ru24.pro
Все новости
Февраль
2026
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Սերգեյ Սմբատյան․ «Գտել եմ իմ երջանկության քիմիան»

0

«Rearrange» փոդքասթի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Մեդիամաքսը ներկայացնելու է Նարեկ Ամիրխանյանի եւ նրա հյուրերի զրույցների տեքստային տարբերակը՝ առանձնացնելով առավել հետաքրքրիր դրվագները:

«Rearrange»-ում Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանը խոսել է նվագախմբի հոբելյանական տարվա, տաղանդ-աշխատասիրություն բալանսի եւ երաժշտությանը հավատալու մասին։



«Նկատում եմ, որ մարդիկ ոգեւորվում են Սիմֆոնիկ նվագախմբի հաջողություններից»

Արդեն սկսվել է Սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 20-ամյակի տարին։ Առաջին համերգը հունվարի 25-ին էր։ Մեծ համերգ ենք նախատեսում ապրիլին։ Կարծում եմ՝ Սիմֆոնիկն այս տարիների ընթացքում ինչ-որ բաներ կարողացավ փոխել աշխարհայացքում, փոխանցել՝ ինչ կարող է անել երաժշտությունը։ Մեր հոբելյանական համերգը լինելու է այս ամենի նուրբ, բայց հստակ կետ, թե ինչ կարող է իրեն «թույլ տալ» նվագախումբը։ Հայաստան ենք հրավիրել մեծ մենակատար՝ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգին։ Նա փոխում է մարդկանց աշխարհընկալումը երաժշտության մասին, եւ այստեղ մեր քիմիաները համընկան։ Մեծ ձեռքբերում է, որ նա ընդունեց մեր հրավերը։  

Մենք փորձում ենք շատ մատչելի, բայց իմաստուն օրակարգ առաջարկել մեր հասարակությանը, որ սիմֆոնիկը պոպուլյար է, բայց նաեւ գաղափարախոսություն, որ մենք դուրս ենք գալիս ստանդարտից։ Աշխարհը զարգանում է, մարդկանց զգալու, ապրելու արագությունը փոխվել է եւ Սիմֆոնիկն այն կոլեկտիվն է, որը փորձում է համակշռել այս բեւեռները։ Նկատում եմ, որ մարդիկ ոգեւորվում են մեր նվագախմբի հաջողություններից, իսկ դա արդեն շատ ավելի մեծ արժեք է, քան ուղղակի խոսել մեր լավ կամ շատ լավ համերգի մասին։ 

Նվագախումբը կատարյալ գործիք է

Նվագախումբը երաժշտական մշակույթի մեջ կատարյալ գործիք է։ Դրանում դուք կարող եք գտնել աշխարհում եղած բոլոր գույները։ Մենք ունենք տարբեր համերգներ, օրինակ՝ Սիմֆոնիկ Մանսուրյան, ռոք կամ Սիմֆոնիկ Ջեքսոն։ Ինքս հիանում եմ Ջեքսոնի տաղանդով։ Աշխարհում կան շատ լավ դասական կոմպոզիտորներ, որոնք Մայքլ Ջեքսոնից մի միավոր ավելի անգամ չեն կարողացել ինչ-որ բան փոխել աշխարհում, բայց նա փոփ-արտիստ է։ Այնպես որ, չենք արժեզրկում այլ արվեստների իմաստը, այլ փորձում ենք, օրինակ, մարդկանց, որոնց գիտեն Ջեքսոնին տալ այլ մատուցում։ Այդ մարդիկ սկսում են հետեւել արդեն նաեւ նվագախմբին։ 

Մենք ունենք նաեւ կրթական ծրագիր՝ «ԴասԱ», որով գնում ենք հանրակրթական դպրոցներ եւ պատմում, որ երաժշտությունը շատ հետաքրքիր է։ Կարող եմ ասել, որ այն ունի հստակ հաջողության միավոր։ Ծրագրի մասնակից ավելի քան 16 հազար երեխա պարբերաբար ցանկանում է գալ դասական համերգների։ Կան կոմպոզիտորներ, որոնք պետք են մարդուն։ Երեխաների հետ զրույցներում մենք չենք ասում՝ դասականը լավ է, փորձում ենք ցույց տալ, որ արվեստն անցյալ չէ, ապագա է։ 
Իմ երազանքն ու տեսլականն է ունենալ երեխաներ, որոնց համար տարեկան 2-3 անգամ դասական համերգի գնալը կլինի անհրաժեշտություն։ 

«Ենթագիտակցական ու գիտակցական արժեքները ձեւավորվում են նրանից, ինչը մեզ մոտ ենք թողնում»

Հասկանալը, թե ինչ երաժշտություն է ձեզ պետք, ազդում է կյանքի որակի վրա։ Առհասարակ երաժշտությունը ժամանց չէ։ Կան կոմպոզիտորներ, սիմֆոնիաներ, որոնք հասկանալու համար պետք է շատ էներգիա ծախսեք։ Եթե վերբալ կոմունիկացիայով ես ձեզ կարող եմ պատմել՝ ինչ եմ զգում, երաժշտության մեջ պետք է պատրաստ լինեք ինքնուրույն զգալ՝ ինչ է գրել Մալերն 9-րդ սիմֆոնիայում։ Այստեղ մեծ դեր ունի նաեւ կատարողը, որովհետեւ, օրինակ, ձեր եւ Վան Գոգի կտավի միջեւ միջնորդ պետք չէ։ 

Երաժշտությունն էմոցիան է, որը ձեզ հետ է։ Ինչը դուք լսում եք, այդպես էլ մտածում եք։ Սա մեր ուղեղի «սնունդն է»․ ոչ հիգիենիկ պայմաններում պատրաստված սնունդ չեք օգտագործի չէ՞։ Մեր ենթագիտակցական ու գիտակցական արժեքները ձեւավորվում են նրանից, ինչը մեզ մոտ ենք թողնում։ Եթե հավատում եք Շոստակովիչին, Խաչատրյանին, Բաբաջանյանին, հավատում եք այն մեծ արժեքներին, որոնք ձեզ ավելի լավն են դարձնում։ Օրինակ՝ ես չեմ ուզում ապրել առանց Ռախմանինովի 2-րդ սիմֆոնիայի։

Բախը սկիզբն է

Շոստակովիչը փոխել է աշխարհը, իսկ Բախը սկիզբն է։ Նա ծնվել է 1685 թվականին եւ սա դասական ալգորիթմի սկզբնակետն է։ Գրականության, ճարտարապետության համեմատ դասական երաժշտությունը շատ նոր է։ Չորս դար, ոչ ավելի։ Այն ժամանակ մարդիկ լսում էին Բախի բոլոր ստեղծագործությունները, որոնք նա գրում էր եկեղեցու պատվերով։ Առհասարակ Բախը հասարակական կյանքի շատ ակտիվ մասնակից էր։ Նա ուղղակի կոմպոզիտոր չէ, դժվար է գտնել համապատասխան բնորոշումը։ Ես հավատում եմ Բախին եւ վերջ։ Նա փոխեց աշխարհը։։ 

Տաղանդների ու պատասխանատվության մասին

Պատասխանատվությունը կյանքում շատ հետաքրքիր քիմիա է։ Այն զգալն իրականում մեծ բեռ է։ Պատասխանատվության վերջում դուք ունեք հստակ գիտակցություն, որ պետք է մի բան անել։ Անել այն, ինչին հավատում եք։ 

Ես երբեք նույնիսկ կարծիք չեմ հայտնում ինչ-որ բանի մասին, որին չեմ հավատում, որովհետեւ սա պատասխանատվություն է։ Եթե սկսում եմ պրոցես, որը գալիս է պատասխանատվությունից եւ ունենում եմ հաջողություն, այն ինձ վերամոտիվացնում է։ Ես ակտիվ դիրիժոր եմ, ունեմ համերգներ Հայաստանից դուրս մեր նվագախմբով։ Ունեմ նաեւ հյուրախաղեր այլ նվագախմբերի հետ, բայց մի պահ որոշեցի, որ պետք է «ծանրաբեռնեմ» իմ շուրջ եղած պրոցեսները։ Ստեղծեցինք «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամը, որը զբաղվում է տաղանդավոր երեխաների համար հստակ ճանապարհային քարտեզ գծելով։ Այստեղ ընտրվում են տաղանդավոր երեխաներ, կազմակերպվում են ունկնդրումներ եւ ես հետեւում եմ նրանց զարգացմանը։ Հայաստանում տաղանդի գործակիցը շատ բարձր է, բայց ստեղծված չեն կրթական եւ ընդհանուր միկրոկլիմայի պայմաններ, որ այդ մարդիկ ծաղկեն։ 

Մենք հիանում ենք 10-12 տարեկան երեխաներով, որոնք նվագում են դաշնամուր, ջութակ, թավջութակ, եւ այդ հիացմունքից հետո չենք տալիս նրանց առաջարկ՝ ի՞նչ անել։ Իմ պատասխանատվությունն է երեխաներին ցույց տալ ճանապարհային քարտեզ, դասախոսներ եւ իքս տարի անց հետեւյալ արդյունքը։ «Մեծ հաջողությունը» շատ տարածական բան է, այն չունի հստակ միավոր եւ սա բերում է աբստրակտ ապատիայի, որը կա մեր հասարակությունում։ Այս պահին ունենք 30 տաղանդավոր երեխա, որոնցով զբաղվում է հիմնադրամը։ Այս թիվը ցանկանում ենք հասցնել 50-ի։ Նրանք պետք է լինեն մեր ապագան դասական երաժշտության կատարողական արվեստում։ 

Տաղա՞նդ, թե՞ աշխատասիրություն

Բալանս։ Միանշանակ։ Մենք բոլորս բալանսի մասին ենք, աշխարհը գրավիտացիոն բալանսի մասին է։ Տաղանդն իրականում մեծ բեռ է կյանքում։ Աշխարհը հիշում է ստեղծողներին․ իսկ կատարո՞ղներին՝ սա մեծ հարց է։ Իմ կարծիքով այդ ստեղծողները մեծագույն հաճույք չեն ստացել իրենց տաղանդից, սա մեծ պատասխանատվություն է։ 

Երբ սովորում էի Հայաստանից դուրս, ջութակահար էի եւ ունեի հաջողություններ, բայց շատ էի սիրում պարապել։ Ունեի երկու դասարանցի, որոնց ջութակ նվագելու ժամանակ պարզապես հիանում էի՝ ինչպե՞ս է հնարավոր այդքան քիչ պարապել ու այդքան լավ նվագել։ Ավարտելուց 8-10 տարի անց նրանք այլեւս չէին զբաղվում երաժշտությամբ։ 

Այնպես որ՝ բալանս․ տաղանդ, աշխատասիրություն, այսօրվա պայմաններում կոմունիկացիա, նաեւ՝ հաջողություն։ 

«Ես գտել եմ իմ երջանկության քիմիան»

Մենք շատ բարդ հասարակություն ենք։ Չենք սիրում նոր տաղանդների եւ միշտ լավ ենք խոսում անցյալի, անցած տաղանդների մասին։ 

Այսօրվանների մասին շատ չենք խոսում, որովհետեւ այդպես ամեն մեկի մոտ ենթագիտակցաբար ինչ-որ մի կոմպլեքս է առաջ գալիս։ Հայաստանում, երբ լավ բան եմ խոսում երրորդ մարդու մասին, զրուցակցիս մոտ հիմնականում մի տեսակ դիսկոմֆորտ է առաջանում։ Ինքը չի պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է լավը խոսեմ երրորդ մարդու մասին։ Պետք է հաղթահարենք սա։ Ես գտնում եմ իմ բանաձեւը, ամեն դեպքում՝ գտնելու ճանապարհին եմ։ Այդպես շատ ավելի քիչ ժամանակ եք ծախսում ոչ արժեքավոր խնդիրներին վրա։ 

Ինչպես ասացի, Հայաստանում տաղանդի գործակիցը շատ բարձր է։ Տաղանդավոր մարդիկ շատ են, եւ նույնիսկ նեգատիվ խոսող մարդիկ շատ տաղանդավոր են դա անում։ Օրինակ ՝ ես վաղուց եմ Ֆեյսբուքում,  բայց երբեք մեկնաբանություն չեմ գրել։ Ոչ թե գրել չգիտեմ կամ չունեմ կարծիք, այլ չեմ պատկերացնում, որ որեւէ մեկին պետք է կարեւոր լինի իմ քոմենթն ինչ-որ մի բանի մասին։ Ես հետաքրքիր չեմ ինչ-որ մեկնաբանություն գրելու համար, իմ գործն ուրիշ է։ Ընդհանրապես կարծում եմ՝ մենք այն ենք, ինչը մարդիկ զգում են, մեր էներգիան։ Կարող ենք տալ սպիտակ էներգիա կամ բացասական՝ սեւ։ Այսօր ես գտել եմ իմ երջանկության քիմիան․ անում եմ այն, ինչին հավատում եմ։