ru24.pro
Все новости
Апрель
2017

Ֆրանսահայ համայնքը չկարողացավ համոզել նախագահի թեկնածուներին, չկարողացավ նրանց հայերի պահանջները փոխանցել.Արթուր Խանջյան

0

Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հետ «Nouvelles d’Armenie»-ի հարցազրույցները վաղուց էին արվել, այս ընթացքում ոչ մի թեկնածու հայ համայնքի խնդիրներից չի խոսել ․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի քարոզչական թիմում ընդգրկված` Իսե լե Մուլինիոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը:

«Ֆրանսիայի թեկնածուներից և ոչ ոք չցանկացավ հայերին տեսնել, հայերի խնդիրների մասին լսել»,- ասաց նա՝ դրա պատճառը համարելով այն, որ Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ղեկավարները, որոնք, ըստ Արթուր Խանջյանի, իրենց համարում են համայնքի ղեկավարներ, ընտրեցին չեզոք դիրքորոշում՝ նկատելով, որ աջերն են ընտրություններում հաղթելու:

«Ինչը շատ սխալ էր: Չկարողացան թեկնածուների հետ հանդիպել, համաձայնություններ նրանց հետ ունենալ»,- ասաց նա:

Արթուր Խանջյանի խոսքով՝ ինքը` որպես աջական և Ֆրանսուա Ֆիյոնի քարոզչական թիմում ընդգրկված անձ, թեկնածուին փոխանցել է հայ համայնքի պահանջները:

«Ես նշեցի, որ ցանկանում եմ, որ Հայոց ցեղասպանության թանգարան լինի Ֆրանսիայում, հետո բարձրացրել եմ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող գործընթաց սկսելու մասին: Նշել եմ, որ պետք է Հայաստանն ու Ֆրանսիան իրենց տնտեսական կապերն ավելի զարգացնեն, Ֆրանսիան զորակից լինի, որ Հայաստանն օգտվի Ֆրանսիայի ներդրումներից: Անշուշտ չեմ մոռացել Ղարաբաղյան հարցը, որ հայ ժողովուրդը պետք է իրավունք ունենա իր տարածքները տնօրինել: Նաև բարձրացրել եմ Միջին Արևելքի հայերի խնդիրները»,- ասաց նա:

Ֆրանսահայ պետական գործիչը նշեց, որ Ֆրանսուա Ֆիյոնը խոստովանել է, որ ինքը տեղյակ է հայկական խնդիրներից, գիտի, թե հայերն ինչ կարող են անել, թե հայերը շատ խելացի են, հնարամիտ և նրանց չպետք է մոռանալ:

«Պարզապես խնդիր եղավ, որ արշավի ընթացքում Ֆիյոնը շեղվեց իր ծրագրերից: Ինքը զբաղված էր իր շուրջը բարձրացրած աղմուկը լռեցնելով և ժամանակ չուներ հայերի կամ ռուսների կամ այլ խնդիրներով զբաղվելու համար»,- ասաց նա՝ այստեղ տեսնելով նաև հայ համայնքի մեղքի բաժինը:

Արթուր Խանջյանը նկատեց, որ համայնքի ղեկավար համարվողները, իրենց համար շատ ապահով որոշում են կայացրել՝ սպասում են, որ նախագահական ընտրությունների առաջին փուլն անցնի և երբ նախագահի երկու թեկնածուներ լինեն, նրանց ներկայանան:

«Բայց կասեն՝ մինչև հիմա ու՞ր էիք»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ համայնքը քարոզարշավի ընթացքում չկարողացավ իր արժեքները պաշտպանել: Նրա խոսքով՝ հնարավոր չէ, որ թեկնածուներին չհետաքրքրեին հայերի ձայները, քանի որ դրանք բազմաթիվ են:

«Չկարողացանք համոզել թեկնածուներին, հայերի պահանջները չկարողացանք փոխանցել նրանց: Ես Ֆիյոնին փոխանցեցի, բայց վստահ չեմ, որ ձախերի պաշտոնական թեկնածուներին մեր պահանջները փոխանցված են»,- ասաց նա:

Նշենք, որ ընտրություններին ընդառաջ «Nouvelles d’Armenie»»-ին հրապարակել էր Ֆրանսիայի նախագահի որոշ թեկնածուների հետ արված հարցազրույցներ: Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Բենուա Ամոնը նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի խոշորագույն իրադարձություններից մեկն է, տրավմա ամբողջ մարդկության և իհարկե, մասնավորապես, հայկական ծագմամբ ֆրանսիացիների, հետևաբար՝ Ֆրանսիայի համար:

Ամոնը խոստացել էր նաև, որ նախագահ ընտրվելու դեպքում շարունակելու է մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին, որպեսզի այդ ցեղասպանությունը երբեք չմոռացվի: «Ես նաև հույս ունեմ, որ կկարողանամ մի օր այցելել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»,- ասել էր նա:

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Մարին Լը Պենն էլ նույն լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության դեմ առաջին մեծ հանցագործությունն է, իսկ բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարևոր իրադարձություն է եղել երկրի պատմության համար: Նա նաև խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ նշելով, որ նախկին ԽՍՀՄ-ի վարչական սահմանները, իհարկե, շատ արագ են ձևավորվել, և նա կարծում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի համաձայնության, որ Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին:

Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցությունից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնն էլ «Nouvelles d'Arménie»-ին տված հարցազրույցում ասել է, որ «Պետք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցն առաջացել է Ստալինի պատճառով, որը կամայականորեն կտրել է այն Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին 1921-ին։ Հիմա այլընտրանք չկա, պետք է խաղաղ ու կայուն կարգավորում գտնել՝ ՄԱԿ-ի օգնությամբ»:

Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու ապրիլի 23-ին: