Երեւանում մեկնարկել է Ալբերտ Գրիգորյանի անվան միջազգային մրցաշարը
Խոցասուսեր ու ճկասուսեր ձեւերում պայքարի մեջ են մտել հինգ երկրների ներկայացուցիչներ:
Այսօր ընթանում են ճկասուսերի մրցումները, որին մասնակցում են 28 տղա ու 22 աղջիկ Հայաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իրանից եւ Ռուսաստանից:
Բացման արարողության ժամանակ ներկա են եղել Եվրոպայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Ֆրենտիշեկ Յանդան, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի սուսերամարտի նախագահ Արմեն Գրիգորյանը:
«Շատ ուրախ եմ, որ այս մրցաշարն արդեն ավանդական է դարձել: Այստեղ հավաքվել են երիտասարդ սուսերամարտիկներ, ովքեր ապագայում դառնալու են մրցունակ մարզիկներ»,- բացման ժամանակ ասել է Յանդան:
Գաբրիել Ղազարյանն էլ ողջունել է բոլոր ներկաներին, հաջողություն մաղթել նրանց ու նշել, որ նախարարության ու ֆեդերացիայի համատեղ ջանքերով փորձում են սուսերամարտը զարգացնել մեր երկրում:
«Ալբերտ Գրիգորյանը շատ հայտնի մարզիկ էր, մարդ, որը կարողացավ բարձր մակարդակի հասցնել սուսերամարտն ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ-ի մի շարք երկրներում: Անչափ հաճելի է, որ նրա անունով մրցաշարը դարձել է ավանդական»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը:
Վաղը պայքարի մեջ են մտնելու խոցասուսերակիրները: