ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Խաղողի մթերումն է մեկնարկել Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում

0
ԱՐՄԱՎԻՐ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Խաղողի մթերումն է մեկնարկել  երկուշաբթի Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում։

ԵԿԳ գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանի խոսքերով` այս տարի գործարանի բոլոր երեք մասնաճյուղերը մտադիր են մթերել 35 հազար տոննա խաղող։ «Արարատյան դաշտավայրում մենք խաղողը մթերելու ենք 150 դրամով մեկ կիլոգրամի համար, իսկ Տավուշի մարզում շաքարի քիչ պարունակության համար` 140 դրամով։ Ուզում եմ նշել, որ Տավուշի մարզի խաղողագործների խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի գնենք նրանց ամբողջ բերքը», – Արմավիրում ասաց նա լրագրողներին։

Առաքելյանն ընդգծեց, որ կազմակերպությունը շարունակում է խաղողագործներին տրամադրել պարարտանյութի տարաժամկետ վճարում` առանց տոկոսադրույքների, այս տարի շուրջ 245 մլն դրամի։

Խոսելով պատրաստի արտադրանքի արտահանման մասին` գործարանի գործադիր տնօրենը նշեց, որ այս տարի առանձնահատուկ փոփոխություններ չեն սպասվում, և հայկական կոնյակի հիմնական ներկրողը առաջվա պես կմնա Ռուսաստանը։ Ռուսաստանը գնում է արտադրանքի մոտ 70 տոկոսը։

«Մենք լուրջ մտահոգված ենք ռուբլու արժեզրկման հարցով, սակայն փորձում ենք պահպանել գները, որպեսզի ապահովենք ամբողջ ծավալի իրացում։ Մեր գերխնդիրն է` առավելագույնս իրացնել արտադրանքը», – նշեց Առաքելյանը, հայտնում է «ԱՌԿԱ»–ն։

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին նշեց, որ ընթացիկ շաբաթում խաղողի մթերման գործընթացը շարունակվում է։

«Այսօր Արմավիրի մարզի կոնյակի գործարանի մասնաճյուղը սկսել է խաղողի մթերման գործընթացը, վաղը այն մեկնարկում է Արարատի մարզում, իսկ արդեն շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր մյուս գնորդ կազմակերպությունները կսկսեն խաղողի ընդունումը», – նշեց նա։

Նախարարի խոսքերով` խաղողի բերքի ծավալներն այս տարի գերազանցել են անցյալ տարվա ծավալները։ Այսպես, եթե անցյալ տարի այն կազմել է 261 հազար տոննա, և գնել են 184 հազար տոննա, ապա այս տարի արտադրված է մոտ 290-295 հազար տոննա խաղող, և նախարարի խոսքերով, ողջ բերքը գյուղացիները կկարողանան իրացնել։ «Մենք թույլ չենք տա, որպեսզի խաղողը մնա դաշտերում», – ընդգծեց նա։

Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերման համար կտրամադրի ավելի քան 5 մլրդ դրամ։ Սեպտեմբերի 8-ին կսկսվի Այգավանի մասնաճյուղի (Արարատի մարզ), իսկ 14-ին` Բերդ քաղաքի մասնաճյուղի (Տավուշի մարզ) մթերման գործընթացը։ Յուրաքանչյուր ֆերմեր գումարը կստանա խաղողի բերքը հանձնելուց 3-4 օրվա ընթացքում։

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է շահագործման հանձնել թորման ցեխի նոր բաժինը, որն արդեն կահավորված է թորման սարքավորումների  երեք հավաքածուով։ Մոտ ժամանակում նրանց քանակը նախատեսվում է հասցնել 8-ի։ Սարքավորումները արտադրված են ֆրանսիական Chalvignac Group կազմակերպության կողմից, որն ունի 100 տարվա փորձ այդ բնագավառում։ Տվյալ նախագծի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1635 մլն դրամ։ Աշխատանքները նոր զտման արտադրամասնում կսկսեն նոյեմբերի 1-ից։

Ներկա պահին նոր սարքավորումները կոչված են ոչ թե փոխարինելու, այլ լրացնելու առկա դիստիլացիոն հզորությունները։ -0-