ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Սերժ Սարգսյանը պատրաստվում է հրադադարի խախտումների հարցը բարձրացնել ՀԱՊԿ գագաթնաժողովում

0
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, տեղեկացնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի նախագահին և, հիշատակելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, ինչպես նաև լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն «առանձնահատուկ բնույթ» ունեն։ Նշելով, որ ընթացիկ տարում երկու պետությունների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է, Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել այդ հարցը։


Փոխադարձաբար շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին հանդիպման հրավերի համար՝ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ, իրականում, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած և մշտապես հարստացվում է նոր նախաձեռնություններով:


«Այսօր էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր ստորագրեցինք, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչև 165 դոլարի: Ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, և դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը», - նշել է Հայաստանի նախագահը։


Նա տեղեկացրել է, որ ստորագրվել է համաձայնագիր, որն արդեն ուժի մեջ է մտել, և Հայկական ատոմակայանում սկսվել են արդիականացման աշխատանքները: «Եվ այս համատեքստում, Վլադիմիր Վլադիմիրի, իհարկե, Հայաստանի համար առանցքային է մնում էներգակիրների սակագնի հարցը։ Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում սակագների վրա, և ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք՝ լավ լուծումներ», - հավելել է Սերժ Սարգսյանը։


Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել անձամբ Ռուսաստանի նախագահին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։


«Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ», - նշել է Հայաստանի նախագահը։


Նա նաև «դինամիկ զարգացող» է որակել երկու պետությունների միջև հումանիտար ոլորտի հարաբերությունները՝ նշելով. - «Երևանում վերջերս բացվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը։ Շուտով իր գործունեությունը կսկսի ռուսական գիմնազիան, և բառացիորեն մի քանի շաբաթից մենք Երևանում կանցկացնենք Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը։ Կարծում եմ, որ այդ ամենը ևս կօգնի բարելավել մեր հարաբերությունները, և, իհարկե, ուզում եմ նշել, որ լավ է աշխատում միջկառավարական հանձնաժողովը»։


Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև տարեսկզբին Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության գործին և շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար: