«Ֆուտբոլային դիվանագիտության» մասնակիցն ընտրվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Մեդիամաքսը նշում է, որ 2010 թվականի ապրիլի 7-ին Ֆերիդուն Սինիրլիօղլուն Երեւան էր ժամանել որպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց:
Սինիրլիօղլուն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին էր փոխանցել Թուրքիայի վարչապետի ուղերձը, որում Էրդողանը, մասնավորապես, առաջարկել էր հանդիպում անցկացնել Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում։ Հայկական կողմը համաձայնել էր, եւ 2010 թվականի ապրիլի 12-ին Վաշինգտոնում կայացել էր Սերժ Սարգսյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
2012 թվականի դեկտեմբերին Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ելույթ ունենալով Դուբլինում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, ասել էր, որ պետք է արդյունավետ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբին` «նոր ստեղծագործ գաղափարների ու նախագծերի» մշակելու համար, որոնք նոր հեռանկարներ կբացեն կարգավորման գործընթացում:
«Համատեղ աշխատանքը շարունակելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստականությունը պետք է իր հետագա զարգացումը ստանա տարածաշրջանային ինտեգրմանը նպաստող “win-win” նախագծերի իրականացման միջոցով», - ասել էր թուրք դիվանագետը:
68-ամյա Ֆերիդուն Սինիրլիօղլուն իր կարիերայի ընթացքում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել Թուրքիայի ԱԳՆ-ում: Նա երկու անգամ զբաղեցրել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, եղել է Թուրքիայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։
2015 թվականի օգոստոսի 28-ից նոյեմբերի 24-ը Սինիրլիօղլուն գլխավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։