ru24.pro
Все новости
Декабрь
2024
1 2 3 4 5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Սառնասիրտ լսումներ ԼՂ և ՀՀ քաղաքացիությունների վերաբերյալ

0

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովում պատմել է, թե ինչպես է Հայաստանը ձևակերպել ԼՂ-ի բնակիչներին՝ խուսանավելով փախստականների մասին միջազգային կոնվենցիայի, Հայաստանի քաղաքացիության և հաշվառման մասին օրենքների արանքում։ ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպմանը Ղազարյանի տված պատասխանները ստորև․ 

ինչո՞ւ ղարաբաղցիները ՀՀ քաղաքացի չեն 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը սահմանվել է 1995 թ․ ընդունված Սահմանադրությամբ և 1995 թ․ նոյեմբերի 28-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիության մասին օրենքով։ Ըստ այդմ՝  ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության քաղաքացիները, նրանց մինչև 14 տարեկան զավակները և ԽՍՀՄ տարածքում բնակվող ազգությամբ հայերը, ովքեր կդիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Արդյո՞ք այս դրույթը տարածվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա։ Այս դրույթը չի տարածվում ԼՂ բնակչության վրա, որովհետև հարց է առաջանում, թե ինչ է նշանակում ՀԽՍՀ քաղաքացիներ։ Խորհրդային Միության ժամանակ գոյություն է ունեցել ԽՍՀՄ քաղաքացիության մասին օրենք, Միութենական հանրապետությունները չեն ունեցել առանձին քաղաքացիության մասին օրենքներ։ Իսկ ինչպե՞ս են տարբերակվել միութենական պետության քաղաքացիները։ Խորհրդային միության փլուզման պահին եթե ուսումնասիրություններ կատարենք նաև այլ հանրապետությունների դեպքերը, գրեթե բոլորը ունեն նման ճանաչման դրույթներ, որոնցով կարողացել են իրենց բնակչություններին առանձնացնել մեկը մյուսից։ Ինչպե՞ս են տարբերակել իրենց բնակիչներին։ Տարբերակել են անձնագրի կոդով։ Խորհրդային Հայաստանի անձնագրի կոդը եղել է СЛ, Խորհրդային Ադրբեջանի անձնագրի կոդը եղել է ЖГ, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ունեցել է ЖГ կոդով անձնագրեր։

Ցավալի հարցադրում եմ բարձրացնում, բայց պետք է բարձրացնեմ։ Արդյո՞ք կարող էր լինել այնպիսի իրավիճակ, որ ԼՂ բնակչությունը համարվեր Ադրբեջանի քաղաքացի։ Սառնասրտորեն նայենք այս հարցին․ ո՛չ, չէր կարող լինել նման իրավիճակ և չի եղել նման իրավիճակ։ Նաև Ադրբեջանի օրենսդրության սառնասիրտ ուսումնասիրության պարագայում ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքացիության մասին օերքնը, որ ուժի մեջ է մտել 1998 թ․, որևէ կերպ չի տարածվել ԼՂ բնակչության վրա։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ո՞ր երկրի քաղաքացիներն են Լեռնային Ղարաբաղի բնակիչները, եթե քաղաքացիության ընդունման օրենքների պահին՝ 1995-ին Հայաստանում և 1998-ին Ադրբեջանում, երկու օրենքներն էլ չեն տարածվել Ղարաբաղի բնակչության վրա։ Հարցի պատասխանը մեկն է՝ նրանք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են, որը թեկուզ եղել է չճանաչված պետություն, բայց եղել է պետական միավորում։

Այդ պարագայում մենք պետք է մեզ հարց տանք՝ իսկ ինչպե՞ս էր Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովն ընդունում օրենք ԼՂ Հանրապետության քաղաքացիության սկզբունքների մասին, որով սահմանում էր, որ կային Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ։ Ինչպե՞ս էր ԼՂ ԱԺ-ն ընդունում օտարերկրացիների մասին օրենք, ըստ որի Հայաստանի քաղաքացիները Ղարաբաղում ևս դիտվում էին որպես օտարերկրացիներ։ Այս հարցերին ևս կարևոր է, որ մենք ունենանք պատասխաններ։ Սա ցույց է տալիս, որ թեկուզ չճանաչված, թե՛ Հայաստանի, թե աշխարհի որևէ պետության կողմից, այդ երկիրը ձևավորել էր որոշակի իրավակարգ և ձևավորել էր որոշակի քաղաքացիության սկզբունքներ։ Նաև որոշակի ժամանակ, իմիջիայլոց, թողարկել է սեփական անձնագրերը։

ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրամադրվել ՀՀ նմուշի անձնագրեր 

1999-ի փետրվարի 24-ի համաձայնագրով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը որոշակիորեն տարբեր ոլորտներում կարգավորել են իրենց հարաբերությունները գերատեսչական փաստաթղթերով․ Ֆինանսների նախարարություններն իրենց հարաբերությունները կարգավորել են նմանատիպ համաձայնագրերով՝ օրինակ, արտոնյալ վարկի փոխանցման ճանապարհով։ Նույն կերպ Ներքին գործերի նախարարությունները անձնագրային համակարգի աշխատանքի հարցը կարգավորել են համաձայնագրի ճանապարհով։ Բացի այդ, ՀՀ-ն այդ համաձայնագրին հղում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործը քննելիս (գործում նշված է, որ Հայաստանի անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրվում են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց ոչ որպես քաղաքացիության հավաստում – Խմբ․)։

Ասում եք՝ ինչ-որ պահի չենք համարում քաղաքացիներ։ Գոյություն չունի նման բան։ Անձինք ի բնե քաղաքացիներ չէին, որպեսզի մենք դադարեինք կամ չդադարեինք։ Նրանք օգտվել են քաղաքացիների իրավունքների մեծ ծավալից, բայց որոշակի իրավունքներից չեն օգտվել, ինչպես նաև չեն կատարել որոշակի պարտականություններ, որոնք բխում են քաղաքացիությունից։ N 1419 որոշմամբ սահմանված է կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նմուշը, որը բխում է Ժնևի կոնվենցիայի ուժով փախստական ճանաչված ապաստանի ընթացակարգով անձանց համար։ Ակնհայտ է, որ ԼՂ բնակչության հանդեպ կիրառվել է այլ մոտեցում։ 1999-ին, երբ կնքվել է այդ համաձայնագիրը, փախստականության մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Ըստ այդմ անձնագիրը տրվել է ճամփորդության հնարավորության համար, ոչ թե որպես կոնվենցիոն նմուշի ճամփորդական փաստաթուղթ։

Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, ինչը բավականին անտեսվում է։ Մեզ մոտ մտայնություն կա, որ ԼՂ բնակիչների և Հայաստանի բնակիչների տարբերակումն իրականացվել է միայն անձնագրի կոդով։ Ո՛չ, դա այդպես չէ։ Իրականացվել է նաև առավելապես հաշվառման ինստիտուտի միջոցով, որովհետև ԼՂ բնակիչներ են եղել, ովքեր պահպանելով ԼՂ-ի հաշվառումը, ՀՀ-ում ստացել են այլ նմուշի անձնագրեր։ Եվ ես ցանկանում եմ ևս մեկ վարչական կայուն պրակտիկայի մասին ձեզ իրազեկել։ Դա այն է, որ մինչև հաշվառման փոփոխությունը, երբ անձը ուներ Ղարաբաղի հաշվառում և ուզում էր ձեռք բերել ՀՀ-ի հաշվառում, Հայաստանի վարչական մարմինը հարցում էր կատարում ԼՂ-ի անձնագրային ծառայություն և հարցնում էր՝ արդյո՞ք դուք թույլ եք տալիս, որ ես տվյալ անձի հաշվառումը փոխեմ։ Արդյո՞ք մենք մեզ այդ հարցը տվել ենք՝ ինչո՞ւ էր ձևավորվել այդ պրակտիկան։ Այդ պրակտիկան ձևավորվել էր ԼՂ բնակչությունն առանձնացնելու համար և ԼՂ-ի՝ որպես պետական միավորում, իր սեփական բնակչության հաշվառումներն ունենալու համար։ Հայաստանի Հանրապետությունն այդ ճանապարհն էր ընտրել, որպեսզի ինքը, այսպես պայմանական ասած, չպոկեր ԼՂ բնակչի վերջին այն հատկանիշը, որը կապում էր նրան Լեռնային Ղարաբաղի հետ և չվերագրեր նրան այն հատկանիշները և այն տվյալային համակարգը, որն ուներ Հայաստանի Հանրապետությունը։

Ասում են՝ զրկում եք քաղաքացիությունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկման ինստիտուտը դադարել է գոյություն ունենալ, եթե ես ճիշտ եմ հիշում, 2011 թվականից։

ժամանակավոր պաշտպանություն և վերադարձի իրավունք

Հաջորդ հանգամանքը, որը բարձրացվեց՝ դա անորոշությունների հարցն է, որը կապված է վերադարձի իրավունքի և այլնի հետ։ 2023 թվականի N 1864 որոշումն ունի բավականին երկար և մեծ պրիամբուլա։ Այդտեղ հստակ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության հանդեպ տեղի է ունեցել հանցագործություն՝ բռնի տեղահանությունը։ Հայաստանը դա ֆիքսել է և օգտագործել է նաև կոլեկտիվ պաշտպանության գործիքը։ Ժամանակավոր պաշտպանությունը կոլեկտիվ պաշտպանության գործիք է, այն կիրառվել է նաև մի շարք այլ երկրներում։ Վերջերս կիրառվել է Եվրոպական միության կողմից Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով Եվրոպական միությունում հայտնված Ուկրաինայի քաղաքացիների հանդեպ, այսինքն ցույց տալու, որ այս խմբի հանդեպ տեղի է ունեցել բռնի տեղահանման փաստը։

Եթե մենք դիտարկենք, որ ԼՂ բռնի տեղահանված անձինք միմիայն ՀՀ քաղաքացիներ են, ապա Հայաստանի Հանրապետությունը չէր կարող նրանց ճանաչել փախստական։ Դա բխում է 1991 թ․ Փախստականների մասին կոնվենցիայի առաջին հոդվածի E կետից, որտեղ հստակորեն ամրագրվում է, որ եթե նույն ազգության ներկայացուցիչն է և նրանց տրվում են հիմնական իրավունքները (most of the rights), ապա նրանց վրա կոնվենցիան չի տարածվում։ Սակայն մեր օրենսդրությունը մի քայլ առավել լիբերալ է, քան նույնիսկ Եվրոպական միության դիրեկտիվը։ ԵՄ-ի դիրեկտիվը, երբ անձին տալիս է ժամանակավոր պաշտպանություն, միանգամից նրան չի ճանաչում փախստական։ Ասում է՝ դու ժամանակավոր կարող ես պաշտպանվել (պաշտպանում է վերադարձից ռիսկի գոտի), հետո անհատական վարչարարության միջոցով ես կպարզեմ՝ քեզ ինչ կարգավիճակ եմ տալու։ Մեր օրենսդրությունն ասում է՝ երբ ես ժամանակավոր պաշտպանություն եմ տալիս, ես մեխանիկորեն, միանգամից այդ որոշման ուժով նաև տալիս եմ փախստականի կարգավիճակ և դրանից բխող փախստականի բոլոր իրավունքներն ու պարտականությունները։ Իսկ ո՞րն է փախստականի հիմնական իրավունքը․ հարկադիր վերադարձից պաշտպանություն այն տարածք, որտեղ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Սա որևէ կերպ չպետք է խառնել վերադարձի իրավունքի արգելքի կամ վերադարձի իրավունքի հանդեպ որևէ խոչընդոտի հետ։

Կազդի արդյո՞ք քաղաքացիություն ստանալը վերադարձի իրավունքի վրա։ Ես հակված եմ այն մտքին, որ ոչ, որևէ կերպ չի անդրադառնա։ Վերադարձի իրավունքը որպես հստակ իրավունք միջազգային իրավական համակարգում, շատ տեղերում չէ, որ ամրագրված է։ Որոշակի նշումներ կան դրա մասին 1996 թվականի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Հիմա կլինի, թե չի լինի՝ դա այլ հանգամանք է։ Արդյո՞ք իշխանությունների օրակարգում է [վերադարձի հարցը] կամ օրակարգից հանված է, չեմ կարծում, որ ես այն թիրախային պաշտոնյան եմ, ով կարող է այս հարցին պատասխան տալ։

The post Սառնասիրտ լսումներ ԼՂ և ՀՀ քաղաքացիությունների վերաբերյալ first appeared on Epress.am.