ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Բագրատ Սրբազան. Զինվորի կողքին լինելը հայ հոգեւորականի էությունն է

0

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին:


- Սրբազան հայր, նախքան Տավուշի թեմի առաջնորդ լինելը, Ձեր ներկայությունն ու աշխատանքը, հատկապես սահմանապահ համայնքներում եւ զորամասերում, նկատելի է եղել: Հյուսիսարեւելյան դարպասում թեմի առաջնորդ լինելն ի՞նչ փուլ է բացում ձեր հոգեւոր ճամփորդության մեջ:

- Ինչպես նկատեցիք, Տավուշի մարզն ու թեմն ինձ համար նորություն չէր. վերջին երկու տարիներին, ինչ վերադարձել եմ Կանադայից (Բագրատ Սրբազանը 2003-2013 թթ. եղել է Կանադայի թեմի առաջնորդը – խմբ.), տարբեր ձեւաչափերով, մեծ ու փոքր խմբերով այցելել ենք սահմանապահ համայնքներ ու առաջնագիծ: Սահմանապահ համայնքների խնդիրները, կարծես, նորություն չէին ինձ համար:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Տավուշի թեմի առաջնորդությունը ստանձնելը նոր՝ անմիջական ներկայության հրավեր է, որով հստակ պատասխանատվություն ես ստանձնում տեղի ժողովրդի կյանքի հանդեպ: Հիմա հոգեւոր առաջին աստիճանով եմ կրում այդ պատասխանատվությունը:

- Ի՞նչ անելիքներ կան Տավուշի թեմում:

- Իմ նպատակն առաջին հերթին տարբեր սերունդների համար հոգեւոր կյանքի զարգացումն ապահովելն է: Ասում են, որ Տավուշը «հայտնի» է իր մի փոքր «պակաս հավատով». ես կտրականապես չեմ ընդունում նման հայտարարությունը եւ վստահ եմ, որ մարդկանց հավատքին արտահայտվելու հնարավորություն է պետք ընձեռնել, ինչի վկայությունը վերջին տարիների ընթացքում թեմի հաստատման ու հոգեւորականների ավելացման արդյունքում եղած փոփոխությունն է:

Այսօր մենք կոչված ենք ավելի նպատակային ու համակարգված գործել, ավելի ընդգրկուն լինել եւ հասնել յուրաքանչյուրին՝ Աստծո խոսքի տարածման իմաստով:

- Որո՞նք են լինելու Ձեր գործունեության հիմնական թիրախային ուղղությունները:

- Մեր առաջնահերթ ծրագիրն առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում ամեն համայնքում կիրակնօրյա դպրոց հիմնելն է: Տավուշում 62 գյուղ եւ 4 քաղաք ունենք: Պետք է փորձենք յուրաքանչյուր համայնք օժտել իր կիրակնօրյա դպրոցով՝ 70 դպրոցի ցանցով, մեկ համայնք՝ մեկ կիրակնօրյա սկզբունքով: Դրա համար նախ պետք է սկսենք մարդու պատրաստության՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Առաջին փուլում կվերապատրաստվեն 30 ուսուցիչներ տարբեր համայնքներից: Մեր փափագն է, որ յուրաքանչյուր ուսուցիչ զինված լինի հավատքի, սիրո զգացումով, գիտելիքներով եւ ազգային խոր հասկացողությամբ, պատասխանատու լինի ոչ միայն դպրոցի, այլեւ համայնքի համար:

Այսօր արդեն 3 գործող կիրակնօրյա դպրոց ունենք Բերդի տարածաշրջանում: Պետք է դրանց թիվն ավելացնենք՝ կիրակնօրյա դպրոցներում ստեղծելով հոգեւոր-մշակութային արվեստի կենտրոններ, որոնք կօժանդակեն հոգեւոր կրթության զարգացմանը, որտեղ կներգրավվեն 7-8 տարեկանից մինչեւ ավագ դպրոցի եւ ավելի մեծ տարիքային խմբի ներկայացուցիչներ: 

Ծրագրեր շատ ունենք, ինչպես օրինակ՝ Սուրբ Գրքի դասընթացներ, համագործակցություն բարձրագույն եւ միջնակարգ ուսումնական հաստատությունների, սոցիալական կենտրոնների հետ, ճամբարի ստեղծում, հեռուստատեսային քարոզներ, հստակ կազմակերպված ուխտագնացություններ, երգչախմբերի հիմնում, ճեմարանականների հավաքագրում, սրբավայրերի տեղեկատվության հավաքագրում, գրքույկների պատրաստություն, տեղեկատվական-լրատվական բաժին, սոցիալ-տնտեսական ծրագրեր, խոցելի խավի տեղեկության հավաքագրում եւ այլն, բայց կարեւորը մեկնարկն է:

- Գալով կիրակնօրյա դպրոցներին՝ ի՞նչ կտան դրանք մարզի երեխաներին:

- Հավատում եմ, որ դպրոցի, կրթության ճանապարհով մենք մուտք կգործենք ավելի խոր զարգացման փուլ: Կիրակնօրյա դպրոցների առաջնահերթությունը հոգեւոր դաստիարակությունն է, որին զուգահեռ լինելու են արվեստի ու մշակույթի տարբեր ճյուղերի դասարաններ, որոնք, որպես գործիքներ, կնպաստեն հոգեւոր կյանքի եւ ազգային գիտակցության ամրացմանը:

Ծրագրում ենք նաեւ թեմում երիտասարդական շարժումը զարգացնել: Ուզում ենք ստեղծել Հայ Եկեղեցու երիտասարդաց միություն (շրջանային, համայնքային երիտասարդական), որը կգործի կենտրոնական խորհրդի համակարգման ներքո եւ ակտիվ կհամագործակցի հասարակական կազմակերպությունների, հարեւան թեմերի հետ, կզարգանա որպես շարժում եւ կաջակցի տարածքի երիտասարդներին: Դա կնպաստի նաեւ նրան, որ մարզի երիտասարդները  կարողանան որոշակի սոցիալական պատասխանատվություն ստանձնել՝ «հավատքը գործի մեջ» սկզբունքով:

- Կրթությունից բացի, ի՞նչ ոլորտներում թեմը կաջակցի մարզի բնակիչներին:

- Անմիջական աջակցություն ենք տրամադրել սահմանամերձ համայնքներին, որոնք մեր ուշադրության կենտրոնում են: Եւ այդ աջակցությունը լինելու է ոչ միայն հոգեւոր տեսանկյունից, այլեւ սոցիալական ու տնտեսական: Փորձելու ենք ստեղծել համայնքային խորհուրդներ, որոնք կօժանդակեն ՏԻՄ-ին՝ մի շարք խնդիրներում ավելի հեշտ լուծումներ գտնելու համար:
[[gallery1]]
Խնդիրներին ընդհանրական մոտեցումներ ենք ցուցաբերելու: Մեր առջեւ խնդիր ունենք առողջ ընտանիքի, երեխաների պաշտպանության գաղափարի զարգացման: Եկեղեցին պետք է դարձնենք այնպիսի միջավայր, որը կկարողանա լուծումներ առաջարկել յուրաքանչյուր հարցի համար եւ բոլոր առումներով ներգրավված լինի հավատացյալի կյանքում:

- Ի՞նչ առաջնահերթություններ են դրված Ձեր առջեւ:

- Մեր առաջնահերթությունը Աստծուն ներկայացնելն է ու նրա միջոցով ապրելու գիտակցության զարգացումը, ինչը մեզ միշտ հաղթանակների կառաջնորդի: Երկրորդը մեր հոգեւոր, մշակութային, ազգային արժանապատվության գիտակցմամբ ինքնաճանաչողությանը հասնելն է:

Կարճաժամկետ տեսանկյունից՝ առաջինը ծանոթացումն էր սահմանապահ գյուղացու, համայնքների հետ, նրանց կարիքները, պահանջներն ու թելադրանքն իմանալը, կրթական ծրագրերի մեկնարկն ու կյանքի աշխուժացումը:

- Վերջին օրերի արձանագրված սահմանային լարվածության ժամանակ ի՞նչ տեսաք տավուշցու աչքերում: Չնայած հակառակորդի կրակոցների սովորական դարձած բնույթին՝ ինչ-որ բան փոխվե՞ց նրա առօրյայում:

- Հույս: Մենք ավելի շատ հույս ենք ստանում մարդկանցից, քան իրենց ենք փոխանցում: Հպարտ եմ, որ հերոսական ժողովրդին ծառայելու եւ առաջնորդության եմ կոչված: Վերջին օրերին, երբ շրջում էինք սահմանամերձ համայնքներում, որտեղ հակառակորդի կրակոցները ոչ թե արտառոց են, այլ անընդհատ կրկնվող իրականություն, երբեմն՝ ահագնացող ու նվազող, կես կատակ, կես լուրջ, մեր թեմն ու մարզը վերակոչեցինք «Տա հույսի» թեմ. այստեղ այնպիսի միջավայր է, որտեղ հույսը բոլոր առումներով չպետք է պակասի, այլ՝ սավառնելով պետք է տարածվի ամբողջ Հայաստանի տարածքում:

Իսկապես, Տավուշը մեր հայրենիքի դարպասն է: Եթե Տավուշում վերջանում է մեր սահմանը, ապա այնտեղ այն նաեւ սկսում է. այդ դարպասներում մեծ պատվով ու հերոսությամբ ժողովուրդ է ապրում, ապրում է իր առօրյայով ու միաժամանակ զինվորի հետ սահման պաշտպանում: Այդ հրաշալի տեսարանն ավելի է զորացնում ու երբեք խղճահարության զգացում չի լինում: Այնտեղ է երեւում հայ մարդու իրական նկարագիրը:

- Ձեր ակտիվ ներկայությունը զգացվում է նաեւ զինվորների կողքին: Զորամասեր, առաջնագիծ կատարվող այցելությունների մասին կցանկանայի խոսեիք:

- Սահմանապահ զինվորի կողքին լինելը հայ հոգեւորականի էությունն է, նկարագիրը: Մեր հայրենիքի անմիջական պաշտպաններին քաջալերելն ու հոգեւոր գիտակցության բարձրացումը մեր հիմնական նպատակներից են:

Այս առումով մեծ աշխատանք է տարվում ՀՀ ԶՈՒ հոգեւոր ծառայության կողմից: Այսօր մեր թեմի մասշտաբով 5 սպասավոր ունենք, որոնք առաջնագծում ծառայություն են մատուցում: Մեր հոգեւորականների հետ անընդհատ այցելություն ենք ունենում զորամասեր ու առաջնագիծ, ակտիվ համագործակցում ենք հրամկազմի եւ զինվորի հետ, մեր ներկայությունը միշտ հայ զինվորից անբաժան է: Ուզում ենք, որ զինվորների ընտանիքներն իմանան՝ մեր զինվորները լինելու են մեր անմիջական հոգեւոր խնամքի եւ հոգածության ներքո:

- Սրբազան հայր, Տավուշը հայտնի էր իր վանքերով ու վանական համալիրներով, որոնցից շատերն այսօր հասանելի չեն հավատացյալներին, չեն գործում կամ վերանորոգման կարիք ունեն: Այս առումով ի՞նչ քայլեր կձեռնարկվեն Ձեր կողմից:

- Ինչպես նշեցիք, Տավուշի թեմը հարուստ է պատմական վանքերով, որոնց մեծ մասն այսօր վերանորոգման ու վերագործարկման կարիք ունեն: Դրա համար պահանջվում է երկու պայման՝ մարդկային կամք եւ նյութական միջոցներ:

Առաջինը, բնականաբար, առկա է: Մեր խնդիրն է, որ մեր վանքերն ապագայում սոցիալականացվեն ու համայնքում իրենց նկարագրին յուրահատուկ ներդրում ունենան: Եւ մենք փորձելու ենք դա իրականություն դարձնել:

Բուն վանական կյանքը պետք է վերականգնվի Տավուշում, որի համար բոլոր հնարավորությունները, գոնե ֆիզիկական մասով, ունենք: Մեր նպատակն է, որ կյանքի կոչվեն Կիրանց Վանքը, Աղավնավանքը, Մաթոսավանքը, Ջուխտակ վանքերը, Չմշկավանքը, վերանորոգվեն ամբողջական Մակարավանքը, Գոշավանքը եւ այլն: Սրանք պատմական կարեւոր նշանակություն ունեցող կենտրոններ են եղել, որոնք պետք է կյանքի կոչվեն: 

- Ո՞րն է Տավուշի թեմի հետ կապված Ձեր տեսլականը:

- Տեսլականը շատ լայն եւ ընդգրկուն է: Թեմը զարգացնելու բարի ցանկությունն ունենք, իսկ թե իրականությունն ինչ կպարզի մեր առջեւ, միայն Աստված կարող է ասել, ով եւ ուղղում է մեր ճանապարհը: Հետեւաբար, խնդրում եմ բոլորին աղոթել մեզ համար, մեր ժողովրդի համար եւ հաճախ այցելել մեզ՝ Հայաստանի դարպասներ:

Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի