Ադրբեջանը կվերանայի հարաբերությունները Եվրամիության հետ
Ադրբեջանը չեղարկել է հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսվող Եվրահանձնաժողովի պատվիրակության այցը Բաքու, որի ընթացքում պետք կայանային ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ նախնական բանակցությունները, հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Այցի հետաձգման մասին որոշումը կապված է նախօրեին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Ադրբեջանին վերաբերող «կանխակալ բանաձեւի հետ»:
«Ընդհանրապես, մենք պետք է վերանայենք մեր կապերը Եվրամիության հետ, որտեղ ուժեղ են հակաադրբեջանական, հակաիսլամական միտումները», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ այսօր Բաքվում ԵՄ գրասենյակի ղեկավար Մալենա Մարդը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը դիվանագետին հայտնել է երկրի դիրքորոշումը Եվրախորհրդարանի բանաձեւի հետ կապված:
«Ադրբեջանը խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը: Այն ունի կանխակալ եւ ապակառուցողական բնույթ եւ հարված է հասցնում Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերություններին», - ասել է Մամեդգուլիեւը: