Անի Աճառյան. Նամակ Մարգարիտ Բարանկիցեին
Խավարի մեջ ճառագող մի լույս, մթի մեջ ուղղորդող ճրագ, հուսահատ աչքերում բոցավառվող հույս…
Ու՞ր են նայում հույսի վերջին ճիգերն արտահայտող աչքերը` դեպի այն վերջին հնարավորությունը, վերջին լույսը, որ բարությունն ու մարդասիրությունն է:
Հարգելի Մարգարիտ Բարանկիցե, մարդասիրական քայլերը, որոնք Դուք անձնվիրաբար կատարել եք ներկայումս փրկել են հազարավոր սերունդներ: Դուք հենց այդ հույսի վերջին շողերից մեկն եք, որին ուղղված են հրաշքի սպասող աչքերը, և այդ հրաշքն իրականանում է հանձինս Ձեր նման մարդասերների:
Ինքս ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների սերնդի ներկայացուցիչ եմ: Մեծ տատս Մարաշից էր. երեկո էր հանգիստ պատրաստվում էին քնել, երբ թուրք հարևանը թաքուն եկավ և զգուշացրեց լուսաբացին իրենց սպասվող ահասարսուռ ճակատագրի մասին: Ամբողջ ընտանիքը աճապարելով փախուստի դիմեց, հասնելով մինչև Ալեքսանդրիա: Մեծ պապս էլ Բիթլիսից էր: 15 տարեկան էր, երբ բռնի կերպով կտրել էին ընտանիքից, ինչպես ժամանակի շատ տղաների: Ցածրահասակ լինելու պատճառով մանկահասակ է թվացել նա ոճրագործներին և բախտի բերմամբ փախուստի դիմել, խնդրելով Անգլիական նավի անձնակազմին օգնության ձեռք մեկնել և պատսպարել իրեն: Այդպես բարի մարդկանց շնորհիվ նա ևս հայտնվում է Ալեքսանդրիայում, որտեղ հրաշքով հանդիպում է իր ծնողներին, և ընտանիքը միավորվում է: Տարիներ հետո Մեծ տատս և պապս օտար ափերում գտնում են իրար, կազմում ընտանիք: Երեխաներ ունենալուց հետո հայրենի երկրի կարոտը դադար չի տալիս նրանց օտարության մեջ և վերադառնում են` նորանոր հույսերով, գալիքի սպասումներով…
Սա էլ իմ պատմությունն է, որից պարզ է դառնում, որ ես և իմ ամբողջ գերդաստանը գոյություն չէինք ունենա, եթե չլինեին Ձեր նման մարդասերներ, ովքեր հաղթահարելով վախի զգացումը, անձնվիրաբար օգնության ձեռք են մեկնում և ապրեցնում: Ես միակը չեմ. մենք մի ժողովուրդ ենք, խոշտանգված, տանջված, բայց փրկված` Ձեր նման մարդասերների օգնությամբ փրկված:
Բայց ցավն այն է, որ թեև տարիներ են անցել, բայց սպիները դեռ չեն վերանում, դրանք դրոշմվել են մեր ենթագիտակցության մեջ և փոխանցվում են սերնդեսերունդ: Ինքս նկարիչ եմ: Մատիտը ձեռքս վերցնելիս երբևէ չեմ մտածում ինչ եմ անում, ասես ձեռքս բռնած իմ փոխարեն ինչ-որ մեկը միշտ նույն բանն է նկարում` ցեղասպանություն, լռություն և ցավ: Այդ ես չեմ, այլ իմ ենթագիտակցության մեջ նախնիներից ժառանգված հիշողություններն են, որոնք ասես իմ ձեռքի միջոցով տեսանելի են դառնում և հասնում տասնյակ նկարների շարքերի, որոնք նույն վիշտն են արտահայտում, տարբեր դիտակետերից: Հետևաբար կարելի է ասել, որ ոճրագործությունները երբ էլ, որ եղել են ու դեռ շարունակում են լինել, ոչ միայն կյանքեր են խլում, այլև թողնում են խորը սպիներ, որոնք ակամա փոխանցվում են սերնդեսերունդ և երբեք չեն մոռացվում:
Այսպիսով կարելի է հանգել եզրակացության, որ միլիոնավոր կյանքեր փրկվել են Ձեր նման անձնվեր անհատների կողմից, որոնք ապացուցում են, որ հրաշքներ լինում են, որ հույսը չպետք է մարի, որ անելանելի իրավիճակներում հավատքին ապավինելով, պետք է վստահ լինենք` որտեղ կա չարը, այնտեղ կա և բարին…
