ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Լուսավոր կյանքի հավատով

0

Առավել խոցելի եւ անապահով ընտանիքների երեխաների համար Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի անցկացրած ամառային ճամբարի մասին Մեդիամաքսն արդեն պատմել է: Իսկ թե ովքեր են այդ երեխաները, ինչպես են ապրում, ինչի մասին են երազում, ներկայացնում ենք հրապարակման երկրորդ հատվածում: 

Դավիթն ու Արթուրը եղբայրներ են: Նրանք Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում հանգստացող 3200 երեխաների նման ապրում են սոցիալական ծանր պայմաններում: Առօրյա կյանքի գորշ գույներից կտրվելու եւ գոնե մեկ շաբաթ առանց մտահոգվելու ապրելու շնորհիվ տղաների դեմքից ժպիտը չի պակասում: Երբեմն մռայլվում են, երբ սկսում են պատմել, թե ինչպես են ապրում, ինչ խնդիրներ ունեն: Այնուամենայնիվ, դժվար կյանքը չի խամրեցնում նրանց լուսավոր երազանքները, ու եղբայրները հավատում են՝ դրանք անպայման կատարվելու են:

Տղաները երկկողմանի ծնողազուրկ են, եւս երկու եղբայր ու երեք քույր ունեն: Ծնողների մահից հետո երեխաների խմանակալությունը ստանձնել են հորեղբայրն ու նրա կինը: Հորեղբոր ընտանիքը եւս ունի սոցիալական խնդիրներ, ինչի պատճառով դժվարություններ է ունենում երեխաների հոգսը հոգալու հարցում:

Դավիթն ու Արթուրը սովորում են 7-րդ եւ 9-րդ դասարաններում: Վորլդ Վիժնի Հովանավորության ծրագրում գրանցված են 2006թ. ապրիլից: Երեխաները Վորլդ Վիժնի կողմից հաճախակի աջակցություն են ստացել՝ կրթությունից դուրս չմնալու համար: Ասում են՝ կազմակերպության շնորհիվ իրենց կյանքը շատ է փոխվել:

Իրենց մասին եղբայրները դժվարությամբ են պատմում: Անծանոթին միանգամից վստահելը հեշտ չէ: Երկար խոսում ենք, բայց Արթուրն ու Դավիթը ժլատություն են անում բառերի հարցում: Սկսում են վստահել միայն այն բանից հետո, երբ պատմում եմ իմ մասին, կիսվում իմ երազանքներով ու կարողանում մի քանի ժպիտ կորզել:

Դավիթ, 14 տարեկան

Իմ կյանքը լավ է անցնում, ուրախ: Լավ ընտանիք ունեմ՝ չորս եղբայր ու երեք քույր ենք: Մեծ եղբայրս բանակից նոր է վերադարձել, մյուս եղբայրս էլ վերջերս է մեկնել ծառայության: Միասին խաղում ենք, օգնում եմ քրոջս: Երեք քույրերիս էլ շատ եմ սիրում: Հիմա մեզ Լուսինեն է հոգ տանում, մյուսներն ամուսնացել են: Լուսինեն ինձ օգնում է դասերս պատրաստել:

Ամենաշատը մամայիս եմ սիրում: Իմ մաման շատ բարի է, սիրուն:
[[gallery1]]
Դպրոցում լավ եմ սովորում: Իմ ամենասիրելի առարկան երգն է: Նաեւ անգլերենն եմ սիրում, լավ եմ սովորում, գեղեցիկ լեզու է: Մեկ էլ գրականությունը:

Երազում եմ երգիչ դառնալ: Ռեփեր եմ դառնալու, երգեր եմ գրում, բայց դեռ ոչ ոքի ցույց չեմ տվել: Փակվում եմ սենյակում ու մենակ երգում: Էմինեմի երգերն եմ սիրում, ուզում եմ իր հետ դուետ երգել: Ուզում եմ հայտնի դառնալ:

Ընկերներիս եմ շատ սիրում: Ընկերները պետք է շատ մոտ լինեն, պաշտպանեն իրար, օգնեն:

Իմ ամենասիրելի խաղը ֆուտբոլն է, շատ ենք խաղում:

Զինվորական գլխարկ եմ կրում, որովհետեւ ուզում եմ զինվոր դառնալ, պաշտպանել հայրենիքս:

Հայրենինքն ինձ համար իմ տունն է, եղբայրներս ու քույրերս:

Մի գաղտնիք ունեմ, կասեմ քեզ (մոտենում է ու ականջիս կամաց պատմում). «Ճամբարի օրերին սիրահարվել եմ, անունը Անի է, շատ սիրուն աղջիկ է: Լավ բան է սիրելը, երբ սիրում եք իրար, պինդ գրկում եք ու համբուրվում: Իմ սիրած մարդու համար ամեն ինչ կանեմ, որ ինքը իմ կողքին իրեն ապահով զգա: Ուզում եմ ամուսնանալ, լավ ընտանիք ունենալ: Զույգ աղջիկ եմ ունենալու»:

Արթուր, 12 տարեկան

Ես ամենափոքրն եմ, օգտվում եմ առիթից, չարաճճիություններ եմ անում: Դպրոցում աշխատում եմ լավ սովորել:
[[gallery2]]
Տանը օգնում եմ հորեղբորս, քրոջս, եղբայրներիս: Անասուններին ենք պահում, դժվար գործերը եղբայրներով ենք անում, չենք թողնում, որ Լուսինեն շատ տանջվի:

Շատ ընկերներ ունեմ, միասին ֆուտբոլ ենք խաղում, տարբեր բաներից խոսում: Ամենամոտ ընկերս Դավոն է, մեր գյուղից է: Ամեն ինչ կիսում եմ իր հետ: Երկուսով նիզակ ենք պատրաստում, կրակում: Ռոբին Հուդին եմ շատ սիրում, լավ է կրակում նիզակով, համ էլ արկածային կյանքը հետաքրքիր է:

Ամենաշատը Ֆիզկուլտուրայի դասերն եմ սիրում: Ֆուտբոլիստ եմ դառնալու՝ Ռոնալդոյի պես: ֆուտբոլիստը պիտի արագ վազի, լավ փոխանցումներ անի ու գոլեր խփի: Միշտ հետեւում եմ Ռոնալդոյի խաղերին: «Ռեալ Մադրիդ»-ի երկրպագու եմ: Մեսիին էլ եմ բայց սիրում, դե լավ ֆուտբոլիստ է: Ուզում եմ «Ռեալ Մադրիդ»-ում խաղալ:

Ես էլ եմ ամուսնանալու ու լավ ընտանիք ունենամ: Սիրած աղջիկ ունեմ, բայց չեմ ասի անունը, գաղտնիք է: Ես էլ զույգ տղա եմ ուզում:
 
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Վորլդ Վիժնի