Պետությունը կօգնի բանկերին ստանալ անհույս պարտքեր
Հայաստանում սևով աշխատելու պատճառներից մեկը բանկերն են։ Հազարավոր մարդիկ չեն կարող գրանցված աշխատել, կուտակել ստաժ և ստանալ աշխատանքային իրավունքներ, որովհետև բանկերի սև ցուցակում են. հարկադիր կատարողը նրանց հաշիվներից աշխատավարձի մինչև 50 տոկոսը քաշում է և փոխանցում փոխառու բանկին։ Շատ մարդիկ իմաստ չեն տեսնում գրանցվելու մեջ, եթե նրանց աշխատավարձի կեսը պահելու են։
Աշխատողներին սպիտակ աշխատաշուկա բերելու համար Կառավարությունը որոշել է վճարել բանկերին՝ անհատների վարկերի մի մասը։ Մինչև մեկ միլիոն մայր գումարով, երեք ու ավելի տարի վաղեմության անհուսալի վարկ ունեցողները, 218 հազար մարդ, կարող են դիմել Սոցապի ծրագրին և Կառավարությունը բանկին կփոխանցի աշխատավարձից պահվող 50 տոկոսի 30 տոկոսը։ Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստին հայտնել է, որ ծրագիրը կգործարկվի 2025 թվականի փետրվարին մեկ տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ Բանկերին զսպելու համար մեկ այլ որոշում կայացվել էր մայիսին։ Ըստ դրա Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանին հասանելիք մասը չպետք է պակաս լինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։ Այս տարի դա 75000 հազար դրամ է։
The post Պետությունը կօգնի բանկերին ստանալ անհույս պարտքեր first appeared on Epress.am.