ru24.pro
Все новости
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

«Ո՞վ կարող է կանգնեցնել Ադրբեջանին, երբ COP-ն արդեն ավարտված լինի»

0

Բաքվում COP29-ի ավարտից մի քանի օր առաջ եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ավելի քան մեկ տարի անց նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտում է միջազգային հանրության խուլ լռությունը եւ կոչ անում ազատ արձակել իր հորը եւ 22 մյուս պատանդներին, որոնք  բանտարկված են միայն մեկ՝  հայ լինելու պատճառով: Այս նախաբանով է ֆրանսիական  Le Journal du Dimanche պարբերականը  հրապարկել Բաքվում ապօրինի պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորեւ:

***

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանում անցկացվում է ամենակարեւոր եւ խորհրդանշական միջազգային համաժողովներից մեկը՝ COP29-ը: Փաստորեն, աշխարհի տարբեր երկրների ղեկավարները մեկ հարկի տակ են հավաքվել մի վայրում, որը գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ պահվում եւ խոշտանգումների են ենթարկվում հայ պատանդները:  

Նրանց շարքում է հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի առաջ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից այն պահին, երբ հեռանում էր Լեռնային Ղարաբաղից 120 000 այլ հայերի հետ միասին, որոնք ստիպված էին բռնել գաղթի ճամփան իրենց նախնիների հողից: Հայրս այժմ գտնվում է կալանքի տակ 22 այլ պատանդների հետ միասին՝ միայն այն պատճառով, որ հայ է:  

Ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում խոսել արդարության, մարդու իրավունքների, համաշխարհային համագործակցության եւ բնապահպանության մասին՝ գտնվելով խոշտանգումների ենթարկվող հայերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Այս ճակատագրական պահին, երբ Ադրբեջանը գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, ես կոչ եմ անում ՄԱԿ-ի ղեկավարությանը թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մահանան հավաքական անտարբերության մեջ։

Հայրս իր ամբողջ կյանքը նվիրել է ուրիշներին օգնելու գործին: Նա իր ընկերների եւ գործընկերների հետ միասին նախաձեռնել եւ իրականացրել է ավելի քան 700 մարդասիրական ծրագիր, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Նա միշտ օգնել է ուրիշներին այնպիսի ծրագրերի շրջանակներում, որոնք ամենուր փորձում են դարձնել աշխարհն ավելի արդար եւ խաղաղ: Այսօր հենց նա ունի օգնության կարիք։ Ահա թե ինչու եմ ես իմ ձայնը բարձրացնում նրա փոխարեն, քանի որ նա զրկված է այդ հնարավորությունից: Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը շրջել, զբաղվել «այլ առաջնահերթություններով» եւ թույլ տալ, որ Ադրբեջանը օգտվի այս անպատժելիությունից՝ գործելու եւ, ինչն ավելի վատ է՝ իր երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու համար COP29-ն օգտագործելու նպատակով:

Դեռ ժամանակ կա գործելու

Յուրաքանչյուր օր, որը հայերն անցկացնում են բանտում, խարան է մեր հավաքական խղճի վրա: Ամեն րոպե, երբ մենք լռություն ենք պահպանում, ժամանակ ենք տալիս նրանց, ովքեր օգտվում են դրանից՝ կյանքեր, մշակույթներ եւ ամբողջական ինքնություններ բնաջնջելու համար: Ժամանակն է՝ խախտելու այս խուլ լռությունը։

Ես ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ. մասնակցել Բաքվում անցկացվող այս COP-ին՝ առանց մարդու իրավունքների խնդրին անդրադառնալու, նշանակում է դառնալ Բաքվի կողմից քաղաքական նպատակներով այն որպես գործիք օգտագործելու մեղսակիցը: Օգտագործելով COP-ը՝ Բաքուն շարունակում է վարկաբեկել այն, ինչը պետք է հարթակ հանդիսանար մարդկության ընդհանուր մարտահրավերների շուրջ միջազգային համագործակցության իրականացման համար:

Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, դեռ ժամանակ կա գործելու: Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել պատանդներին եւ կոչ անել ազատ արձակել նրանց: Մյուսները կարող են ճնշում գործադրել առաջնորդների վրա՝ Ադրբեջանից երաշխիքներ պահանջելով, մերժելով այդ երկրի անպատժելիությունը, ինչը վտանգի տակ է դնում մի շարք ազգերի եւ վերջապես, պահանջելով անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին: Ո՞վ կարող է վաղը կանգնեցնել Ադրբեջանին, երբ COP-ն արդեն ավարտված լինի:

Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: