Գոհար Հովաննիսյան. Նամակ Մարգարիտ Բարանկիցեին
Դուք ծանո՞թ եք Կոմիտասին։
Ձեզ գրում եմ լոկ մեկ հարցի պատասխանի սպասումով։ Գուցե հաճախ հենց այդ հարցն եք տվել ինքներդ Ձեզ, երբ փորձել եք քնով խաբել ու սփոփել Ձեր աչքերին , որոնք տեսել են դանթեական իրականությունը։ Դո՛ւք, որ դարձաք մարդկանց համար հուսո փարոս, ջրբաժանը կյանքի ու մահվան։ Դո՛ւք, որ ապրել եք, որ ապրեցնեք, վտանգվել եք, բայց չեք ծնկել, ինչպե՞ս է՝ չեք խելագարվել։
Դուք ծանո՞թ եք Կոմիտասին։
Զարկված ազգի փշրանքներց խելագարված՝
Սոնա յարին կարոտ մնաց։
Դո՛ւք, որ զարկվել ու զրկվել եք, գուցե սիրել ու կորցրել եք, դիակներից ուժ եք առել ու կյանք տվել կիսամեռին, մխիթարել ու փրկվածով մխիթարվել։ Դո՛ւք, որ ատելության մեջ սեր եք բաշխել՝ կարոտ մնալով սիրող մեկին, ինչպե՞ս է , որ չեք գժվել։
Դուք ծանո՞թ եք Կոմիտասին։
Մանկան ողբից խելագարված՝
Կռունկի ձայնին ծարավ մնաց։
Դո՛ւք, որ մարդկաց տառապանքի ձայնն եք լսել, ողբն եք լսել մանկուկների, լացը՝ մայրերի, որ առ Աստված աղոթել են ու անիծել, աղոթել են ու անիծել, զուր աղերսել, որ խնայեն։ Դո՛ւք որ տեսել ու զգացել եք ցավը հոգու ու մարմնի, սակայն երբեք չեք ընկրկել, ինչպե՞ս է՝ չեք խելագարվել։
Եվ ի վերջո, կուզեմ Ձեզ հետ ես աղոթել, Աստծուց խնդրել ու պաղատել և, ինչու չէ, հրամայել .
«Հավատ տո՛ւր` տեսնեմ,
սեր, որ չմոլորվեմ,
հույս տո՛ւր` անդունդի եզրից նոր կամուրջ կապեմ:
Տուն բե՛ր նորից իմ զինվորին, որ չողբամ նրա շիրմին:
Թո՛ղ նա լինի ռամիկ մի հասարակ, բայց ոչ հերոս ու նահատակ:
Թո՛ղ լսվի ճիչը մանուկների որպես նշան մի նոր կյանքի,
Բայց ոչ երբեք՝ մահվան վախի։
Թո՛ղ լինեն միշտ հաղթողներ, բայց ոչ երբեք՝ պատերազմում,
Թո՛ղ մարդիկ միշտ խենթ լինեն, բայց երբեք չխելագարվեն»:
Սիրով՝ Հ.Գ.
