունեցա եզրափակչում, երբ հաղթեցի իմ հիմնական մրցակից Օլիմպիական չեմպիոնին: Հիմա մի քիչ կհանգստանամ ու կվերսկսեմ մարզումներս, ապա կմասնակցեմ միջազգային մրցաշարերի:
Միհրան Հարությունյան. Ես պատրաստ էի այս առաջնությանը ու կարող էի պայքարել ոսկե մեդալի համար: Չեմ ուզում արդարանալ, բայց մրցավարներն իմ մեդալը գողացան: Ուզում եմ դիմել մեր Օլիմպիական կոմիտեին, ֆեդերացիային, պետք է ինչ-որ ձեւով առնել այս ամենի առաջը, քանի որ առաջին անգամը չէ, որ մեր դեմ այսպես են վարվում: Անկախ ամեն ինչից, անչափ ուրախ եմ, որ Օլիմպիական ուղեգիր եմ նվաճել:
Լեւոն Ջուլֆալակյան. Մեր թիմը շատ լավ էր պատրաստվել, տղաները գեղեցիկ գոտեմարտեր են անցկացրին, սակայն եղան նաեւ վրիպումներ: Միհրանի գոտեմարտի ժամանակ եղան մրցավարական խախտումներ, սակայն մարզիկը պետք է պատրաստ լինի նաեւ դրան, շատ ցավալի է, որ նման մրցավարների պատճառով տարիների աշխատանքը ջուրն է ընկնում: Արթուրը վստահ հաղթանակներ տարավ ու կրկին ցույց տվեց, որ իր քաշային կարգում լավագույնն է: Հիմա մեզ համար կարեւոր է առաջիկա տարում ճիշտ աշխատելն ու Օլիմպիական խաղերին լավ պատրաստվելը: