Գյուլնարա Կարապետյան. Նամակ «Ավրորայի» հերոսին
Ամեն աշուն, երբ տեսնում եմ, թե ինչպես է Արգիճին իր վարար ալեխառնությամբ անփութորեն տանում ժայռի բարձունքից թափվող մասրենու դեղնակարմիր տերևները, հասակնում եմ, որ մարդն էլ մասրենու նման է, ծնվում է ապրելու, արարելու համար, սակայն օրերից մի օր բացվում է չարի պիղծ երախը և մեծ ուժգնությամբ կուլ տալիս նրան:
Մարդիկ էլ կան, որ ժայռի նման են, անկոտրում կանգնում են անդունդի եզրին և երբեք իրենց անհաս բարձունքից ներքև չեն գահավիժում:
Մի այդպիսի բարձունքում է գտնվում նաև Ձեր մարդկային տեսակը, հարգելի՛ Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, մի բարձունքում, որի անծայր բարձունքից երբեք սերը, նվիրվածությունը, արդարությունն ու լուսավորությունը չեն գահավիժի ներքև:
Դուք ցավ եք տեսել, սակայն Ձեր ցավը Ձեզ ծնկի չի բերել, այլ ծնունդ է տվել ՎԵՀ ՈՒ ՎՍԵՄԻՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ, չնայած այն այժմ փոքր-ինչ հիվանդ է, ինչպես այն փիսիկը, որ այսօր առավոտ իր լազուր աչքերը հառել էր մեր տան դռանը և թեթև մլավոցով սպասում էր, որ ինչ-որ մեկն արթնանա և իրեն կերակրի: Հատկանշական է, որ Դուք ազատության ու արդարության ձգտել եք հասնել մտքի լուսավորության՝ կրթության միջոցով, որը մարդուն կայունանալու և իր գալիքն ամուր հիմքերի վրա կառուցելու հնարավորություն է տալիս:
Ա՜խ, էլի պապիկիս հիշեցի, այն մարդուն, ով կրթության մեծ ջատագովներից էր, ինչպես և Դուք եք: Նա էլ շատ տանջանք ու ցավ էր տեսել, սակայն կյանքի գլխավոր բանաձևը «ՄԱՐԴ ՄՆԱԼ»-ն է միշտ եղել:
Նույնիսկ մահվան մահճում, երբ վերջին հրաժեշտն էի տալիս նրան, գիտե՞ք, թե ինձ ինչ ասաց. «Օրվադ հացին կարոտ կլինես, բայց ուսումդ կիսատ չթողնես: Կյանքիդ ընկեր խելամիտ ու գրագետ մարդու կընտրես. ինձ տես ու խղճա, 40 տարի ի՞նչ եմ տեսել...»: Վերջին խոսքերն ուղղված էին խեղճ տատիս, ում ժամանակին կողքի գյուղից հարս էր բերել:
Տարիներ են անցել, սակայն նոր եմ հասկանում, որ նա զգում էր վերահաս վտանգը ու երբ կշեռքի նժարին դրվեց ուսմանս հարցը, քչերը աջակից կանգնեցին: Բայց ես հաղթահարել եմ ու հաղթահարում եմ, Ձեր կերպարն էլ ինձ ավելի ոգեշնչեց, և ես հասկացա, որ մեզնից յուրաքանչյուրը լույսի մի կայծ է, որ մենք էլ մեր թեթև ճառագումով անգամ կարող ենք լուսավորություն և անառիկ ապագայի ծիլեր գցել անգամ կյանքի ամենախոր ու մութ անկյուններում գտնվող գոնե մի Էակի կյանքում:
Չէ՞ որ, ով ապրելու կամք ունի ,մաքառելու ձիրք ունի , կյանքի հանդեպ հավատ ունի, նա նաև հաղթության ուժ ունի:
Ցրտաշունչ Մադինայից ամենաջերմ ողջույններս Ձե՛զ, Հարգելի՛ Ս. Ղ. Ֆաթիմա...
Սիրով՝ Գյուլնարա Կարապետյանից....
