ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հայաստանի հավաքական. Հավաքելով կոտրված գավաթի փշուրները

0

Հայաստանի հավաքականի վերջին խաղերից հետո տպավորությունները իրարամերժ են: Սերբիայի խաղում մենք իջանք մինչեւ հատակը, որից հետո միայն բնազդորեն կողմնորոշվեցինք, որ պետք է դեպի վեր լողալ:

Դե պարզ է, բոլորն էլ ուզում են վերեւ բարձրանալ, սակայն ո՞րն է դրա ճանապարհը. սա է այն հարցը, որի պատասխանը տարիներ շարունակ չի գտնվում: Եթե ոմանց թվում էր, թե Դանիայի հետ խաղով մենք այդ ճանապարհն ենք բռնել, ապա այդ ոմանք դեռեւս չեն հաղթահարել ավելորդ շտապողականության եւ լավատեսության բարդույթը:

Թեեւ Հայաստանի հավաքականը խաղի որոշ տարրերով եւ առանձին դրվագներով կարողացավ այդ լավատեսական տրամադրությունը հետ բերել, սակայն արդյո՞ք դա երաշխավորում է որեւէ շարունակականություն: Պետք է ընդունել նաեւ, որ մեր մրցակիցը անցկացրեց իր վատագույն հանդիպումներից մեկը, որի մասին նշեց նաեւ մարզիչ Մորտեն Օլսենը: Քրիստիան Էրիկսենի բացակայությունն էապես թուլացրել էր դանիական թիմին՝ թե՛ խաղի կառուցողական բաղադրիչի, թե՛ ագրեսիայի եւ նույնիսկ ագրեսիվության մասով: Իհարկե, կարելի է պնդել նաեւ, որ դա նաեւ մեր տղաների հաջող խաղի արդյունքն էր, բայց այս ամենը փոխադարձ է:
[[gallery1]]
Ամփոփելով երկու խաղերը՝ կարող ենք ասել, որ մենք շարունակում ենք ունենալ խրոնիկական խնդիրներ պաշտպանությունում, սակայն ունենք նաեւ այն էականորեն ավելի բարձր մակարդակի հասցնելու ներուժ: Ունենք չափազանց ծախսատար ու ոչ արդյունավետ բաշխված կիսապաշտպանություն, որը խաղի յուրաքանչյուր պահի կարող է ուղղակի արգելակվել, սակայն շատ հազվադեպ է հաջողում վերցնել խաղն իր վրա, ստեղծել սրություն եւ ագրեսիվ խաղ թելադրել: Ունենք հարձակման գիծ, որը շալանդյան ժամանակաշրջանից հետո արդեն մոռացել է նույնիսկ, թե ինչպես էին խփվում մեր թիմի գնդակները: Թերեւս, միակ գիծը, որը այս խաղերին մեծ հիասթափություն չառաջացրեց, դարպասապահի դիրքն էր, որտեղ Գեւորգ Կասպարովը զերծ մնաց էական սխալներից եւ բավականին մեծ թվով սեյվեր կատարեց:

Պաշտպանության գծում եղած ռեսուրսների պայմաններում Հովսեփյանի միակ գործը կարգապահությունը վերականգնելն էր, որը մարզիչը կատարեց մինչեւ երկրորդ խաղը, եւ արդյունքը երկար սպասել չտվեց. մեր հավաքականը վերջին 18 խաղերում առաջին անգամ գոլ չընդունեց սեփական դարպասը: Վերջին անգամ դա եղել էր Կոպենհագենում՝ չմոռացվող 4:0-ի ժամանակ:
[[gallery2]]
Մյուս գծերում Հովսեփյանի աշխատանքը առանձնապես չերեւաց՝ մի կողմից իրական ու կրեատիվ մտքերի բացակայության, մյուս կողմից էլ՝ սովորույթի ուժով ձեւավորված կազմի փոփոխությունից խուսափելու պատճառով: Չունենալով որեւէ հստակ գծագրված մարտավարություն եւ խաղային ձեռագիր՝ մեր տղաները յուրաքանչյուր դրվագում գնդակն ուղղակի փոխանցում էին Հենրիխ Մխիթարյանին: Թերեւս, միայն Մարկոս Պիցցելլին էր, որ փորձում էր իր նախաձեռնությամբ ինչ-որ ստեղծագործ աշխատանք կատարել:

Այն պայմաններում, երբ Հենրիխ Մխիթարյանը ստիպված է կատարել հենակետային կիսապաշտպանի պարտականությունները, հարձակման կառուցման գործում որպես հիմնական կառուցողներ մնում են Ղազարյանը, Պիցելլին եւ Հովհաննիսյան/Օզբիլիսը: Նրանց դասավորվածությունն ենթադրում էր, որ մեր հավաքականը շեշտը դնելու է ակտիվ եզրային խաղի վրա, բայց եթե մեր ֆուտբոլիստները բավականաչափ պատրաստ չէին այդ դիրքում արդյունավետ խաղ ցույց տալու, միգուցե պետք էր փոխել մարտավարությունը, կամ էլ փոխել ֆուտբոլիստներին: Եթե Հայաստանի հավաքականն այդ պահին չունի նորմալ եզրային խաղացողներ, ուրեմն ավելի լավ է հրաժարվել այս մարտավարությունից: Չէ որ մրցաշարային նշանակություն չունեցող խաղերը առաջին հերթին կարող են փորձարկումների լայն դաշտ դառնալ, որի ժամանակ կարելի է փորձել նոր սխեմաներ, նոր ֆուտբոլիստների: Մինչդեռ Արտյոմ Սիմոնյանին մենք դաշտում տեսանք ընդամենը 10 րոպե:
[[gallery3]]
Սարգիս Հովսեփյանը գոհ է, որ մեր թիմը վերջապես միավոր վաստակեց՝ նույնքան, որքան Շալանդի գլխավորությամբ չորս խաղերում: Սակայն ես, որպես երկրպագու, հիասթափված եմ ոչ թե մեր թիմի գրանցած արդյունքից, այլ նրանից, որ վերջին մեկուկես ամսում այդքան փափագով սպասված Հենրիխ Մխիթարյանին չտեսա մարզադաշտում: Այս մասին շատ է խոսվում, հաճախ դա բացատրվում է նրան վստահված դիրքով, սակայն մարտավարական խնդիրները թողնելով Հովսեփյանին՝ պետք է փաստել, որ նա չկարողացավ ինչպես պետք է օգտագործել մեր թիմի գլխավոր զենքը: Իսկ քանի դեռ մենք չունենք ակումբային մակարդակով փայլող Մխիթարյան նաեւ հավաքականի կազմում, մենք չպետք է ԵՎՐՈ կամ Աշխարհի առաջնություն հասնելու որեւէ հավակնություն ունենանք:

Սերբիայի դեմ խաղին ընդառաջ «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հայտարարել էր, որ նրանք Հայաստանի դեմ խաղով արդեն սկսում են նախապատրաստությունը Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլին: Պրոֆեսիոնալ մոտեցում, որը պետք է որդեգրի Ֆրանսիա մեկնելու շանսերը կորցրած ցանկացած հավաքական: Մեր հավաքականի խաղից մենք նման ոչ մի ենթադրություն անել չենք կարող: Նույն կազմը, նույն զգուշավորությունը, նույն կաղապարված մտքերը, նույն ձգտումը՝ անել ամեն ինչ՝ մեղադրանքներից խուսափելու համար, մինչդեռ դրանք խաղից խաղ կարծես թե չեն պակասում:
[[gallery4]]
Եթե Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հարցում որոշումը դեռեւս կայացված չէ, ապա ավելի լավ է դա անել հիմա, որպեսզի մեր հավաքականի զարգացման ճանապարհն ուղեգծված լինի դեպի Ռուսաստան-2018: Բոլոր ռեսուրսները ուղղվեն դրան, եւ մեկ տարի անց գոնե մենք ունենանք հավաքական, որը լիովին պատրաստ է սկսել նոր ընտրական ցիկլը:

Առայժմ Հովսեփյանը փորձում է իրար գլուխ հավաքել մեր կոտրված գավաթի մանր փշուրները, սակայն վերջին խաղից հետո մեծ է գայթակղությունը, որ նա շտապի նաեւ այդ փշուրները իրար սոսնձել՝ ցուցադրելու բան ունենալու համար: Դա կլինի մեր հավաքականի զարգացման վատագույն սցենարը, քանզի այն ոչ միայն կլինի տձեւ, այլեւ չի ունենա բավարար ամրություն եւ նորից շատ արագ կփշրվի:

Կարեն Ռաֆայելյան