ru24.pro
Все новости
Февраль
2026

Ալիեւի «անձնական վենդետան» եւ Վարդանյանի «սարսափելի սխալը»

0

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շվեյցարական Le Temps պարբերականում հրապարակված «Une vendetta personnelle» : l’Azerbaïdjan condamne à 20 ans de prison le dirigeant du Haut-Karabakh Ruben Vardanian հոդվածի թարգմանությունը։

Ալեքսանդր Լեւի

Vae victis («Վա՛յ պարտվածներին»)։ Հենվելով անտիկ շրջանից եկող այս ասույթի վրա՝ Բաքվի ռազմական տրիբունալը հայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության վերջին ղեկավարին, դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Այսպիսով, նա համալրեց Ադրբեջանի կողմից գերեվարված անջատողական ղեկավարների երկար ցուցակը. նախկին նախագահներ, նախարարներ եւ բարձրաստիճան զինվորականներ, որոնց մեծ մասը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Բաքվի իշխանություններին մարտահրավեր նետելու համար։

Համաշխարհային էլիտայի շրջանակում

Նրանց մեջ Ռուբեն Վարդանյանը, անշուշտ, ամենահայտնի անձնավորությունն է։ 

Դեռ մի քանի տարի առաջ արտասովոր ճակատագրի տեր այս մարդը պտտվում էր համաշխարհային էլիտայի շրջանակներում՝ շնորհիվ իր «Ավրորա» հիմնադրամի, որն ստեղծվել էր ի հիշատակ Հայոց ցեղասպանության եւ նույնանուն հեղինակավոր մրցանակն էր շնորհում ականավոր գործիչներին՝ մարդասիրական գործունեության համար։ Նրան կարելի էր տեսնել Նյու Յորքում, Երեւանում եւ Լոնդոնում՝ Էլի Վիզելի, Շիրին Էբադիի, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնի եւ ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի կողքին, ովքեր նրա ընտրող հանձնախմբի անդամներն էին։

Երբ մի քանի տարի առաջ հանդիպել էի նրան Երեւանում եւ Ստեփանակերտում՝ կարճ կյանք ունեցած «Արցախի Հանրապետության» (այդպես են հայերն անվանում Լեռնային Ղարաբաղը) մայրաքաղաքում, Ռուբեն Վարդանյանը գրեթե ներողություն էր խնդրում ցուցաբերված շքեղ ընդունելության համար.

«Գիտեք, երբ կարիքի մեջ ես ապրել եւ զգում ես, որ ողջ ես, առատության ձգտում է առաջանում»,- ասում էր նա՝ նկատի ունենալով հայ ժողովրդի անցյալի տառապանքները։ Այդ պահին նրա կարողությունը գնահատվում էր գրեթե 1,2 միլիարդ դոլար։

Ռուբեն Վարդանյանն անձամբ, իհարկե, չէր ապրել այդ ամենը։ Ծնված լինելով 1968 թվականին Երեւանում՝ այն ժամանակվա Հայկական ԽՍՀ մայրաքաղաքում, նա 17 տարեկանից բնակվում էր Մոսկվայում, որտեղ փայլուն ավարտել էր տնտեսագիտական ֆակուլտետը։ Նախքան 1991 թվականին դիպլոմ ստանալը, նա արդեն հիմնադրել էր «Տրոյկա Դիալոգը»՝ ռուսական առաջին ներդրումային հիմնադրամը։ Նա Ռուսաստանում առաջիններից էր, ով լիցենզիա էր ստացել ֆոնդային շուկայում աշխատելու համար եւ մինչ օրս համարվում է այդ ոլորտի ռահվիրան։

«Նա հսկայական ավանդ է ներդրել Ռուսաստանում եւ նույնիսկ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում շուկայական տնտեսության կայացման գործում։ Նա հարյուրավոր միլիարդների ներդրումներ է ներգրավել եւ դրել ֆոնդային շուկայի հիմքերը»,- ասում է իշխող կուսակցության ազդեցիկ պատգամավոր եւ պետական հեռուստատեսության քաղաքական թոք-շոուի հաղորդավար Եվգենի Պոպովը։ Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը «սարսափելի սխալ» գործեց՝ հրաժարվելով ռուսական քաղաքացիությունից։ «Հակառակ դեպքում մենք այսօր կարող էինք նրան օգնել»,- հավելում է Պոպովը։

Արցախի բանտարկյալների ճակատագիրը

Հենց Մոսկվայում է նրա ճակատագիրը, ըստ ամենայնի, ամենամեծ արձագանք հարուցում։ Նույնիսկ Երեւանը Հարավային Կովկասում այսօր ծավալվող բարդ հավասարման մեջ զերծ է մնում մեկնաբանություններից, որոնք կարող են բարդացնել ամերիկյան վարչակազմի կողմից նախաձեռնված հարեւան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։


Փետրվարի 9-ից 11-ը ԱՄՆ փոխնախագահն այցելել էր Երեւան եւ Բաքու՝ «դրամայնացնելու» այդ միջնորդությունը, ինչը Սպիտակ տան ներկայիս տիրոջ լեզվով նշանակում է շահավետ առեւտրային եւ պաշտպանական գործարքների ստորագրում երկու կողմերի հետ։ Նրանց ճակատագիրը, ում Հայաստանում անվանում են «Արցախի բանտարկյալներ», չի շոշափվել կամ շոշափվել է միայն հպանցիկ։ Իլհամ Ալիեւը, ով հոր մահից ի վեր երկաթյա ձեռքով կառավարում է Ադրբեջանը, մնաց անդրդվելի՝ նրանց կարգավիճակը համեմատելով Նյուրնբերգյան դատավարության դատապարտյալների վիճակի հետ։

«Դա իսկական անձնական վենդետա է։ Բաքվի տերը չհանդուրժեց այն, որ Ռուբեն Վարդանյանը բազմիցս անձնական մարտահրավեր էր նետել իրեն, այդ թվում՝ իր բանտախցից», - պարզաբանում է ֆրանսիացի փորձագետ Տիգրան Եկաւեանը։ Հայաստանում Ռուբեն Վարդանյանը նույնպես դժբախտաբար հակադրվել էր բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Նման բաներն այնտեղ չեն ներում, թեեւ շարքային հայերը համերաշխ են բանտարկյալների ճակատագրի հարցում», - շարունակում է փորձագետը։

Ռուբեն Վարդանյանը կապեր ուներ Վաշինգտոնում, բայց առաջին հերթին՝ Մոսկվայում, որտեղ նա դասվում էր ռուսական մայրաքաղաքի ամենանշանավոր «օլիգարխ-բարերարների» շարքին։ «Նա խիզախ եւ պարկեշտ մարդ է։ Նա կհաղթահարի նաեւ այս փորձությունը։ Սա վերջը չէ», - ասել է մեկ այլ ազդեցիկ մեկնաբան՝ քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Չնայած Կրեմլի լռությանը եւ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի մեկուսացմանը կովկասյան գործերից, ոմանց կարծիքով, Մոսկվան կարող է դերակատարում ունենալ նրա ազատ արձակման հնարավոր բանակցություններում։ «Դժվար է հավատալ, որ Ռուբեն Վարդանյանը հաջորդ քսան տարին կանցկացնի անազատության մեջ։ Հաշվի առնելով նրա վաղեմի ընկերական կապերը ռուսական իզթեբլիշմենթի հետ՝ Մոսկվան կարող է անսպասելի խաղացող դառնալ նրա ազատ արձակման գործում», - կարծում է մեկ այլ պաշտոնական քաղաքագետ՝ Իլյա Գրաշչենկոն։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: