Թոռնիկե Թուրմանիձե. Վրաստանի իրավիճակը կազդի ԵՄ հետ մերձենալու Հայաստանի ձգտման վրա
Մեդիամաքսի հարցազրույցը Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոռնիկե Թուրմանիձեի հետ
(Հարցազրույցը ձայնագրվել է Թբիլիսիում 2024 թվականի նոյեմբերի 27-ին՝ նախքան Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկը):
- Վրաստանի արտաքին քաղաքականության վերակողմնորոշման գործընթացն ավարտվա՞ծ է, թե Վրաստանը կարող է վերադառնալ այն ճանապարհին, որով ընթանում էր գրեթե երեք տասնամյակ։
- Վրաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշումը Արեւմուտքից դեպի Ռուսաստան ներկայում ակտիվ փուլում է, այդ գործընթացը շատ արագ է զարգանում։ Դա պայմանավորված է նրանով, որ իշխանության ղեկին մնացին Բիձինա Իվանիշվիլին եւ «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նրանց արտաքին քաղաքական ընտրությունն է՝ մեկուսացնել երկիրը Արեւմուտքից, կամ առնվազն կասեցնել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը եւ մերձենալ Ռուսաստանին, ինչպես նաեւ ավտորիտար այլ ռեժիմներին, ինչպիսիք են Չինաստանն ու Իրանը: Դա նրանց փիլիսոփայությունն է։
Իհարկե, նրանք կցանկանային շարունակել հարաբերությունները Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, հատկապես Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո, եւ այժմ աշխատում են այդ ուղղությամբ։ Սակայն այս պահին Վրաստանի եվրաինտեգրումը սառեցված է։
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները եւ ընդդիմության օգտին քվեարկած մարդկանց մի մասը, որը վստահ է, որ վերջինս կհաղթեր, եթե ընտրություններն արդար լինեին, բողոքում են։ Բայց, ինչպես մյուս ավտորիտար ռեժիմներում, «Վրացական երազանքը» իշխանությունը պահպանում է ոստիկանության եւ այլ ռեպրեսիվ մեխանիզմների միջոցով: Այս գործընթացը սկսվել էր վաղուց, սակայն ակնհայտ դարձավ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։
- «Վրացական երազանքը» տասը տարուց ավելի է, ինչ իշխանության է, բայց այդ վերակողմնորոշումը նկատելի դարձավ համեմատաբար վերջերս։ Ուղիղ կա՞պ եք տեսնում ուկրաինական պատերազմի եւ Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների միջեւ։
-Այո, այդ կապն ակնհայտ է։ 2012 թվականից, երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը», մինչեւ 2022 թվականը, երբ սկսվեց Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, Վրաստանը վարում էր երկիմաստ արտաքին քաղաքականություն։ Մի կողմից նրանք պաշտոնապես հայտարարեցին եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման ցանկության մասին եւ քայլեր ձեռնարկեցին այս ուղղությամբ։
Միաժամանակ ռուսամետ կողմնորոշում բռնեցին՝ բարելավելով հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ քաղաքական որոշակի զիջումներ անելով։ Չնայած այս երկու ուղղություններն անհամատեղելի էին, Իվանիշվիլին ինչ-որ կերպ կարողացավ դրանք հաշտեցնել։ Համենայն դեպս, վրացական հասարակության մի մասին եւ արեւմտյան երկրներին թվում էր, թե Վրաստանը փորձում է հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ:
Ցավոք, որոշ արեւմտյան կառավարություններ ողջունեցին այս մոտեցումը՝ համարելով, որ Սաակաշվիլիի կառավարության բացահայտ արեւմտամետ քաղաքականության արդյունքը 2008 թվականի պատերազմն էր։ Եվ հետեւաբար, գուցե ավելի լավ կլիներ, որ Վրաստանը նման հավասարակշռված դիրքորոշում պահպաներ։
Սակայն «երկու աթոռի վրա նստելու» այս քաղաքականությունն ավարտվեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ։ Իվանիշվիլին հասկացավ, որ պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ հօգուտ Արեւմուտքի, կա՛մ հօգուտ Ռուսաստանի: Եվ նա ընտրեց Ռուսաստանը, քանի որ հավատում էր, որ Ռուսաստանը հաղթելու է Ուկրաինայի հետ պատերազմում։
2022 թվականի փետրվարից Վրաստանի ղեկավարությունը սկսեց ակտիվ հակաարեւմտյան տեղեկատվական արշավ՝ պնդելով, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն փորձում են Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ՝ խնդրելով Վրաստանին «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ, ինչն ակնհայտ սուտ էր։ Միակ բանը, որ արեւմտյան երկրները փորձում էին առաջարկել Վրաստանին, դա Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներին միանալն էր: Սակայն Վրաստանի կառավարությունը հրաժարվեց դրանից։
- Հարավային Կովկասն այսօր շատ ավելի պառակտված է, քան երկու-երեք տասնամյակ առաջ։ Կարծես այսօր Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը ցանկանում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանը կարո՞ղ է հաջողության հասնել Վրաստանի վերակողմնորոշման լույսի ներքո։
- Տարածաշրջանային եւ գլոբալ դինամիկան մեծ ազդեցություն ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների վրա: Եթե նույնիսկ այս երկրները տարբեր արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունեն, այնուամենայնիվ, նրանք ամուր փոխկապակցված են: Այն, ինչ տեղի է ունենում աշխարհում եւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում, ազդում է տեղում իրավիճակի վրա։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք տեսնում ենք, որ հատկապես ղարաբաղյան երկրորդ պատերազմից եւ 2023 թվականի իրադարձություններից հետո, որոնք մենք ընկալում ենք որպես «պատիժ» Ռուսաստանի կողմից, Հայաստանը փորձում է հեռանալ Ռուսաստանից եւ զարգացնել արեւմտամետ արտաքին քաղաքականությունը։ Բայց նման քաղաքականությունն ունի իր սահմանափակումները, քանի որ Վրաստանի իրադարձությունները կազդեն Արեւմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամության վրա։ Վրաստանը Հայաստանի համար «դարպաս» էր, յուրահատուկ կապող օղակ Արեւմուտքի հետ։
Հայաստանը կարող է որոշակի հաջողության հասնել, սակայն երկարաժամկետ հեռանկարում Վրաստանը պետք է վերադառնա եվրաինտեգրման ուղուն, որպեսզի դրական ազդեցություն ունենա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։ Բացի դրանից, քանի դեռ Ռուսաստանը պահպանում է իր ազդեցությունը Վրաստանում, Հայաստանի համար դժվար կլինի նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում։ Բայց, իմ կարծիքով, այդ վստահությունն ոչ ճիշտ արտաքին քաղաքական արտահայտություն է ստանում՝ Ադրբեջանը ցանկանում է մերձենալ Ռուսաստանի հետ եւ Արեւմուտքի հետ սահմանափակ քաղաքական հարաբերություններ ունենալ։ Ադրբեջանը Արեւմուտքին դիտարկում է սոսկ որպես տնտեսական գործընկեր, եւ մենք տեսնում ենք, որ Բիձինա Իվանիշվիլին այս հարցում փորձում է կրկնօրինակել Իլհամ Ալիեւի պահվածքը։
- Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծվեց «3+3» ձեւաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան): 4 տարվա ընթացքում արտաքին գործերի նախարարները երեք հանդիպում են ունեցել, բայց իրականում դրանք անցկացվել են «2+3» ձեւաչափով, քանի որ Վրաստանը հրաժարվում էր մասնակցել։ Վրաստանը հիմա կարո՞ղ է միանալ «3+3» ձեւաչափին։
- Նույնիսկ «Վրացական երազանքի» ռուսամետ կողմնորոշումը հաշվի առնելով՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում մեծ խնդիր կա։ Ռուսաստանը դե յուրե եւ դե ֆակտո գրավել է Վրաստանի տարածքի 20%-ը եւ Աբխազիան եւ այսպես կոչված Հարավային Օսիան ճանաչել է որպես անկախ պետություններ։ Ուստի Ռուսաստանի հետ ցանկացած ձեւաչափում մասնակցությունը կարող է դիտարկվել որպես ռուսական օկուպացիայի օրինականացում։
«Վրացական երազանքը» առայժմ ձեռնպահ է մնացել նման մասնակցությունից։ Գուցե վերջին կեղծված ընտրություններից հետո փորձեն միանալ այս ձեւաչափին։ Սակայն Վրաստանում կա քաղաքական ընդդիմություն, կան մարդիկ, ովքեր դեմ են քվեարկել «Վրացական երազանքին», եւ իշխանությունը կարող է զգուշանալ երկրի ներսում հավելյալ ավելի լարվածություն ստեղծելուց։
«3+3» ձեւաչափը խնդրահարույց է նաեւ այն պատճառով, որ ներառում է Իրանը, որի հետ Արեւմուտքը լարված հարաբերություններ ունի։ Բայց պետք է հասկանաք, որ Վրաստանի կառավարությունում հավաքական որոշումներ չեն կայացվում։ Հիմնական որոշումները կայացնում է Բիձինա Իվանիշվիլին, եւ դժվար է կանխատեսել, թե ինչ հաշվարկներ է նա անում։
Թոռնիկե Թուրմանիձեի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը