ru24.pro
Все новости
Январь
2017

Քնարիկ Եդիգարյան. Նամակ «Ավրորայի» հերոսին

0

«Շինարարության մեջ աղյուսը հիմնական նյութն է, աղյուս պետք է բոլորին»:

Բոլորին պետք եք Դուք, Սայիդա՛ Ղուլամ Ֆաթիմա, քանզի Ձեր հոգին աղյուսներից կառուցված մի դղյակ է: Ո՛չ, դրանք այն աղյուսները չեն, որոնք այդքան տհաճ են Ձեզ, որոնց մեջ քարացել են հազարավոր մարդկանց արյունը, արցունքն ու քրտինքը, դրանք չունեն այն գարշելի գույնը և բույրը: Ձեր հոգին կառուցված է  ութսուն հազար և ավելի ականակիտ ու լուսաճաճանչ աղյուսներից: Դղյակի կառուցապատումը շատ բարդ է ընթանում, Ձեզանում  մի աղյուսը մյուսին միանում է կյանքի գնով կյանքեր փրկելուց հետո միայն, դրանցից յուրաքանչյուրը մի պատմություն է թաքցնում. մահից մազապուրծ եղած մի ճակատագիր, երջանկությունը վերագտած մի ընտանիք, մանկան ուրախ ճիչ, դրանով ապրող ծնողների խանդաղատանք, սեր, բարիք, մարդասիրություն, երջանկություն…ա՜խ, ութսուն հազար բառերն անգամ չեն կարող նկարագրել Ձեր հոգու վեհությունը, Ձեր սրտի ողորմածությունը:

Դուք զարմանալի էակ եք, դժվարանում եմ անվանել Ձեզ պարզապես կին կամ մարդ, որովհետև մարդը չի կարող առանց օժանդակության այդ հրաշագեղ ապարանքը կառուցել: Մի՞թե կինը ունակ է իր ուսերի վրա տանելու այդքան ծանրություն, այդ ծանրությունը վերածելու հրաշքի ու հավատի, ուրիշների հավատից ու փրկությունից աղյուսներ կերտելու և ամեն աղյուսին սիրելու ու փայփայելու սեփական որդու նման: Այդ կախարդական աղյուսներն ունեն սիրտ ու լեզու: Բարեբախտաբար, այսօր նրանց ձայնը լսելի է դարձել աշխարհին և աշխարհն ականատես է լինում մի հրաշալի պարահանդեսի: Պարահանդեսին մասնակից են այդ աղյուսները, գահին բազմած եք Դուք՝ որպես մարդասիրության խորհրդանիշ, գթասրտության թագուհի, իսկ մեղեդին, որ հնչում է պարահանդեսին մաքրում է բոլորի հոգիները, իր մոգական ելեևէջները հասցնում աշխարհի ծայրը, առաքինություն սփռում աշխարհիս երեսին, հավատ ներշնչում, որ կա բարին, որ մարդկային գորովն ու կարեկցանքը չեն վերացել և մարդասիրության օրինակ ծառայում մյուսներիս:

Ձեր  թագավորությունում չկան ծառաներ, չկան ստրուկներ ու մանկլավիկներ: Այստեղ չկան հրամաններ ու պատժամիջոցներ: Այդ պատերի ներսում կա միայն մեկ օրենք՝ լինել ազատ և երջանիկ: Աղյուսներից յուրաքաչյուրը հետևում է այդ օրենքին, որովհետև քաջ գիտակցում է ազատության գինը:  Չէ՞ որ մինչ Ձեր դղյակում հայտնվելը նրանք զուրկ են եղել այդ զգլխիչ զգացողությունից, իսկ ավելի թանկ, քան կորցրած-վերագտածը չկա ոչինչ: Դուք նրանց վերադարձրել եք ամենանվիրականը, որ նրանք ունեն ու տեղ եք տվել Ձեր հսկայական պալատում՝ Ձեր սրտում:

Սայիդա՛ Ղուլամ Ֆաթիմա, հոյակերտ ապարանքը իր գեղեցկությամբ չունի նմանն աշխարհում, այն պետք է տեսնել, զգալ ու հասկանալ հոգով: Դրանով կարելի է անդադար հիանալ, զմայլվել, խորհել դրա մասին, դառնալ դրա մի մասնիկը՝ հասկանալով ինչ զոհողությունների է գնացել դղյակի չքնաղագեղ թագուհին, ամեն օր արթնանալով մի բարի գործ անել, մի փոշեհատիկ ավելացնել այդ բարեգթության դղյակին՝ հավատալով, որ բարին է իշխում աշխարհում:

Երանի Ձեր հոգու մասնիկները սփռվեն աշխարհի ամեն մի անկյունում՝ տարածելով իրենց կախարդական շունչը, վարակեն իրենց ջերմությամբ ու խոնարհությամբ բոլոր նրանց, ում հոգին պատել է ստրկամտությունը, չարակամությունը, եսասիրությունը ու դաժանությունը: Երանի թե այդ դղյակի սյուները շարունակեն վեր խոյանալ դեպի երկինք, ավելացնեն բազմահազար ականակիտ ու գույնզգույն աղյուսներ, որոնք միմյանց վրա կշարվեն ոչ միայն Ձեր այդքան բարի ու քնքուշ ձեռքերով, այլ կմիավորեն աշխարհի բոլոր մարդկանց միմյանց սատարելու, հուսադրելու ու աջակից լինելու համար: Երանի այդ երկնային շինարարության ընթացքում երկնքից ուժ ստանան շարունակելու փրկել կյանքեր, վերամիավորել ընտանքիներ, ծնել ու մեծացնել Մարդկանց, որոնք կշարունակեն Ձեր սուրբ գործը և խաղաղություն կսփռեն աշխարհիս երեսին:

Հարգանքով՝

Ձեր խոնարհ ծառա Քնարիկ