ՕՐՕ-ն իր առջև խնդիր է դրել ապրիլի 2-ին միասնաբար ձևավորել նոր պետական համակարգ. Սեյրան Օհանյան
Գյումրիում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպմանը նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե իրենց առջև խնդիր են դրել ապրիլի 2-ին միասնաբար ձևավորել նոր պետական համակարգ:
«Ձևավորել նոր կառավարման տնտեսություն և նոր իշխանություններ, որոնք մեր երկրի ապագան, երկարատև տարիների համար ավելի բարեկեցիկ ու զարգացնող կդարձնեն»,-ասաց նա և նշեց, թե իրենց թիմի առաջնորդները փորձառու և իմաստուն անձնավորություններ են:
Սեյրան Օհանյանը հասկացել է, թե որն է միակ պատճառը, որ այսքան տկար ենք: «Որ պատմության ընթացքում մաքառել ենք, պայքարել ենք, փոքր ենք, եկել եմ այն եզրակացության, որ վտանգի պահին միասնական ենք, հայ ժողովուրդը փոխանցել է այդ գենը՝ երկրորդ աշխարհամարտին՝ զորավարների կամքով, միասնական ենք եղել արցախյան ազատամարտի ժամանակ և միասնական ենք այսօր բանակի հետ միասին, քառօրյա պատերազմով: Բայց միայն մեկ տարբերությամբ, խաղաղ պայմանները լիարժեք չենք օգտագործում ապագա սպառնալիքներին դիմագրավելու համար»,- ասաց նա:
Ըստ Օհանյանի՝ պետք է զօրուգիշեր աշխատեն, և իրենց տնտեսական ծրագրի մեջ էլ նշված է՝ 365 օր:
«Դա նշանակում է, որ 365 օր մենք ձեր կողքին ենք մնալու և գիշեր-ցերեկ պետք է տանջվենք, աշխատենք, որ կարողանանք համերկրացիների համար բարեկեցիկ կյանք ստեղծենք»,-ասաց նա և նշեց, որ պետք է տնտեսությունը ազատականցնեն, քանի որ, ըստ նրա, «տնտեսությունը զինվորի ձեռքին, մարդու ձեռքին միակ զենք է, որ պետք է հաջողություն բերի խաղաղ արարման ժամանակ»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ միջին խավը ՀՀ-ում բացակայում է: «Դրա համար 5 տարի արտոնություններ են տալու՝ ազատելով մինչև 60 մլն դրամ բյուջե ունեցող բիզնեսին, որ կարողան արարեն, բարեկեցիկ կյանք ստեղծեն»,-ասաց նա:
Ըստ նրա՝ գերակա խնդիր է եղել տարածքների համաչափ զարգացումը, բայց տեսնում են արտագաղթ դեպի կենտրոններ: Նախկին նախարարն ասաց, թե մարզերում ու սահմանամերձ բնակավայրերում արտոնություններ պետք է տան, լուծեն ժողովրդագրության խնդիրը՝ պայմաններ ստեղծելով, յուրաքանչյուր երեխայի համար նպաստներ ավելացնելով, ուշադրություն են դարձնելու բնակիչների աշխատավարձերին, իսկ կարևոր արժեքը իրենց համար՝ մարդն է լինելու:
«Գյումրեցին ասում է՝ իսան ուրդից կեղնի, իհարկե գյումրեցի… մենք այս առումով ևս մեկ անգամ ուզում ենք ամրապնդել այս խոսքը՝ գյումրեցու ըմբոստ կեցվածքը, գեներով փոխանցած ստեղծագործական միտքը օգտագործելու ենք իշխանությունը ոչ թե վերադարձնելու, այլ տալու»,- ասաց նա:
