Հոկտեմբերի 25-26-ի արշավները. Վերելք Աչքասար, քայլարշավ Մարգավետի լեռներով
Մեդիամաքսն առանձնացրել է հոկտեմբերի 25-26-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Հոկտեմբերի 25 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Դրախտիկից Խամշի վանք / Արեգունու լեռներ
Շաբաթ օրն ակումբը հրավիրում է մասնակցել աշնանային վառ գույներով արշավի Դրախտիկից դեպի Խամշի վանք։ Արշավը սկսելու եք Դրախտիկ գյուղից եւ անցնելով Արեգունու լեռները`ավարտելու եք Գետիկի հովտում։
Արեգունու լեռների հյուսիսային լանջերն անտառապատ են, եւ արշավը հատկապես գեղեցիկ է տարվա այս եղանակին։ Անտառային արահետը ձեզ կհասցնի Ճապկուտ լքված գյուղատեղի։ Այստեղից կշարունակեք ճանապարհը դեպի միջնադարյան Խամշի վանք, որը Հայոց Աղվանից կաթողիկոսության կենտրոնն էր։ Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ԱՐԻ Խոխա. 3-6 տ. խոխա արշավ Մաթոսավանք
Հոկտեմբերի 25-ին ակումբը 3-6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ գնում է վայելելու Տավուշի ոսկեզօծ աշունը: Արշավական երթուղին սկսվելու է Դիլիջան քաղաքից, որտեղից կհասնեք միջնադարյան Մաթոսավանք:
Այստեղից նոր արահետով նախատեսված է վերադարձ Դիլիջան: Երթուղու երկարությունը 5 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Հոկտեմբերի 26 (կիրակի)
Հատիս Տուր. Արշավ Պարզ լճից Գոշ
Հոկտեմբերի 26-ին Հատիս Տուրն ուղեւորվում է Տավուշի մարզ։ Հասնելով Պարզ լիճ՝ կունենաք հանգիստ եւ ժամանակ՝ հիանալու լճի գեղեցկությամբ: Այնուհետեւ լճից կսկսվի քայլքը: Անտառապատ լանջերով կհասնեք մի գեղեցիկ բացատ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Հանգստից հետո կշարունակեք երթուղին դեպի Գոշավանք (12-րդ դար) եւ Գոշի լիճ, որն այս եղանակին առանձնահատուկ գեղեցիկ է:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Մարգավետի լեռներով
Կիրակի օրն ակումբը մեկնում է Լոռի-Տավուշ մարզերի հատման վայր՝ քայլելու Մարգավետի լեռներով: Սա լինելու է աշնանային թերապեւտիկ, սիրուն արշավներից:
Բլդանի ձորով անցնելով՝ քայլքն ավարտելու եք անտառում ծվարած 12-րդ դարի Ջուխտակ վանքի մոտ: Երթուղու երկարությունը 16 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
ArmLand արշավական ակումբ. Վերելք Արա լեռ
Հոկտեմբերի 26-ին ակումբն ուղեւորվում է Կոտայքի մարզ՝ քայլելու դեպի Արա լեռան (2605 մ) գագաթ: Ըստ ավանդազրույցի՝ այն կոչվել է հայոց արքա Արա Գեղեցիկի անունով։
Արշավը սկսվելու է լեռան լանջի բնական քարանձավի մեջ գտնվող մատուռից` Ծաղկեվանքից, իսկ վերադարձը լինելու է լեռան արեւելյան կողմով: Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ:
Մանրամասները՝ հղումով:
«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Աչքասար լեռ + 4 գագաթ
Կիրակի օրը ակումբը բարձրանալու է Շիրակ-Լոռի սահմանագլխին գտնվող Աչքասար լեռը (3196 մ)։ Արշավի սկզբում Սարագյուղից բեռնատարով կշարժվեք Ճապկան լեռան ստորոտ, որտեղից էլ կսկսեք քայլքը: Մինչեւ Աչքասար լեռան գագաթ հասնելը կբարձրանաք Փոքր Ճապկան (2853 մ), Ճապկան (2956 մ), Անդրանիկ (3135 մ), Հովասար (3077 մ) լեռները, ապա Ջավախքի լեռների ամենաբարձր (ՀՀ տարածքում) գագաթ Աչքասարը, որը նաեւ Լոռվա մարզի ամենաբարձր գագաթն է։ Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 850 մ։
Մանրամասները՝ հղումով:
North Peak լեռնային ակումբ. Զոհասար + 3 գագաթ
Կիրակի օրը North Peak լեռնային ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Արագած լեռնազանգվածի 4 գագաթներ․ Զոհասար (3063 մ), Արքայից (3121 մ), Իշխանանց (3099 մ) եւ Կլորկոնդ (3082 մ): Վերելքը սկսելու եք Փոքր Մանթաշ գյուղից, որտեղից բեռնատարով բարձրանալով Մանթաշի ջրամբար, կսկսեք քայլքը: Վերելքն ավարտվելու է Շիրակի մարզի Զովասար գյուղում։
Երթուղու երկարությունը մոտ 26 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ: Մասնակցության համար պարտադիր է ունենալ լեռնային վերելքների փորձ, լավ ֆիզիկական մարզավիճակ, ինչպես նաեւ՝ համապատասխան գույք եւ հանդերձանք:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը