ru24.pro
Все новости
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Լոս Անջելեսում կայացել է FAST-ի Advance Armenia գալա միջոցառումը

0

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) իր երրորդ ամենամյա Advance Armenia գալան է հյուրընկալել Լոս Անջելեսի «Լենդմարկ» կենտրոնում:

Միջոցառումը միավորել է սփյուռքահայ համայնքի 300-ից ավելի անվանի ներկայացուցչի տեխնոլոգիական, գիտական, կրթական եւ այլ ոլորտներից։

Միջոցառման առանցքում FAST-ի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրն էր, որն իրականացվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ՝ խորացված մաթեմատիկան եւ ԱԲ կրթությունն անվճար հասանելի է դարձնում ավագ դպրոցի աշակերտների համար՝ նպատակ ունենալով կերտել ապագա նորարարների եւ դիրքավորել Հայաստանը որպես ԱԲ-ի ոլորտում առաջատար երկիր:

Շարունակելով նոյեմբերին կայացած փարիզյան գալայի հաջողությունը՝ Լոս Անջելեսի աջակիցների օգնությամբ առաջիկայում կապահովի ծրագրում սովորող 185 աշակերտի եռամյա ուսումնական ուղին։

Կրթության կառավարման անվանի մասնագետ եւ «ԱԲ սերունդ» ծրագրի խորհրդատվական խորհրդի անդամ Ալիս Պետրոսյանի եւ առողջապահական նախաձեռնությունների ջատագով Էլիզաբեթ Զորյանի համանախագահությամբ՝ գալան Հայաստանում ազգային մակարդակով ԱԲ կրթության ընդլայնման հեռանկարի շուրջ էր համախմբել մի շարք անվանի հյուրերի, այդ թվում՝ FOX11-ի Good Day L.A.-ի հաղորդավարուհի եւ Էմմի մրցանակի դափնեկիր Արաքսյա Կարապետյանին եւ գրոսմայստեր Լեւոն Արոնյանին։

Միջոցառմանն ուշագրավ քննարկում են ունեցել FAST-ի համահիմնադիր, Flagship Pioneering-ի հիմնադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Նուբար Աֆեյանը եւ Index Ventures ընկերության գործընկեր, ServiceTitan, Gong, Vizcom եւ մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության երկարամյա փորձ ունեցող Նինա Աչաջյանը։

Խոսնակներն անդրադարձել են այն հնարավորություններին, որն ԱԲ-ի զարգացումը բացում է Հայաստանի առջեւ՝ վստահություն հայտնելով, որ տաղանդի ու ներուժի թիրախային օգտագործումը կարող են դիրքավորել Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների թվում։

FAST-ի հիմնադիր տնօրեն դոկտոր Արմեն Օրուջյանը, որը հունվարի 1-ից կշարունակի իր գործունեությունը Հոգաբարձուների խորհրդի կազմում, ամփոփել է հիմնադրամում իր 7-ամյա ուղին եւ երախտագիտություն հայտնել FAST-ի առաքելության շուրջ ձեւավորված ամուր համայնքին։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանն ամփոփել է ծրագրի առաջին 1,5 տարին եւ ընդգծել գալիք ուղենիշները։

«ԱԲ սերունդն այժմ ընդգրկում է Հայաստանի 7 մարզ եւ 15 ավագ դպրոց՝ ներգրավվելով 540 աշակերտի։ Դեռ մեկ տարի առաջ սովորողների 70%-ը գիտելիքային զգալի բացով էր սկսում ծրագիրը, իսկ այսօր նրանց կեսը կրկնապատկել է իր արդյունքները։ Սա վկայում է, որ երբ կա որակյալ կրթության հնարավորություն, մեր աշակերտները գիտեն՝ ինչպես վարվել այդ գիտելիքի հետ։ Սա այն է, հանուն ինչի մենք ձգտում ենք ընդլայնել եւ հասանելի դարձնել «ԱԲ սերունդ»-ը բոլոր մարզերում»,- նշել է Սյուզաննա Շամախյանը։