Մենք կարողացել ենք ավելի ցածր գնով և ավելի մեծ ծավալով ներկրումներ իրականացնել. փոխվարչապետ
Հայաստանի նախաձեռնությամբ Իրանի հետ ընթացող բանակցությունները Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագիր պատրաստելու շուրջ ընթանում են շատ ակտիվ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Բանակցություններն ընթանում են շատ ակտիվ: Շուտով մեր երկրի պատվիրակությունը կմեկնի Իրան: Մեծ շատ մեծ հույսեր ենք կապում մոտակա ամիսներին վերջացնել բանակցությունները, քանի որ շատ ենք կարևորում Իրանի հետ հարաբերությունները»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Հարցին՝ շուտով բանակցությունները կավարտվե՞ն և հնարավոր կլինի ստորագրել համաձայնագիրը, փոխվարչապետը պատասխանեց. «Մենք աշխատում ենք այդ հույսով: Բայց ինչպիսին է բանակցությունների ընթացքը, ինչպես կընթանա, խիստ կոնֆիդենցիալ է»:
Իսկ այն հարցին՝ ինչպե՞ս են ընթանում Չինաստանի հետ բանակցությունները ԵԱՏՄ հետ համագործակցելու վերաբերյալ, ապա Վաչե Գաբրիելյանը դրա ընթացքը գնահատեց հավասարաչափ՝ նշելով, թե «Իրանի հետ բանակցությունները շատ ավելի արագ կավարտվեն, քան Չինաստանի հետ»:
Փոխվարչապետը օրերս հայտարարել էր, թե իրենք վերլուծություններ անցկացրին, եկան այն եզրահանգման, որ տնտեսական զարգացումները, որոնք կատարվում էին ՌԴ-ում 2015-2016թթ.-ին, վատ ազդեցություն կունենային Հայաստանի վրա, եթե «մենք չլինեինք ԵԱՏՄ անդամ»:
Այս առնչությամբ Tert.am-ը հետաքրքրվեց՝ թե կոնկրետ ի՞նչ հետևանքներ կունենար Հայաստանը, եթե չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը: Վաչե Գաբրիելյանն ասաց, որ խոսքը Հայաստանից ՌԴ արտահանման մասին է: Նա նշեց, որ եղել է արտահանման որոշակի ծավալ, որը նվազել է, ապա եղել է ուսումնասիրություն, թե ինչպես են դրանք վերականգնվել: «Խոսքը դեպի Ռուսաստան արտահանման ծավալների վերականգնման, առևտրի մեծացման մասին է»,- ասաց Գաբրիելյանը:
ԵԱՏՄ նախարարներից Տատյանա Վալավայան հայտարարել էր, որ Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ կազմել է 70 տոկոս: Այս առնչությամբ հարցրեցինք՝ 70 տոկոսը վերականգնվա՞ծ արտահանման մասին է, թե հավելյալ ծավալների:
«Խոսքը վերականգնման մասին է: Բացի դրանից մենք ունենք ներկրումների մեծացում, որը նշանակում է, որ մենք, եթե նայում ենք ներկրումների մեծացմանը, ավելի մեծ ծավալով կարողացել ենք ավելի ցածր գնով ենք գնել: Չեմ ուզում անդրադառնալ Վալավայայի հայտարարությանը: Մենք մեր կայքում, ինչպես ամեն տարի, հետազոտություն դրել ենք»,- պատասխանեց Վաչե Գաբրիելյանը:
