ru24.pro
Все новости
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

Զվիադ Քորիձե. «Պատմությունը հաստատ չի կարող մեզ միավորել»

0

Մեդիամաքսի հարցազրույցը լրագրող, Transparency International Georgia կազմակերպության տարածաշրջանային գրասենյակների մենեջեր Զվիադ Քորիձեի հետ:

(Հարցազրույցը ձայնագրվել է Թբիլիսիում 2024 թվականի նոյեմբերի 27-ին՝ նախքան Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկը):

-Ի՞նչ եք կարծում, անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կարող էին տարածաշրջանային համագործակցության եւ արտաքին քաղաքական ձգտումների ներդաշնակեցման ձեւաչափ ձեւավորել։

- Ջանքերը ներդաշնակեցման մասին մենք պետք էր ավելի վաղ մտածել՝ 1980-ականների վերջին, երբ արդեն ակնհայտ էր, որ Խորհրդային Միությունը շուտով փլուզվելու է։ Ցավոք, բոլոր երեք երկրների բախտը չբերեց ղեկավարների առումով։

- Կարծում եք, որ այսօրվա խնդիրների արմատները Խորհրդային Միությո՞ւնում են:

- Իհարկե։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու Հարավային Կովկասի երեք երկրները չկարողացան համագործակցություն կառուցել Բալթյան երեք երկրների օրինակով։ Հիմնական պատճառն այն է, որ բալթյան երկրները ձգտում, մտածում եւ աշխատում էին այդ ուղղությամբ, իսկ Հարավային Կովկասի երկրները հակառակն էին անում:

Չնայած այն հանգամանքին, որ մենք ունեինք ավելի ամուր պատմական կապեր, հարաբերություններ, բարեկամություն եւ փոխըմբռնում ինչպես մշակութային, այնպես էլ առօրյա կյանքում, Բալթյան երկրների ղեկավարները շատ ավելի պրագմատիկ եւ խելացի գտնվեցին։

-Ի՞նչը կարող է մեզ միավորել այսօր։

-Պատմությունը մեզ միավորել չի կարող։ Մենք շատ սխալներ ենք գործել վերջին երեք տասնամյակների ընթացքում, եւ պատմական համատեքստը միայն խանգարում է: Ցավոք, երեք երկրներն էլ լուրջ ֆոբիաներ կան միմյանց նկատմամբ։

Մեզ կարող է միավորել աշխարհագրությունը, սակայն այսօր այն ակտիվ դեր չի խաղում։ Աշխարհագրությունը օգնեց Վրաստանին այն առումով, որ Բաքու-Ջեյհան խողովակաշարն անցավ մեր երկրով։ Բայց եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական իրավիճակը փոխվի, խողովակի համար կարող է այլ երթուղի գտնվել։

Մենք պետք է ստեղծենք սեփական անվտանգային համակարգ եւ գործընկերներ գտնենք, որոնք ընդունելի կլինեն բոլոր երեք երկրների համար: Հաջորդը ընդհանուր շուկան է, որի մասին մենք նույնիսկ լրջորեն չենք մտածել։ Առանձին վերցրած Հայաստանը, առանձին վերցրած Վրաստանը եւ անգամ առանձին վերցրած Ադրբեջանը ներդրումների համար այնքան էլ գրավիչ երկրներ չեն, իսկ կովկասյան շուկան արդեն այլ հարց է։

Հաջորդը՝ միասնական մշակութային տարածք ստեղծելն է, ինչն ամենեւին չի նշանակում, որ պետք է հրաժարվենք մեր ազգային նախագծերից կամ ինքնությունից:

-Վերջին երեք տասնամյակների ընթացքում բազմիցս առաջ է քաշվել «3+3» ձեւաչափով տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման գաղափարը։ Այդ գաղափարին ավելի կոնկրետ ուրվագծեր տալու եւս մեկ փորձ արվեց 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի քողարկված մասնակցությամբ, սակայն Վրաստանը մինչ այսօր չի մասնակցել արտգործնախարարների հանդիպումներին։

- Եթե Վրաստանը ներգրավվի «3+3» ձեւաչափում, ապա ես այնտեղ Հայաստանն այլեւս չեմ պատկերացնի, քանի որ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Ռուսաստանում եւ Իրանում իշխում են ավտորիտար ռեժիմներ։

Ո՞ւմ հետ է Կոբախիձեն (Վրաստանի վարչապետը-Մեդիամաքս) փորձում ընդհանուր լեզու գտնել։ Նրանց, ում ժողովրդավարությունը հետաքրքիր չէ ՝ Լուկաշենկոյի, Օրբանի հետ։

- Արդյո՞ք Վրաստանում հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

- Վրաստանում կան քաղաքական գործիչներ եւ փորձագետներ, որոնք ասում են՝ նայեք Հայաստանին, նա Ռուսաստանի դեմ գնաց եւ կորցրեց Ղարաբաղը, եթե մենք էլ Ռուսաստանի դեմ գնանք, մենք նորից որեւէ բան կկորցնենք։

Սակայն Հայաստանի իշխանություններն այսօր նոր որոշումներ են կայացնում, եւ դա պետք չէ ընկալել միայն ռուսական գործոնի լույսի ներքո։ Հայաստանը ցանկանում է ժամանակակից պետություն դառնալ, քննարկվում են «իրական» եւ պատմական Հայաստան հասկացությունները։

Վրաստանում իշխանությունների առաջարկներն ու ծրագրերը արխայիկ են, ապագային միտված կարգախոս չունեն։ Հայաստանը փորձում է «պատմությունից դուրս պրծնել» եւ ժամանակակից պետություն դառնալ։ Ալիեւը նույնպես հենվում է պատմության վրա, եւ նրա միակ ուժեղ կողմը նավթն է։ Նա կլիմայի փոփոխության վերաբերյալ հսկայական միջազգային գագաթնաժողով էր հյուրընկալել, որը բացեց «նավթը Աստծո պարգեւ է» խոսքերով։ Որովհետեւ այդ պարգեւի շնորհիվ է իշխանություն է ստացել։ Նավթային երկրների համար շատ դժվար է ժողովրդավարության ճանապարհով գնալ. «Ես նավթ ունեմ, ես հարուստ եմ, իսկ եթե հարուստ եմ, էլ ինչի՞ս է պետք ժողովրդավարությունը»:

Ցանկացած ավտորիտար, նահապետական կառավարման ձեւ դա անցյալ է, պատմություն է։ Երբ Ալիեւ-ավագը եւ Շեւարդնաձեն սկսեցին ռազմավարական գործընկերություն կառուցել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, նրանք մտածում էին ապագայի մասին, իսկ Իվանիշվիլիի եւ Ալիեւ-կրտսերի գործակցությունը բոլորովին այլ ուղղությամբ է ընթանում։

- Բայց չի կարելի ամբողջությամբ հրաժարվել պատմությունից:

- Պատմությունը թողնենք թանգարաններում, գրքերում։ Եթե այսօրվա քաղաքական իրողությունները դիտարկենք պատմության պրիզմայով, պետք է պատերազմենք։ Պատմությունը այլ մատրից չունի։ Հարգանքի տուրք մատուցենք նրան, ծաղկեպսակ դնենք պատմության շիրիմին, շնորհակալություն ասենք մեր նախնիներին։ Երբ մեր երկրների հարաբերություններում ինչ-որ բան չի ստացվում, մենք ապավինում ենք պատմությանը, եւ այդպես եղել է միշտ։ Իսկ եթե այլ պրիզմայով նայենք, այլ իրականություն կունենանք։

Զվիադ Քորիձեի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը