ru24.pro
Все новости
Апрель
2017

Վարչապետն առաջարկում է միայն ազատվել տեսանելի աղբից, որը համակարգային լուծում չէ. «Էկոլուր» ՀԿ նախագահ

0

Աղբի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, բայց վարչապետի առաջարկությունը՝ տեսանելի աղբը տեղափոխել այլ աղբավայր՝ ընդամենը լուծման մի փոքրիկ ձև է. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը:

 

«Ի՞նչ է առաջարկվում, ընդամենն ազատվել տեսանելի աղբից, մի տեղից մյուս տեղ աղբ կուտակել, մինչդեռ լճերը, անտառները, գետերն ամբողջությամբ աղբի մեջ են։ Եվ հետո, սա ընդհանուր խնդրի լուծում չէ»,-ասաց նա:  

 

Զարաֆյանը շարունակեց, որ կենցաղային աղբի թափոնների հարցի լուծումը խնդրի լուծման միայն մեկ մասն է: «Այն պետք է անպայման շարունակություն ունենա և մենք դա պետք է տեսնենք կառավարության լուծումների մեջ: Մենք արդեն իսկ աղբի կուտակման խնդիրն ունենք, ավելի շատ կուտակումն արդեն իսկապես լուրջ է, պետք է աղբի տեսակավորում լինի, պետք է աղբի վերամշակման հարցերը լուծվեն։ Երբ այդ հարցերը լուծվեն, մենք այդ ժամանակ կարող ենք ասել, որ խնդիրը համակարգային լուծված է»,-ասաց նա:  

Ինգա Զարաֆյանը հարց է բարձրացնում, թե համայնքների հետ կապված աղբի խնդիրն ինչպես պետք է լուծել, երբ չկան նույնիսկ աղբամաններ և ստիպված են աղբը լցնել գետեր, ձորեր: «Գուցե իսկապես կարող են մարզպետները, համայնքապետերը լուծում առաջարկել»,-ասաց նա:   

Բնապահպանը նշեց, որ պլաստիկ տարաների թափոնների հարցն է առաջնահերթ: «Քանի տարի է ասում ենք, որ հատկապես Գեղարքունիքի մարզի Սևանի ավազանում ընդհանրապես պլաստիկ չօգտագործվի, որովհետև բուսական աշխարհը խեղդվում է, մենք տեսանյութ ունենք դրա վերաբերյալ: Պլաստիկ տարաների գինն ընդհանուր ապրանքի գնի մեջ պետք է մեծանա, տեսական մեխանիզմներ կան, ամբողջ Եվրոպան այդ ճանապարհով է գնում, երբ շշի արժեքը մեծ է և դու կարող ես հանձնել՝ փող ստանալ, որը գնա վերամշակման»,-ասաց նա և նշեց, թե կարող է միայն ասել, որ լավ է, որ այս մեխանիզմը գոնե տեղից շարժվեց:

«Որովհետև քանի տարի է ընդհանրապես այս հարցով շարժ չի եղել, հուսանք այս շարժը կբերի կոմպլեքս լուծումների, ինչն, իհարկե, դրական է շատ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա նշեց, որ չի կարող ասել, թե որքանով է իսկապես դա հարցի լուծում: