ru24.pro
Все новости
Ноябрь
2024

Սուխումիում Կառավարական շենքերը գրաված ցուցարարները չեն բավարարվում

0

Աբխազիայում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնությանը դեմ ցուցարարներն այսօր գրավել են կառավարության շենքը։ Ավելի ուշ վերահսկողություն են սահմանել ամբողջ կառավարական համալիրի վրա։ «Ուժային ստորաբաժանումների մի մասը ժողովրդի կողքին է», – գրում են տեղական տելեգրամ ալիքները։

Ցուցարարները պահանջում են համաձայնագիրը ստորագրած նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։

Ցույցերի մեկնարկից ժամեր անց ինքնահռչակ հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Բժանիայի աշխատակազմը փաստաթղթեր է պատրաստում «Աբխազիայի Հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ Աբխազիայի հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագրի վավերականացման մասին» օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանից հետ կանչելու մասին։

«Որոշումը կայացվել է երկրում ստեղծված իրադրությունը կայունացնելու նպատակով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդդիմությունը, սակայն, խստացրել է բողոքի ակցիայի պահանջները։ Ցուցարարները չեն պատրաստվում դադարեցնել ակցիան, քանի դեռ Բժանիան հրաժարական չի ներկայացրել։

Առավոտյան ցուցարարների ու ոստիկանության ներկայացուցիչների միջև բախումներ են եղել։ Ակցիայի մասնակիցներն ուժայինների ուղղությամբ ձվեր և շշեր էին նետում։ Շինարարական մեքենաների միջոցով ցուցարարները հեռացրել էին կառավարության շենքի ցանկապատը։

Հակառավարական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էր իջել Ներքին գործերի նախարար Ռոբերտ Կուիտը և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Կուչուբերիան։ Ցուցարարներին լսելուց հետո պաշտոնյաները խոստացել էին պահանջների մասին զեկուցել նախագահին։

Ներդրումային նախագծերին վերաբերող ռուս-աբխազական համաձայնագիրը հոկտեմբերի 30-ին ստորագրվել է Մոսկվայում։ Համաձայնագիրը լուրջ արտոնություններ է տալիս ռուսական խոշոր ներդրողներին։ Օրինակ, կապիտալ շինարարության օբյեկտների շահագործման առաջին 8 տարիների ընթացքում նրանք ազատվելու են գույքահարկից և շահութահարկից։

Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Էխո Կավկազայի» հետ զրույցում այս համաձայնագիրը նկարագրել է որպես «Ռուսաստանի՝ Աբխազիայի տնտեսության նկատմամբ վերահսկողությունն ամրապնդելու հերթական փորձը»։

«Ցանկացած ռուսաստանցի օլիգարխ, որը 2 միլիարդ ռուբլու ներդրում կկատարի, Աբխազիայում կստանա փաստացի անսահմանափակ իրավունքներ՝ երկարաժամկետ արտոնություններ, այդ թվում ազատում հարկերից, իշխանություններից բիզնեսի լիակատար պաշտպանություն և ենթակառուցվածքների սպասարկում պահանջելու հնարավորություն և այլն։ Այս արտոնությունները ընդհանրապես չեն տարածվում աբխազ գործարարների վրա», – բացատրել է Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին։

Սպասվելիք օրենսդրական բարեփոխումները անբարենսպաստ պայմաններ են ստեղծում տեղական բիզնեսի համար և արտոնյալ դիրք են տալիս ռուսական կապիտալին։ Ընդդիմությունը սա Աբխազիայի տնտեսական անեքսիայի մաս է համարում։

The post Սուխումիում Կառավարական շենքերը գրաված ցուցարարները չեն բավարարվում first appeared on Epress.am.