Թաիրովի բնակիչները ճանապարհի շրջադարձի հարցի լուծման առաջարկներ կներկայացնեն ՃՈ և Երևանի քաղաքապետարան
Փարաքար գյուղի շրջանում գտնվող Թաիրով գյուղի բնակիչները պահանջում են լուծել գյուղի ճանապարհի շրջադարձի հարցը, այդ պատճառով այսօր համագյուղացիները պահանջներ են ներկայացրել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը. «Գյուղացիները միշտ էլ ցանկացել են շրջադարձի հարցը լուծել։ Բազմաթիվ անգամ դիմումներ ենք գրել, վերջին դիմումում մեզ պատասխանել են, որ շրջադարձի հարցը կլուծվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածի շինարարության ընթացքում»:
Հարցին, թե այսօր գյուղացիները փակե՞լ են Երևան-Էջմիածին ճանապարհահատվածը համայնքապետն ասաց, որ ճանապարհը չի էլ փակվել, պարզապես գյուղացիները, նկատի ունենալով, որ ընտրություններ են, հերթական անգամ ներկայացրել են իրենց պահանջը՝ Թաիրով գյուղի հատվածում շրջադարձի հարցը լուծել:
«Մարտի 23-ին համայնքը ժողով կանի, գրավոր առաջարկները կներկայացնի ճանապարհային ոստիկանությանն ու Երևանի քաղաքապետարանին, որից հետո մի քանի օրվա ընթացքում կսպասենք պատասխանի»,-ասաց համայնքապետը։
Նա ասաց, որ համայնքի բնակիչները ցանկանում են բացել ճանապարհի շրջադարձ, որպեսզի թե՛ Թաիրովի, թե՛ հարակից գյուղերի բնակիչները կարողանան անվտանգ շրջադարձ կատարել:
