ru24.pro
Все новости
Январь
2017

«Քրիստոնեական արժեքները շատ մեծ դեր խաղացին Հրանտ Դինքի կյանքում ու պայքարում». Ռենե Լևոնյան

0

Ստամբուլում շարունակվում են 10 տարի առաջ նահատակված խիզախ մտավորական, «Ակօս» թերթի  խմբագիր Հրանտ Դինքի հիշատակի՝ «10 տարի առանց Հրանտի» խորագրով արարողությունները:

Կիրակի  Ստամբուլի Հայ Առաքելական եկեղեցում տեղի կունենա Հրանտ Դինքի հոգեհանգստյան պատարագ, որից հետո ներկաները կայցելեն նրա գերեզմանին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ ավետարանական եկեղեցիների ավագ հովիվ, վերապատվելի Ռենե Լևոնյանը, ով ևս այս օրերին Ստամբուլում է՝ մասնակցելու Հրանտ Դինքի հիշատակի արարողություններին:

«Ուզեցի իմ հարգանքը դրսևորել Դինքի հիշատակին և այս օրերին լինել հայ համայնքի ու Ռաքել Դինքի կողքին: Ես ճանաչել եմ Հրանտ Դինքին 1980 թվականից, երբ ես ու տիկինս եկել էինք այստեղ՝ Թուլզայում գտնվող Հայ ավետարանական եկեղեցու «Արմեն» ճամբարի զարգացման ծրագրերով և Հրանտ Դինքը ճամբարի տնօրենի օգնականն էր: Սա այն ճամբարն է, որ թուրքական իշխանությունը տարիներ առաջ վերցրել էր՝ «հայ ազգայնականներ» պատրաստելու մեղադրանքով, բայց անցյալ տարի հետ տվեց երկարատև պայքարի արդյուքնում: Հրանտ Դինքը, ինչպես ինքն էր ասում, մեծացել է  Հայ ավետարանական ծոցին մեջ, Ավետարանական եկեղեցու շենքում տեղակայված մանկատանը, և քրիստոնեական արժեքները շատ մեծ դեր խաղացին նրա կյանքում և այն պայքարում, որն ինքը իրականացրեց կյանքի վերջին 10-15 տարիների ընթացքում՝ ազդելով ընդհանուր շարժառիթների վրա»,-ասաց վերապատվելին: