ru24.pro
Все новости
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30
31

Մի ժամանակ Յանդեքս էի քշում, հիմա էլ չեմ քշում

0

Օրեր առաջ օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա էին արել՝ իրենց գործատուներից պահանջելով վերացնել չվերահսկվող բարձր տարիֆներն ու վարորդների հաշվին հաճախորդներին տրվող զեղչերը։ Բացի այս հիմնական պահանջներից, տաքսիստները խոսում էին նաև մի շարք այլ խնդիրների մասին, մասնավորապես աշխատանքային պայմանագրի բացակայությունից, վառելիքի գների տատանումներից, պետական տուրքերից և Յանդեքսի միջնորդավճարներից։

Epress.am-ը զրուցել է մի շարք տաքսիստների հետ իրենց աշխատանքային պայմանների մասին․

— Յանդեքսի ծրագիրը մարդկային ամեն ինչ վերացրել է։ Մարդը նստում է մեքենադ, հետո իջնում ու մեկ նշանակում։ Դե արի գուշակի՝ ինչից է նեղվել։ Ավելի լավ է՝ կռիվ անի, ոչ թե տափուկ-տափուկ ցածր գնահատի, բալ իջեցնի։

— Մենք ոչ մի բանով պաշտպանված չենք, աշխատանքային պայմանագիր չունենք։ Երբ ուզեն՝ կարգելափակեն ու չես կարողանա բողոքարկել։ Բացի էդ, թոշակից էլ ենք զրկված։ Յանդեքսը մեր համար կենսաթոշակայինի վճարումները չի անում։ Մեր վճարած տուրքն էլ պարզ չի, թե ուր է գնում։

— Եթե մարդկանց հետ ես աշխատում, ուրեմն նեռվային գործ ես անում։ Մի քանի օր առաջ Պրոսպեկտի վրա մի աղջիկ համոզում էր՝ ավտոբուսի գծով քշեմ, որովհետև ինքը ուշանում էր։ Իրա 700 դրամանոց պատվերի համար ուզում էր, որ ես 5000 դրամի նկարվեմ։

— «Ստարտ» տարիֆով էի քշում։ Բայց ուղևորները շատ վատն էին՝ նարկոման, ալկագոլիկ, ով ասես կար, նեռվերս կերան։ Ստիպված ուրիշ մեքենա ամերիկայից բերեցի, որ փոխեմ ու «Կոմֆորտ» քշեմ։ Հիմա էլ ասում են, որ ավտոները պետք է 20 թվից էս կողմ լինեն։ Նույնիսկ Ստարտի դեպքում։ Ստացվեց, որ իզուր ծախս եմ արել։ Կա մեքենա, որ նոր է, բայց նենց ջարդուխուրդ եղած, որ հազիվ է քշվում, բայց նաև կարա լինի 95 թվի շատ լավ ավտո։ Իրենք պետք է մեքենան ստուգեն, ոչ թե թիվը։

— Շատ լավ կլիներ, եթե մեր համար կենսաթոշակային ֆոնդ մուծումներ անեին, որ նորմալ ծերանայինք, բայց համ էլ մտածում եմ, որ եթե նման բան որոշեն անել, նենց պայմաններ են դնելու, որ մեր համար շատ վատ է լինելու, մեր աշխատավարձից են պահելու, ոչ թե Յանդեքսից։ Պետական տուրքի նման։ Սկզբում ասեցին օպերատորը պետք է մուծի, հիմա մենք ենք տալիս։

— Ես, օրինակ, մինչև պատվեր ընդունելը դրա մանրամասները չեմ տեսնում․ որտեղից ուր պետք է տանեմ, զեղչով է, թե զեղչով չէ, քարտով է, թե քարտով չէ։ Այդ ամենը իմանալու համար պետք է մոտ 500 ու ավել բալ հավաքես։ Բայց համակարգը նենց են սարքել, որ ամեն ստից բանի համար բալ են հանում։ Օրինակ եթե Յանդեքսի առաջարկած պատվերները երկու անգամ անընդմեջ չես ընդունում, մի բալ մինուս է լինում։

— Մի ուղևորին չիջեցրած՝ խցանման ժամանակ կարող է պատվեր գալ։ Վերցնում եմ, հետո պատվեր տվողը զանգում, գոռում է վրաս, թե ինչի եմ ուշանում։

— Մեկ նայում ես՝ փող ես աշխատել, մեկ էլ Յանդեքսը իրա տոկոսները հանում է ու տակը բան չի մնում։ Առավոտը 11-ից աշխատում եմ մինչև երեկոյան ութը․ մոտ 20 հազար դրամի քշում եմ։ Վառելիք լցնելը, իրենց տոկոսները հանած, տակը մի 8000 դրամ է մնում։ Մնացածն էլ գնում է մեքենայի ծախսերի ու ակտերի վրա։

— Մի ժամանակ Յանդեքս էի քշում, բայց հիմա էլ չեմ քշում։ Մեքենաս շարքից դուրս էր եկել, ծախսը շատ էր, բայց մեքենայիս վրա ծախսելու փոխարեն՝ իրենց էի սաղ փողը տալիս, հիմա ես եմ իմ գլխի ճարը տեսնում։ Իրենց նավիգատորը նենց տեղեր էր տանում մտցնում՝ քար ու փոս։ Արդեն ես եմ որոշում՝ ուզում եմ քշել էդ տեղը, թե չէ։

— Ոնց է ստացվում, որ Յանդեքսի ծրագրավորողները միլիոններ են ստանում, իսկ մենք, որ էսքան ծանր ու դժվար գործ ենք անում, հազիվ ենք ծերը ծերին հասցնում։

— Պետական տուրքը հիմա շատ չի, վճարում ենք։ Բայց վախենամ՝ հունվարից տաքսիների գները բարձրանան, հարկերն էլ սարքեն 50 տոկոս։

— Գույքահարկ, տեխասմոտր, էկալոգիա․ այդ ամեն ինչը միասին արժի 90 հազար դրամ։

— Յանդեքսը ինչ ուզում՝ անում է։ Շուկան ամբողջն իր ձեռքում է, ինքն է թելադրում։ Իրենք ունեն վարորդների աջակցման կենտրոն։ Բայց ես չեմ հիշում գոնե մի դեպք, որ էդ կենտրոնը մեզ օգնած լինի։ Որ զանգում ես, էնպես են պատասխանում, ոնց որ երկրորդ-երրորդ սորտի մարդ լինես։ Դժգոհում ես, ասում են՝ սենց ա, ձեռք չի տալիս՝ էլ մի քշի։

— Արտաշատից եմ։ Ամեն օր 12-ին Երևանում եմ լինում։ Էնտեղից դատարկ չեմ գալիս, պատվեր եմ վերցնում, ստեղից էլ ուղղությունս տալիս եմ Արտաշատ, էլի պատվերով եմ գնում։ Ոչինչ, էլի։ Յոլա ենք գնում։ Այսօր փող աշխատելը հեշտ չի։

— Գազը դարձել է 220 դրամ, բայց տարիֆը չի բարձրացել։ Չեմ ասում, որ եսիմ ինչքան բարձրացնեն, բայց գոնե մի 200 դրամով պետք է մինիմալը ավելացնեն։

— Եթե բալային համակարգը չլիներ, լավ կլիներ։

— Օրումեջ համարյա 8 հազար դրամի գազ եմ լցնում։ Էդքանը աշխատելու համար ութ պատվեր պետք է անեմ, իսկ դա արդեն կես օր ինձնից տանում է։

— Գյումրիում մինիմալը 100-200 դրամից չի ավելանում։ Ամեն պատվեր 200-300 դրամ է բռնում։ Ստացվում է, որ սաղ օրը քշում եմ, որ ուղղակի քշեմ։ Ստացածս գումարը մեքենայի ու Յանդեքսի վրա է գնում։

The post Մի ժամանակ Յանդեքս էի քշում, հիմա էլ չեմ քշում first appeared on Epress.am.