ru24.pro
Все новости
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Սիրիայի պաշտոնանկ նախագահն ուզում էր ակնաբույժ դառնալ

0

Նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան: Զինյալները հայտարարել են մայրաքաղաք Դամասկոսը գրավելու մասին: Սիրիայի վարչապետ Մոհամադ Ղազի ալ-Ջալալին տեսանյութ է հրապարակել. «Կառավարությունը պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ»: 

Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորման ղեկավարությամբ ապստամները հարձակումներ էին սկսել Բաշար Ասադի կառավարության վերահսկողության տակ գտնվող օբյեկտների վրա։ Նոյեմբերի 30-ից Հալեպ քաղաքն ամբողջությամբ գտնվում է խմբավորումների վերահսկողության տակ։

Սիրիան գրաված խմբավորումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011 թվականին՝ ավելի լայն «Արաբական գարնան» շրջանակներում սկսված հակակառավարական ակցիաներից։ Ապստամբների կոալիցիաները միշտ կազմված են եղել ամենատարբեր գաղափարախոսության խմբավորումներից, որոնց միավորում էր Ասադի ռեժիմը տապալելու ցանկությունը։ Խմբավորումների կոալիցիաներին պատմականորեն աջակցում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ալ Քաիդան, Իսլամական պետությունը։ Ասադի կառավարության կողմից են Ռուսաստանը, Իրանը, Հեզբոլլահը։

Բաշար Ասադը երկիրը ղեկավարում էր սկսած 2000 թվականից։ Նախկինում երկրի նախագահի պաշտոնում նրա հայրն էր՝ Հաֆեզ ալ-Ասադը։ Բաշարն իսկզբանե հոր պաշտոնը ժառանգելուն չէր պատրաստվում, ուներ մեծ եղբայր՝ Բասիլ Ասադը, ով էլ պետք է հորից հետո ստանձներ երկրի ղեկավարությունը։ 1994 թվականին Դամասկոսից ոչ հեռու տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Բասիլը մահանում է։ Այդ ժամանակ Բաշար Ասադը Լոնդոնում ակնաբուժություն էր սովորում։ Ավագ եղբոր մահից հետո Բաշարին սկսում են պատրաստել իշխանությունը ժառանգելուն։ 

Ասադների կառավարման սկիզբը

Բաշար Ասադը ծնվել է 1965 թվականին։ Այդ ժամանակ տարածաշրջանի երկրներից շատերում, նաև՝ Սիրիայում, արաբական ազգայնականության վերելք էր։ Եգիպտոսի և Սիրիայի միջև կարճաժամկետ համագործակցության անհաջող փորձից հետո (1958-1961), Դամասկոսում իշխանությունը գրավել էր պանարաբական ազգայնականության գծի հետևորդ Բաաս արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը։ Ինչպես և արաբական այլ երկրներում, Սիրիայում ևս ժողովրդավարական բազմակուսակցական ընտրություններ չկային։

Ասադների ընտանիքը պատկանում էր ալավիտների համայքնին, որն այդ ժամանակ ամենաունեզրկված խմբերից էր Սիրիայում։ Համայնքի ներկայացուցիչների համար ապահովված կյանքի միակ հնարավորությունը սիրիական բանակին միանալն էր։ Հաֆեզ Ասադն այդ ժամանակ հրամանատար էր և Բաասի անդամ։ 1966 թվականին նրան նշանակում են Պաշտպանության Նախարար։ 5 տարի անց՝ 1971-ին, Ասադը դառնում է նախագահ և զբաղեցնում է պաշտոնը գրեթե մինչև կյանքի վերջը՝ 2000 թվականը։ Սիրիայի հետպատերազմական անվերջ ռազմական հեղաշրջումների ֆոնին նման երկար կառավարումը ռեկորդային էր և պայմանավորված էր Ասադի քաղաքական մանիպուլյացիաների հմտություններով։

Նախագահության ողջ ընթացքում նա ճնշում էր ընդդիմությունն ու այլակարծությունը, բայց արտաքին քաղաքականության հարցերում բավականին պրագմատիկ էր. ակտիվորեն համագործակցում էր Խորհրդային Միության հետ, բայց նաև միացել էր 1991-ի Պարսից ծոցի պատերազմից հետո ձևավորված միջազգային կոալիցիային, որը ղեկավարում էր ԱՄՆ-ն։

Բաշար Ասադը մինչև նախագահությունը

Հաֆեզ Ասադի կրտսեր որդին՝ Բաշարը, քաղաքականությունից ու ռազմական գործից հնարավորինս հեռու մասնագիտություն էր ընտրել։ Ուզում էր ակնաբուժությամբ զբաղվել։

Դամասկոսի համալսարանն ավարտելուց հետո 1992-ին տեղափոխվել էր Լոնդոն՝ սովորելու։ ԲիԲիՍիի 2018 թվականի «Վտանգավոր Դինաստիա. Ասադներ» վավերագրական ֆիլմի համաձայն, Բաշարը Լոնդոնում հարմար կյանք էր վարում, գնում էր իր սիրելի երաժիշտ Ֆիլ Քոլինզի համերգներին և այլն։

Լոնդոնում նա ծանոթացել է ապագա կնոջ՝ Ասմա ալ-Ահրասի հետ։ Նա այդ ժամանակ Թագավորական քոլեջում համակարգչային գիտություններ էր սովորում, իսկ հետո ընդունվել էր Հարվարդի բիսնես կառավարման դպրոց։

1994 թվականին, երբ Բաշարի ավագ եղբայր Բասիլը մահացավ ավտովթարից, նրան շտապ բերեցին Սիրիա։ Դարձրեցին զինված ուժերի հրամանատար, սկսեցին աշխատել երկրի ապագա առաջնորդի նրա հասարակական իմիջի վրա։

Նախագահությունից հետո

2000 թվականի հունիսին Հաֆեզ Ասադը մահացավ։ 34-ամյա Բաշարն արագացված կարգով դարձավ նախագահ։ Սահմանադրությամբ ամրագրված էր, որ այդ պաշտոնի համար նվազագույն տարիքը 40 է. Բաշարի համար դա ևս արագ փոխեցին։

Նախագահական երդումից հետո Բաշար Ասադը փորձեց նոր քաղաքական տոն հաղորդել իր կուսակցությանը։ Հաճախ էր խոսում «թափանցիկությունից, ժողովրդավարությունից, մոդերնիզացիայից, պատասխանատվությունից և ինստիտուցիոնալ մտածողությունից»։ Պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց նա և Ասմա ալ-Ահրասն ամուսնացան (ունեն 3 երեխա՝ Հաֆեզը, Զեյնը, Քարիմը)։

Բաշարի հռետորաբանությունը քաղաքական բարեփոխումների և լրատվամիջոցների ազատության մասին, հույս էր ներշնչել սիրիացիներին։ Հաշվի առնելով նրա ու Ասմայի արևմտյան կրթութունը, շատերը կարծում էին, որ երկրում փոփոխությունների ժամանակաշրջան է սկսվում։

Այդ հարաբերական ազատությունը, սակայն, տևեց մի քանի ամիս։ Այդ շրջանը հայտնի է որպես «Դամասկոսական գարուն»։ 2001-ից արդեն անվտանգության ուժերն ակտիվորեն ձերբակալում էին ընդդիմադիրներին ու ճնշում այլակարծությունը։ 

Բաշարի ներմուծած բարեփոխումները վերաբերում էին միայն մասնավոր ձեռներեցությանը։ Նրա նախագահության առաջին տարիներին այդ բարեփոխումների արդյունքում մեծ ազդեցություն ձեռք բերեց Բաշարի զարմիկ Ռամի Մահլյուֆը։ Նա հսկայական բիզնես կայսրություն հիմնեց, որը քննադատները համարում են հարստության և իշխանության միահյուսման դասագրքային օրինակ։

Իրաք և Լիբանան

2003 թվականի պատերազմը Իրաքում վատթարացրեց Սիրիայի և Արևմուտքի հարաբերությունները։ Ասադը դեմ էր ԱՄՆ հարձակմանը։ Վաշինգտոնն էլ Դամասկոսին մեղադրում էր էքստրեմիստներին ամեն ինչ թույլատրելու մեջ։ 

2003-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգները Սիրիայի դեմ պատժամիջոցներ սահմանեցին։ Պատճառը ոչ միայն Իրաքն էր, այլև Սիրիայի ռազմական ներկայությունը Լիբանանում։ 2005-ի փետրվարին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին, ով Սիրիայի հիմնական ընդդիմախոսներից էր երկրում, սպանվեց Բեյրութի կենտրոնում կազմակերպված պայթյունի արդյունքում։ Մեղադրանքներն ընկան Սիրիայի ու դրա դաշնակիցների վրա։ 

Լիբանանում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին։ Միջազգային ճնշումների և ցույցերի ֆոնին շուրջ 30 տարվա ռազմական ներկայությունից հետո, Սիրիան դուրս բերեց զորքերը Լիբանանի տարածքից։ Ասադն ու նրա գործընկեր Հեզբոլլահը մինչև օրս հերքում են իրենց կապը Հարիրիի սպանության հետ, թեև 2020 թվականին հատուկ միջազգային տրիբունալը խմբավորման անդամներից մեկին պաշտոնապես մեղավոր է ճանաչել։

«Արաբական գարուն»

Կառավարման առաջին 10 տարիներին Ասադը լավ հարաբերություններ էր կառուցում Իրանի հետ։ Փորձում էր զարգացնել նաև հարաբերությունները Քաթարի և Թուրքիայի հետ, բայց դա երկար չտևեց։ Սաուդյան Արաբիայի հետ էլ հարաբերությունները խառն էին և անկայուն։ Ընդհանուր առմամբ, Բաշարն արտաքին քաղաքականության հարցերում հետևում էր իր հոր գծինզ զգուշություն էր ցուցաբերում և խոսւափում էր ուղիղ ռազմական բախումներից։

Կառավարումն ավտորիտար էր, ընդդիմությունը մշտական ճնշման տակ էր։ 2010 թվականի դեկտեմբերին Ասմա Ասադը Vogue նորաձևության ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ ընտանիքում «ժողովրդավարություն է տիրում»։ 

Նույն թվականին Թունիսում բանջարեղեն վաճառող Մոհամեդ Բուազիզին ինքնահրկիզվել էր, որպես բողոքի ակցիա ընդդեմ կին ոստիկանի, ով իրեն խփել էր։ Այդ գործողությունից հետո Թունիսում ժողովրդական ապստամբություն էր բարձրացել, որի արդյունքում պաշտոնից հեռացել էր նախագահ Զինա էլ-Աբիդին Բեն Ալին։ 

Թունիսի փորձը ողջ արաբական աշխարհում հեղափոխական շարժումների ալիք էր բարձրացել։ Շուտով բողոքի ցույցեր էին սկսվել Եգիպտոսում, Լիբիայում, Յեմենում, Բահրեյնում և Սիրիայում։ 

Սիրիայի առաջին տիկնոջ հարցազրույցը հրապարակվել էր 2011 թվականի մարտին՝ «Վարդն անապատում» վերնագրով (ավելի ուշ ջնջվել է)։ Այնտեղ Սիրիան նկարագրվում էր որպես «երկիր առանց պայթյունների ու լարվածության»։ Այս պատկերից, սակայն, շուտով ոչինչ չմնաց։ Մարտի կեսերից երկրի տարբեր հատվածներում զանգվածային ցույցեր էին։ Երեխաներին ձերբակալում էին հակաասադական գրաֆիտիների համար, անվտանգության ուժերը կրակ էին բացում ցուցարարների ուղղությամբ։

Ամիսներ անց խաղաղ բողոքի ցույցերը վերածվել էին զինված բախումների։ Երկրով մեկ Ասադին դեմ խմբավորումները զենք էին վերցրել և պատրաստվում էին դիմակայության։

Միջազգային հակամարտություն

Քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը հասել էր հարյուր հազարների։ Աստիճանաբար ներգրավվում էին միջազգային ուժերը։

Ռուսաստանը, Իրանը և Իրանի կողմից աջակցություն վայելող զինված խմբավորումներն Ասադի կողմից էին։ Թուրքիան և Պարսից ծոցի երկրներն օգնում էին ընդդիմությանը։

Հակաասադական ցույցերը սկզբում ուղեկցվում էին ժողովրդավարության և ազատության կարգախոսներով։ Ժամանակի հետ դրանք կրոնական բնույթ ստացավ։ Որոշ ընդդիմադիրներ կառավարությանը մեղադրում էին ալավիտներին արտոնություններ տալու և սունի մեծամասնության շահերն անտեսելու մեջ։ Միջազգային միջամտությունն այս կրոնական բաժանումն էլ ավելի էր սրացնում։ Իսլամիստական խմբավորումները դեմ էին ալավիտներին, իսկ շիա ապստամբները, որոնք հավատարիմ էին Իրանին և ենթարկվում էին Հեզբոլլահին, սկսեցին Սիրիա գալ՝ Ասադի ռեժիմը պաշտպանելու։ 

Հարևան Իրաքում այդ ժամանակ հզորանում էր Իսլամական պետությունը, որը հայտնի էր իսլամական իրավունքի խստագույն մեկնաբանություններով։ Խմբավորումն ուզում էր տարածքներ գրավել Սիրիայում՝ «նոր խալիֆատ» հիմնելու համար։

Պատերազմը Գազայում

2018-2020 թվականներին տարածաշրջանային և միջազգային համաձայնությունների արդյունքում Ասադի տիրապետման տակ մնաց երկրի տարածքի մեծ մասը։ Իսլամիստ ընդդիմադիր խմբավորումներն ու քրդական ջոկատները վերահսկում էին երկրի հյուսիսն ու հյուսիս-արևելքը։

Բաշար Ասադի դիրքերը գնալով կայունանում էին, նա աստիճանաբար վերադառնում էր դիվանագիտական ասպարեզ։ 2023-ին Սիրիայում վերականգնվել էր Արաբական երկրների լիգան, տարբեր երկրներ իրենց դեսպանություններն էին բացում Դամասկոսում։ 

ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումն ու դրան հաջորդած լայնածավալ պատերազմն ու ցեղասպանությունը Գազայում կպան նաև Լիբանանին, մասնավորապես՝ Ասադի կարևորագույն գործընկեր Հեզբոլլահին։ Խմբավորումը կորցրեց իր մի շարք առաջնորդների, այդ թվում՝ երկարամյա ղեկավար Հասան Նասրալլային։

Լիբանանի և Իսրայելի միջև կնքված հրադադարի պայմանագրի ուժի մեջ մտնելու նույն օրը սիրիական ընդդիմադիր Հայաթ Թահրիր աշ-Շամ խմբավորումը հարձակումներ սկսեց Ասադի վերահսկողության տակ գտնվող օբյեկտների վրա, արագ գրավեց Հալեպ քաղաքը գրեթե առանց դիմադրության։ 

Ռուսաստանը, Իրանը և Ասադի մյուս դաշնակիցներն այս անգամ օգնել չկարողացան։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ասադը թողել է նախագահի պաշտոնն ու հեռացել երկրից։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ռուսական կառավարական լրատվամիջոցները գրում էին, որ Սիրիայի նախկին նախագահն ընտանիքի հետ եկել է Մոսկվա։

The post Սիրիայի պաշտոնանկ նախագահն ուզում էր ակնաբույժ դառնալ first appeared on Epress.am.