Իրականության հետ որևէ կապ չունեցող բանի մասին եք խոսում. Ա. Քոթանջյանը` իր մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ, ՀՀԿ անդամ Արայիկ Քոթանջյանը կտրականապես հերքում է, որ նախօրեին Ավանում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի համար աշխատող շտաբների պատասխանատուների համար հրավիրված խնջույքը վերածվել է ծեծկռտուքի:
Tert.am –ի հետ զրույցում Արայիկ Քոթանջյանն ասաց.« Իրականության հետ որևէ կապ չունեցող բանի մասին եք խոսում»:
Հիշեցնենք, որ այսօրվա «Իրատես» -ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Արայիկ Քոթանջյանը ՀՀԿ-ի կողմից Ավանից առաջադրված ռեյտինգային թեկնածու Ռոբերտ Սարգսյանի համար աշխատող երկու շտաբի պետերի ու և 15 պատասխանատուների հետ քեֆ է կազմակերպել, և քննարկումն այնքան բուռն ու թեժ է ստացվել, որ մի երկու բաժակից հետո քեֆը վերածվել է ծեծկռտուքի:
«Իրատեսը» -ը հիշեցնում է, որ Արայիկ Քոթանջյանը նախկինում ևս հայտնվել է նման միջադեպերի մեջ: Մասնավորապես, 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ նրան հենց իր կաբինետում ծեծել էին այն ժամանակվա մրցակցի թիմակիցները:
Նախկինում, Քանաքեռ-Զեյթունի նախկինը թաղապետը պնդում էր, որ իրեն ոչ ոք չի կարող փակել ինչ-որ կաբինետում ու ծեծել, սակայն ընդունում էր, որ փոքրիկ վիճաբանություն է եղել ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական տղաների միջև։ Այսօր էլ Tert.am –ի հետ զրույցում Արայիկ Քոթանջյանը պնդեց` «Որևէ մեկը ինձ չի կարա փակի կաբինետում: Ու հետո «նախկին ասվածը» ո՞րն է, հիմա ինչ` պետք է ծնված օրվանից պարզաբանե՞մ, նախկինում նախկինի պատասխանը տվել եմ ու էդ էլ որևէ կապ չուներ իմ հետ: Էնքանով կապ ուներ, ինչքանով էս օրվա գրածը»:
Հետևաբար, Արայիկ Քոթանյանը համամիտ չէ, որ հայր ու որդի մշտապես ընտրությունների շեմին կամ հըթնացս հայտնվում են քրեական պատմությունների մեջ: «Որը որ հայտնվել ենք, պատասխանը տվել ենք»,-ի պատասխան ասաց Արայիկ Քոթանջյանը. ապա բարկացած ավելացրեց. «անընդհատ չենք հայտնվում, ե՞րբ ենք հայտնվել»:
Հիշեցնենք, որ Արայիկ Քոթանջյանի որդու` Սամվել Քոթանջյանի նկատմամբ դատարանի կողմից նշանակվել էր 1 տարվա պայմանական ազատազրկում ` Երևանի Ուլնեցու փողոցի 72, այնուհետև 74 բնակելի շենքերի բակում ընկերոջ որդու խաղալիքը կոտրելու պատճառով մի խումբ անձանց հետ վիճաբանելու , դիտավորությամբ հասարակական կարգը խախտելու, հարակից շենքերի բնակիչների մոտ տագնապային իրավիճակ ստեղծելու, շուրջ 5 րոպե տևողությամբ բարձրաձայն աղմկելու, սեռական բնույթի հայհոյանքներ տալու և իր կողմից ապօրինի ձեռք բերված « Մակարով» տեսակի ատրճանակից երեք անգամ անհասցե կրակոցներ օդ արձակելու համար:
Հարցին, էլ, թե ինչո՞ւ Արայիկ Քոթանջյանի անունը չկա ոչ ՀՀԿ համամասնական, և ոչ էլ ռեյտինգային ցուցակում, վերջինս ասաց, որ ինքը որևէ ցանկություն չի հայտնել ընդգրկվելու ռեյտինգային ցուցակում:
Արայիկ Քոթանջյանը նաև չի հայտնում, թե որպես Քանաքեռ –Զեյթունի նախկին թաղապետ ում է գերադասում տեսնել ընտրատարածքից որպես ընտրված պատգամավոր:
