ru24.pro
Все новости
Январь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Բանակից ազատելուց հետո տարել էին Ղարաբաղ ու սպանել․ նոր վճիռ

0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը մեղավոր է ճանաչվել նախկին զինծառայող Հայկ Մովսիսյանի կյանքի իրավունքը չպաշտպանելու և նրա մահը արդյունավետ քննության չենթարկելու համար։

19-ամյա Հայկ Մովսիսյանը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ Շուշիի բանտում։ Հրազդանցի զորակոչիկին 2011-ի ամռանը տարել էին բանակ՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի զորամաս։ Զորակոչվելուց կարճ ժամանակ անց նա ինքնասպանության փորձ էր արել, տեղափոխվել էր հոգեբուժարան և ազատվել զինծառայությունից։ Չնայած Մովսիսյանին ոչ պիտանի էին ճանաչել, ամիսներ անց նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և դատապարտել երեք տարվա ազատազրկման՝ զինծառայությունից ազատվելու նպատակով ինքնախեղման մեղադրանքով։ Տղային բռնել էին Հայաստանում, դատում էին Հայաստանում, բայց պատիժը կրելու նպատակով տարել էին Լեռնային Ղարաբաղ՝ Շուշիի բանտ։ Ազատազրկումից մի քանի օր անց, պաշտոնական վարկածի համաձայն, բանտի աշխատողները հայտնաբերել էին նրա մարմինը սավանից կախված վիճակում։ Ու թեև ծնողները պնդում էին, որ Հայկին սպանել են, նրա մահը քննվել է միայն ինքնասպանության վարկածով։

«Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրադատարանը եզրակացրել է, որ
— Հայաստանը խախտել է Կոնվենցիայի երկրորդ հոդվածը՝ կյանքի իրավունք․ պատկան մարմինները «չեն կարողացել համոզիչ բացատրություն տալ պետության անմիջական հսկողության ներքո գտնվող մեկուսարակում Մովսիսյանի մահվան փաստին, հաշվի չեն առնվել նրա խոցելիությունը՝ պայմանավորված հոգեկան առողջության խնդիրներով, և նախկինում իրականացրած ինքնասպանության փորձը»։

— Հայաստանը խախտել է նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածը՝ Արդյունավետ պաշտպանության իրավունք. Մովսիսյանի մահվան հանգամանքների հետաքննությունը եղել է անբավարար և ոչ համարժեք։ Անհրաժեշտ ջանքեր չի ցուցադրվել մահվան իրական հանգամանքները պարզելու, համակարգային կամ անհատական ​​պատասխանատվություն բացահայտելու համար: Դիմումատուն (հայկի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը) զրկվել է նաև «պետության գործողությունները կամ անգործությունը վիճարկելու արդյունավետ միջոցից», ընթացակարգային խոչընդոտները [օրինակ՝ որ մահացածի մորը երկար ժամանակ տուժողի իրավահաջորդ չէին ճանաչում] թույլ չեն տվել նրան ամբողջովին ծանոթանալ գործի նյութերին և մասնակցել քննությանը։

ՄԻԵԴ վճռով Հայաստանը պարտավորվել է Հեղինե Պետրոսյանին վճարել 50․000 եվրո՝ բարոյական վնասի փոխհատուցում։ Դատարաններում նրա շահերը պաշտպանել է ՀՔԱՎ-ը։

կազմակերպված սպանություն

Հայկ Մովսիսյանը 2011-ի հունիսին զինվորական ծառայության է մեկնել Մարտակերտ: 20-րդ օրը հայրը պատրաստվել է մասնակցել նրա երդման արարողությանը, բայց նրան զանգահարել են ու տեղեկացրել, որ որդին հիվանդանոց է տեղափոխվել: Պարզվել է` տղան կտրել է երակները: Հայրը որդուն գտել է Երևանի կայազորի (Կանազի) հոսպիտալի հոգեբուժական բաժնում: Մեկ ամիս անց բժիշկը եզրակացություն է տրվել` Հայկը պիտանի չէ զինվորական ծառայության համար, նրա մոտ օրգանական փսիխոպաթոնման խանգարում է ախտորոշվել՝ «դեզադապտացիոն դեկոմպենսացիա սուիցիդի» փորձով:

Ավելի ուշ պարզվել է, որ 2011-ի հունիսի 27-ին՝ զորակոչվելուց օրեր անց, Հայկը փախել է զորամասից: Նրան բռնել-բերել են զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովհաննես Սաղաթելյանի մոտ:

Հենց հրամանատարի աշխատասենյակում Հայկը սափրվելու սայրով սկսել է կտրել երակները։ Նրան տեղափոխել են նախ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, հետո՝ Կանազի հոգեբուժական բաժին:

Մեկ ամիս անց, երբ Հայկին հոսպիտալից տեղափոխել են տուն, նրանց սկսել է այցելել մի տղամարդ, որը ներկայացել է որպես ղարաբաղցի քննիչ Ադամյան։ «Գալիս-ասում էր, թե չի հավատում, որ Հայկը հիվանդ է», – պատմել է մահացած տղայի հայրը՝ Արտավազդ Մովսիսյանը։ Քննիչ Ադամյանը ստիպել է ծնողներին Հայկին տանել այլ բժշկի, գնացել են Ֆրանգուլյան ազգանունով ինչ-որ հոգեբույժի մոտ։ «Ֆրանգուլյանն առաջին բժշկի եզրակացությունը նայեց, քմծիծաղ տվեց ու հեռացավ: Ոչ բժիշկը, ոչ քննիչը Հայկի ստուգմանը ներկա չէին: Բուժքույրն էր հարցեր տալիս` ծիծաղելի հարցեր: Հարցնում էր` ականջներդ ձայն լսո՞ւմ են, գլխի վրա ընկե՞լ ես», – պատմել է հայրը: Այս տարօրինակ ստուգումից հետո նրանց ասել են, որ ամեն ինչ կարգին է և բաց են թողել:

Քանի որ Հայկն այդ ժամանակ արդեն ազատված էր զինվորական ծառայությունից և զինգրքույկ ուներ` պաշտպանության նախարարի ստորագրությամբ, նա մեկնել է մոր մոտ՝ Ռուսաստան:

Որոշ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղի դատարանից զանգահարել են հորն ու ասել, որ եթե տղան չներկայանա դատարան, նրա նկատմամբ հետախուզում կհայտարարեն։

Հայկը եկել է, նրան ձերբակալել են անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանում և տարել Նուբարաշենի ՔԿՀ։ Չնայած նա պաշտոնապես ազատված էր ծառայությունից՝ ոչ թե փախել էր, այլ իրավունք ուներ ազատ տեղաշարժվելու։

Նուբարաշենի բանտից Հայկին տեղափոխել են Լեռնային Ղարաբաղի «Ինտերնատ» կոչվող զորամաս, ավելի ուշ ձերբակալել են դասալքության համար և տեղափոխել Շուշիի ՔԿՀ: Նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել ծառայությունից խուսափելու հոդվածով։

2012-ի նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ դատավճիռ է կայացրել և Հայկ Մովսիսյանին երեք տարվա ազատազրկման դատապարտել: Չնայած, ըստ փաստաբանի, բժշկական ամենաառաջին եզրակացությունը, համաձայն որի Հայկը պիտանի չէ զինծառայության համար, ոչ ոք չի փոխել և պաշտոնապես չեղյալ չի հայտարարել։ «Դատախազությունը զուտ կարծել է, թե նրա հոգեկան հիվանդության մասին տրված թուղթը գումարով են ձեռք բերել», – ասել է փաստաբան Հովհաննես Ասատրյանը:

Ծնողները և փաստաբանը փորձում էին բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Վճռի հրապարակումից ընդամենը 8 օր անց նրանց տեղեկացրել են, թե Հայկը սավանով կախվել է Շուշիի ՔԿՀ-ում։ Ինչու են Սյունիքում դատված ՀՀ քաղաքացուն առհասարակ տարել Շուշիի ՔԿԾ՝ պարզ չէ։

Այս գործից հետո՝ առանց բացատրությունների, դադարեցվել են դատավոր Աղաբեկյանի և Շուշիի ՔԿԾ պետ Անդրանիկ Միրզոյանի լիազորությունները։ Նրանցից ոչ ոք իրավական պատասխանատվության չի ենթարկվել։ Գործը քննվել է ինքնասպանության վարկածով։ Հայկ Մովսիսյանին հետմահու անմեղ են ճանաչել։

ՀՔԱՎ-ը, որը պաշտպանում էր նրա ծնողների իրավունքները, անցած տարիների ընթացքում հայտարարում էր՝ հանցագործության հետքերը հետևողականորեն թաքցվել են, եղած պաշտոնանկություններն էլ զուտ գործի բացահայտումը թույլ չտալու նպատակ են հետապնդել։

Հայկի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, պնդում էր, որ իր որդին ինքնասպան չի եղել։ «Ես ինքս մահանալուց հետո երեխուն զննել ու տեսել եմ, որ ոտքի բութ մատը ջարդված էր, մարմինը կապտուկների մեջ էր: Ինչո՞ւ էին գլուխն ու վիզը անվնաս, իսկ մարմնի մնացած հատվածները լրիվ կապույտ: Ո՞նց եղավ, որ երեխեն կախվեց, ու դեմքը չկապտեց: <․․․> Մարմինը ծեծված էր, ես ինքս եմ անձամբ տեսել»։

Հայկի հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին ծնողները զգուշացրել են զինկոմիսարիատին նաև նախքան նրա զորակոչվելը։

տե՛ս

Հայաստանի Հանրապետությունը սպանեց երիտասարդին. հայտարարություն

ԼՂՀ֊ում մահացած զինվորի գործում բազմաթիվ հարցեր կան․ բողոքի քննությունը ձգձգվում է

ՀՔԱՎ-ը պահանջում է մեղադրանք առաջադրել նախարարին ու զինդատախազին

Ինչո՞ւ «Շուշի» ՔԿՀ-ում մահացած երիտասարդի ծնողներին իրավահաջորդ չեն ճանաչում

ԼՂՀ-ում ծառայած զինվորը կախվե՞լ է Շուշիի բերդում. մայրն ինքնասպանության վարկածին չի հավատում

Ի՞նչ կապ ունի Կոստանյանը ՀՔԾ պետի հեռացման հետ. թերթերի իրարամերժ տեղեկությունները

Վերաքննիչը մերժեց սպանված զինվորի մոր հայցն առանց գործի բոլոր նյութերը ստանալու

The post Բանակից ազատելուց հետո տարել էին Ղարաբաղ ու սպանել․ նոր վճիռ first appeared on Epress.am.