Հայաստանը ստացել է GPU-ների առաջին խմբաքանակը
Eleveight AI ընկերությունը հայտնում է, որ բարձր արտադրողականությամբ AI սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն հասել է Հայաստան։
«Բարձր արտադրողականությամբ հաշվարկային սարքավորումների առաջին խմբաքանակի ժամանումն ավելին է, քան պարզապես մատակարարում. այն մեր տեսլականի իրագործումն է եւ վճռական քայլ՝ ապագայի տեխնոլոգիաների ձեւավորման մեջ Հայաստանի տեղը սահմանելու ճանապարհին»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ այս ենթակառուցվածքը կներգրավի տեղական նորարարներին, կհզորացնի հաշվարկային կարողությունները եւ կխթանի թվային փոխակերպումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում։
«Այս ենթակառուցվածքի մատակարարումը բեկումնային պահ է՝ իրական քայլ Հայաստանը համաշխարհային ԱԲ հաբ դարձնելու մեր տեսլականի իրագործման ճանապարհին: Այն վերահաստատում է պետության հետ մեր համագործակցությունը եւ հարթում է ուղի համաշխարհային մակարդակի հաշվարկների, հետազոտությունների եւ առեւտրային ԱԲ մշակումների համար՝ հենց այստեղ՝ մեր երկրում»,- նել է Eleveight AI ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը։
Eleveight AI-ն Հայաստանի հաջորդ սերնդի ԱԲ տվյալների կենտրոնն ու տեխնոլոգիական հաբն է՝ համալրված առաջադեմ ԱԲ հաշվարկային համակարգերով։ Նախագծված լինելով մեքենայական ուսուցման, խորքային ուսուցման եւ ԱԲ վրա հիմնված նորարարությունների արագացման համար՝ Eleveight AI-ն աջակցում է ստարտափներին, ընկերություններին եւ հետազոտական համայնքներին համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքներով եւ ծառայություններով։
