ru24.pro
Все новости
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30

Ucom-ը ներսից. ցանցի վերազինումը, նոր կայանների «ծնունդը», սերունդների կապը

0

Itel.am-ը շարունակում է «Ucom-ը ներսից» շարքը, որով ներկայացնում է ընկերության մի քանի ստորաբաժանումների աշխատանքը եւ աշխատակիցներին:

Այս հոդվածում պատմում ենք Ucom-ի Տեխնիկական թիմի մասին՝ ներկայացնելով Հայկ Խաչատրյանի, Նարեկ Վելիցյանի, Աննա Զալինյանի, Կարեն Համբարյանի եւ Արտակ Ենգիբարյանի աշխատանքը։  

Հայկ Խաչատրյանը ղեկավարում է Ֆիքսված ցանցի աջակցության թիմը, որը զբաղվում է ինտերնետի ծառայությունների ակտիվացմամբ եւ տեխնիկական խնդիրների լուծմամբ:

«Իմ թիմը ութ հոգուց է կազմված։ Արդեն չորս տարի է, ինչ Ucom-ում եմ։ Սկզբից ներգրավված էի ներկայիս թիմում որպես ինժեներ, հետո տեղափոխվեցի կորպորատիվ հաճախորդների աջակցման թիմ, որից հետո վերադարձա որպես թիմի ղեկավար։ Ֆիքսված ցանցի բոլոր ծառայություններով մեր բաժինն է զբաղվում։ Մեր աշխատանքի յուրահատկությունն այն է, որ տարբեր բաժանորդների մոտ կարող են տարբեր խնդիրներ առաջանալ։ Տարիների ընթացքում փորձ ձեռք բերելով՝ բոլոր խնդիրները հասկացել ենք ու արագ լուծումներ ենք տալիս»,- ասում է Հայկը։

[[gallery1]]
«Մեր մոտիվացիան բաժանորդների գոհ լինելն է ու ամեն անգամ յուրահատուկ խնդիրներ լուծելը, ինչն էլ ավելի հետաքրքրիր է դարձնում մեր աշխատանքը։ Առավոտյան սուրճից հետ բոլորս սկսում ենք աշխատանքը՝ նախ տարբեր հասցեներում ակտիվացումներն ենք կատարում, այնուհետեւ՝ օրվա հայտերին լուծումներ տալիս։ Օրվա ընթացքում բազմատեսակ գործողություններ ենք կատարում ու չենք հասցնում ձանձրանալ»,- նշում է նա։

Նարեկ Վելիցյանը Ռադիոցանցի պլանավորման բաժնի ինժեներ է։ Աշխատանքը համատեղում է կրթության հետ, զուգահեռ սովորում է Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիո սարքավորումների եւ կապի համակարգերի մագիստրատուրայում։ Օրը սկսում է շախմատ խաղալով, ինչն, ըստ Նարեկի, ակտիվացնում է ուղեղը։

«Կար ժամանակ, երբ ինձ թվում էր, որ հեռահաղորդակցության ոլորտն այնքան էլ հետաքրքիր չէ։ Երբ անցա աշխատանքի՝ համոզվեցի հակառակում. հիմա այս ոլորտը շատ ուժեղ ձգում է ինձ։ Կես տարի է, ինչ աշխատում եմ Ucom-ում։ Եկել էի պրակտիկայի եւ աշխատանքի հրավեր ստացա։ Մեր բաժինը զբաղվում է ռադիոցանցի պլանավորմամբ, այսինքն՝ Հայաստանի տարածքով ապահովում ենք ծածկույթ, որպեսզի մարդիկ իրենց կենսագործունեության վայրից հասանելիություն ունենան ու կարողանան օգտվել ռադիոծածկույթից՝ զանգեր կատարել, ինտերնետից օգտվել եւ այլն։ Ստեղծում ենք բազային կայաններ, որոշում ենք դրանց տեղը, բարձրությունը, անտենաները, տեղադրվող տեխնոլոգիաների ազիմուտները՝ տվյալ կետից մաքսիմալ մեծ շառավղով ռադիոծածկույթ ապահովելու նպատակով»,-պատմում է Նարեկը։

[[gallery2]]
Նրա խոսքով՝ չափազանց հետաքրքիր գործընթաց է, քանի որ զրոյից իր աչքի առաջ «ծնվում» է նոր կայան։  

«Իմ ամենասիրելի գործը պատրաստի կայանը հարեւան կայանների հետ «կապելն» է, որպեսզի դրանք միմյանց հետ սինքրոնիզացված աշխատեն։ Հարկավոր է տեխնիկական պարամետրերը հատ առ հատ լրացնել։ Կարող է ձանձրալի աշխատանք թվալ, բայց ինձ համար այն ամենահետաքրքիրն ու ամենասիրելին է»,-խոստովանում է նա։

Աննա Զալինյանը Օպտիկամանրաթելային ցանցի գործառնությունների որակի վերահսկման բաժնի ղեկավարն է։ 2012 թվականին միացել է ընկերությանը որպես տեղեկատվական կենտրոնի օպերատոր։ Այժմ իր թիմը բաղկացած է 12 հոգուց։

«Բաժնով վերահսկում ենք ամբողջ ՕՊՄԹ ցանցի տեխնիկական աշխատանքը՝ ՕՊՄԹ ցանցի լայնացումից  մինչև այց բաժանորդի տուն: Ստուգում ենք յուրաքանչյուր աշխատանք, քննում բոլոր դիմում-բողոքները:

Միշտ մեր տեխնիկական մասնագետներին ասում եմ, որ իրնեց պատասխանատվությունը կրկնակի է, քանի որ մտնում են բաժանորդի տուն, նրա միջավայր եւ կատարում լարանցումներ։ Պետք է պահպանել բաժանորդի գոհ լինելու եւ տեխնիկական գրագետ մոտեցման սահմանները։

[[gallery3]]
Բաժնի 12 աշխատակիցներից միայն մեկն է տղամարդ։ Շատ ենք սիրում մեր առավոտյան սուրճի արարողությունը, ամեն մեկն ինչ-որ «համովություն» է պատրաստում՝ միասին փորձում ենք ու քննարկում օրվա անելիքները։ Ամեն մի ծնունդը փորձում ենք տոն դարձնել, ինչ-որ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել եւ պահել թիմային ոգին»,- պատմում է Աննան։

Կարեն Համբարյանը՝ Միկրոալիքային տրանսմիսիայի գործառույթների բաժնի ղեկավարը, իր բաժնի գործունեությունը համեմատում է քաղաքի ենթակառուցվածքների հետ:

«Միկրոալիքային տրանսմիսիայի գործառույթների բաժինը պատասխանատու է Երեւանից ամբողջ Հայաստանով մեկ բջջային կայաններով կապի հաստատման համար։ Այսինքն՝ լեռներում, բարդ տիրույթներում տեղակայված բջջային կայանները իրար հետ միջանկյալ կապով իրար են փոխանցում ինֆորմացիա, որը բջջային հեռախոսում վերածվում է փոքր ինֆորմացիոն հանգույցի եւ միկրոալիքային սարքավորումների միջոցով ուղարկվում կենտրոն՝ Երեւանի կայան։ Բացի այդ, թրաֆիկի աճին զուգահեռ վերազինում ենք ցանցը՝ հին սարքավորումները փոխարինում նորերով»,- նկարագրում է Կարենը։

[[gallery4]]
Բաժնում աշխատում են երեք սերնդի մասնագետներ՝ 90-ականների փորձառու ինժեներներ, միջին տարիքի մասնագետներն ու ուսանողներ։

«Այն, ինչը մենք տարիների ընթացքում դժվարությամբ ստացել ենք արտասահմանյան մասնագետներից, հիմա արդեն փոխանցում ենք մեր երրորդ սերնդին՝ ուսանողներին։ Ուզում ենք, որ հայ մասնագետներն ավելի պատրաստված լինեն, այն սխալները, որ 10 տարի առաջ էինք անում, այլեւս չկրկնվեն։ Մեր օրը սկսվում է պլանավորված եւ չպլանավորված խնդիրների դասակարգմամբ։ Ամենակարեւորը խնդրին ճիշտ նկարագրություն տալն է, որից էլ բխում է ճիշտ լուծումը»,-ասում է նա։

Արտակ Ենգիբարյանը Բջջային կայանների եւ ենթակառուցվածքների սպասարկման եւ կառուցման թիմի համակարգողն է։ Թիմի անդամները ոչ միայն տեխնիկական մասնագետներ են, այլեւ՝ փորձառու ալպինիստներ։

«Մեր բոլոր տղաները պարտադիր անցնում են ալպինիստական դասընթացներ, որովհետեւ աշխատանքն իրականացվում է 10-ից 85 մետր բարձրության վրա։ Աշխատում ենք ամբողջ տարվա ընթացքում՝ անձրեւի, ձյան ու ամառվա բարձր ջերմաստիճանի պայմաններում»,- ասում է Արտակը։

[[gallery5]]
Իրենց աշխատանքը բազմաբնույթ է. սկսած նոր կայանների կառուցումից եւ վերազինումից, մինչեւ խափանված սարքերի փոխարինում եւ հոսանքային խնդիրների վերացում։ Այդ բազմազանությունը ոչ միայն թույլ չի տալիս հոգնել աշխատանքից, այլեւ թիմի անդամներին մշտապես զգոն է պահում։

«Մեր բաժնում ադրենալինի պակաս չկա։ Եղել են դեպքեր, երբ կապը կորցրել ենք աշխատակիցների հետ ու որոշ ժամանակ չենք իմացել՝ ինչ փուլում են, շատ ենք անհանգստացել։ Աշխատում ենք 24 ժամ եւ բավականին ծանրաբեռնված»,- պատմում է Արտակը։

Տեխնիկական բաժնի աշխատանքին ծանոթանալուց հետո զրուցում ենք Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

«Առանց տեխնիկական աշխատակազմի ենթակառուցվածքների մասին խոսելն
իզուր է, քանի որ իրենք են այն «առյուծները», որ գիշեր-ցերեկ, տոն օրերին, արձակուրդներին աշխատում են ու ապահովում անխափան կապ։ Իրենց համար բոլոր օրերն աշխատանքային են։ Եթե վթար է լինում, նրանք պետք է արագ հասնեն դեպքի վայր ու վերականգնեն կապը՝ անկախ եղանակային պայմաններից։

[[gallery6]]
Տեխնիկական բաժինը մեր ընկերությունում ամենակարեւոր հենասյուներից մեկն է։  Նրանք մեծ առաքելություն են ստանձնել՝ լավ գիտակցելով իրենց վրա դրված պատասխանատվությունը»,-ամփոփում է Ռալֆ Յիրկյանը։

Կարդացեք նաեւ.

Ucom-ը ներսից. հարգանքը, մշակույթն ու առողջ միջավայր կերտողները

Ucom-ը ներսից. Զեղծարարների առջեւ «պարիսպներ» կառուցողները

Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը

Ucom-ը ներսից. հոգատարությունը, սթրեսն ու առաջին գծի «մարտիկները»

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի