ru24.pro
Все новости
Ноябрь
2024

Մեր թոշակները ներդնելու են ավելի անկաշկանդ

0

Կենտրոնական բանկը կարծում է, որ կուտակային կենսաթոշակների ռեֆորմն այնքան կայացած է, որ կարելի է նաև ռիսկի դիմել և ֆոնդերի կառավարիչներին ավելի շատ ազատություններ տալ։ Մասնավորապես, նախատեսվում է հնարավորություն տալ ֆոնդերին ուղիղ ներդրումներ անել հայաստանյան բիզնեսներում և ավելացնել բաժնեմասային ներդրումների սահմանաչափերը։ Բացի այդ, ԿԲ-ն ցանկանում է հանել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից այլ ֆոնդեր կառավարելու արգելքը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։

Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային ֆոնդերը տարբեր նախագծերում և բիզնեսներում ուղղակի ներդրումներ անելու հնարավորություն չունեն, նրանք կարող են միայն ակտիվների 10 տոկոսի չափով ներդրումներ անել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերում, որոնք էլ իրենց հերթին ներդրումներ կանեն տարբեր նախագծերում կամ բիզնեսներում։

«Այս փոփոխություններով այդ նույն 10 տոկոսի չափով թույլատրվում է ուղղակի ներդրումներ անել», – այս մասին հայտնել է ԿԲ Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը։

Այժմ ֆոնդերի ներդրումների 42 տոկոսը կազմում են ՀՀ պետական պարտատոմսերը, մի զգալի մասն էլ բանկային ավանդներում ներդրումներն են։ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով, Հայաստանում կորպորատիվ թղթերում ներդրումները ևս պարտատոմսեր են, քանի որ այլ թողարկումներ հիմնականում չկան․ «Միայն մեկ դեպք է եղել, երբ ունեցել ենք բաժնեմասային, դա Team Telecom-ի դեպքն էր»։

Տնտեսագետ Ա․Կ․-ն Epress.am-ի հետ զրույցում նշում է, որ այս օրենքով ընդամենը փոխվում է ֆոնդերի գործիքակազմը հայաստանյան շուկայում։

«Նախկին կարգավորմամբ մենք ֆոնդերին ասում էինք, որ 70 տոկոսը պետք է Հայաստանում ներդնես, բայց միևնույն ժամանակ ներսում սահմանափակ գործիքակազմ էինք թողնում, ասում էինք՝ միայն էս-էս տեղերում», – նշել է տնտեսագետը։

Նրա կարծիքով պետական պարտատոմսերը ապահով են, բայց շահութաբեր չեն։ Երբ ֆոնդն առնում է պետական պարտատոմս, այդ գումարն ուղղակիորեն չի գնում դեպի տնտեսություն․ նախ գնում է բյուջե, ապա իրական հատված։

«Հիմա այնպես են ուզում անել, որ ներդրումների մեջ բաժնետոմսերի տեսակարար կշիռն ավելանա։ Հա՛, պետական պարտատոմսերն ապահով են, բայց բարձր եկամտային չեն։ Եկամուտն ու ռիսկը կորելյացված են՝ ինչքան ռիսկային է, այնքան եկամուտը բարձր է», – նշել է մեր զրուցակիցը։

Օրենքի փոփոխությամբ բաժնային ներդրումների սահմանաչափը կավելանա՝ 25-ից կդառնա 35 տոկոս։ Կփոխվի նաև մեկ երկրում ներդրումներ կատարելու սահմանաչափը։

«Այս պահին առավելագույնը 15 տոկոս է։ Առաջարկվում է, որ որոշ երկրների դեպքում այդ սահմանաչափը ֆինանսների նախարարության հետ համաձայնությամբ ավելի մեծ թիվ սահմանվի՝ ոչ ավել, քան եռեսուն տոկոսը։ Սա բխում է այն հանգամանքից, որ կապիտալի շուկաներն աշխարհում շատ անհավասարաչափ են բաշխված։ Օրինակ, ԱՄՆ-ի շուկան, կապիտալիզացիայով աշխարհի շուկայի կեսից ավելին է և նույն սահմանաչափով նայել ԱՄՆ-ի, Ճապոնիայի կամ Էստոնիայի շուկաներին, ճիշտ չէ», – ասել է Շահնազարյանը։

Մյուս փոփոխությունը վերաբերում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից մասնագիտացված ներդրումային ֆոնդերի կառավարմանը։ Ներկա կարգավորմամբ ֆոնդերին արգելվում է մասնագիտացված կամ չտարատեսականացված ներդրումային ֆոնդեր կառավարելը։ Դրա իմաստն, ըստ Նուրբեկյանի, այն էր, որ ֆոնդի կառավարիչները կենտրոնանային մեծ ֆոնդի վրա և այլ ռեպուտացիա ու հնարավոր ռիսկեր չունենային։

«Այժմ համակարգը կայացած է։ Նաև ֆոնդերի կառավարիչների կողմից այդպիսի ախորժակ կա, որպեսզի իրենք Հայաստանում ներդրումային միջավայրը զարգացնեն, ափսոս կլինի, որ մենք իրենց ինստիտուցիոնալ գիտելիքները չօգտագործենք» – նշել է ԿԲ փոխնախագահը վստահեցնելով, որ ռիսկային ներդրումների սահմանաչափը չի փոխվում՝ նույն 10 տոկոսն է։

Նուրբեկյանը օրենքի քննարկման ժամանակ նաև վիճակագրություն ներկայացրեց․ կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցների թիվը մոտ 525,000 է, եթե կրկնահաշվարկ արվի՝ մոտ 460,000։

The post Մեր թոշակները ներդնելու են ավելի անկաշկանդ first appeared on Epress.am.