ru24.pro
Все новости
Ноябрь
2024

Թրամփի կաբինետն իրենից բեթար է

0

Ընդհամենը 9 օր առաջ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է առանցքային պաշտոնների իր առաջադրած թեկնածուների մասին։ Մեծամասնությունը անձամբ Թրամփին հավատարիմ պահպանողականներ են, որոնք կիսում են նախագահի հայացքները ներքին և արտաքին քաղաքականսության հարցերում։ Պաշտոնավարումը սկսելուց առաջ թեկնածուների ընտրությունը պետք է հաստատվի Սենատի կողմից։

Մարկո Ռուբիո, պետքարտուղար

Կուբայից ներգաղթյալների ընտանիքում մեծացած Ռուբիոն 2000-ականների սկզբին Հանրապետական կուսակցության «ոսկի երիտասարդներից» էր։ 1999 թվականից Ֆլորիդա նահանգի ներկայացուցիչների պալատում էր, 2010-ից դարձել է սենատոր և ներկայացնում է Ֆլորիդա նահանգը ԱՄՆ Կոնգրեսի պալատում։ 2016-ին մասնակցել է Հանրապետականների փրայմերիզին, որի ժամանակ որոշվում է կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուն։ Փորձագետները նրա մասնակցությունը ծայրահեղ ձախողված են որակում։ Ռուբիոն ավելի շատ քննադատում էր ոչ թե դեմոկրատներին, այլ առաջադրվելու մրցավազքում իր հակառակորդ Դոնալդ Թրամփին։ Չէր խուսափում նաև անձնական բնույթի վիրավորանքներից։ «Նա չի քրտնում, որովհետև ծակոտիները լցված են ավտոզագարով», «Տեսե՞լ եք նրա ձեռքերը։ Գիտեք, չէ՞, ինչ են ասում փոքր ձեռքերով տղամարդկանց մասին», – ասում էր Ռուբիոն Թրամփի հասցեին։ Հարազատ Ֆլորիդա նահանգի ընտրություններում երրորդ տեղը զբաղեցնելուց հետո նա դուրս եկավ փրայմերիզից։

Մարկո Ռուբիոն իր քաղաքական կարիերայի ընթացքում բազմիցս փոխել է հայացքները՝ կուսակցության հիմնական գծին զուգահեռ։ Ռուբիոն աստիճանաբար հետ էր կանգնել արդեն իսկ Միացյալ Նահանգներում բնակվող միգրանտներին քաղաքացիություն շնորհելու մտքից։ Սկզբում խստորեն քննադատում էր Դոնալդ Թրամփին, հետո դարձավ նրա մտերիմ դաշնակիցը։ Այս տարվա ընտրական քարոզարշավի ժամանակ Ռուբիոն Թրամփի գլխավոր խորհրդականն էր արտաքին քաղաքականության հարցերում, օգնել է նրան Ջո Բայդենի հետ դեբատներին պատրաստվելիս։

Ռուբիոն Չինաստանի դեմ ավելի կտրուկ միջոցներ կիրառելու կողմնակից է։ Նրա նկատմամբ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել։ Reuters-ը գրում է, որ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո դրանք, հավանաբար, կհանվեն, քանի որ հակառակ դեպքում պաշտոնական Պեկինը չի կարողանա շփում պահել Ռուբիոյի հետ։ Փորձագետների կարծիքներին հղվելով, գործակալությունը գրում է, որ մյուս տարբերակը երկու երկրների առաջնորդների ուղիղ շփումն է՝ առանց Պետդեպարտամենտի միջնորդության։

Ռուբիոն 2014 թվականին Ռուսաստանի դեմ սանկցիաների քաղաքականության մոլի կողմնակից էր։ Ուկրաինային աջակցության հարցում նրա կարծիքը կտրուկ փոփոխվել է վերջին տարիներին։ 2022-ին նա աջակցում էր Բայդենի ադմինիստրացիայի առաջարկած ռազմական և ֆինանսական օգնության ծրագիրը։ 2024-ին նա արդեն դեմ էր քվեարկում օգնության փաթեթի տրամադրմանը։ Թրամփի օրինակով նա ևս խնդրի արագ բանակցային լուծման կողմնակից է։ 

Փիթ Հեգսեթ, պաշտպանության նախարար

Պենտագոնի պոտենցյալ նոր ղեկավար Փիթ Հեգսեթը միշտ էլ Թրամփի կողմնակիցն է եղել։ Նախկին զինվորական է, կռվել է Գուանտանամոյի բազայում, հետո՝ Իրաքում և Աֆղանստանում։ Ծառայությունը թողնելուց հետո աշխատանքի է անցել Հանրապետական կուսակցությանն աջակցող Fox News հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։

Պետական պաշտոններ երբևէ չի զբաղեցրել։ 2017-ին Թրամփը դիտարկում էր նրան վետերանների հարցերով դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Այն ժամանակ շատերը դեմ էին Հեգսեթի նշանակմանը, քանի որ համարում էին այդ պաշտոնի համար չափազանց երիտասարդ (37 տարեկան էր)։

2016 թվականից սկսած Հեգսեթն աջակցում է Թրամփի բոլոր նախաձեռնություններին և քննատատում է նրա բոլոր ընդդիմախոսներին։ 2019 թվականին Հեգսեթը պաշտպանում էր հրամանատարներին, որոնք դատվում էին պատերազմական հանցագործությունների համար։ Նրանցից մեկն Իրաքում փոքրիկ աղջկա ու ծեր տղամարդու էր սպանել, մյուսը՝ անզեն պատանու։ Այն ժամանակ Հեգսեթն անձամբ համոզել էր Թրամփին ներում շնորհել մեղադրյալ զինվորականներին։

Պաշտպանության նախարարի պաշտոնում Հեգսեթից մասշտաբային կադրային փոփոխություններ են սպասում։ Նա առաջարկում էր «թափ տալ» Շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեն, սկսած դրա նախագահ, գեներալ Չարլզ Բրաունից։ Վերջերս Հեգսեթը հանրայնորեն հայտարարել էր, որ Բրաունն այդ պաշտոնում նշանակվել է բացառապես ռասայական բազմազանության քաղաքականության պատճառով, և կոչ է արել բանակի կադրային հարցերում «հրաժարվել պոլիտկոռեկտության աղբից»։

Թալսի Հաբարդ, Ազգային հետախուզության ղեկավար

Վերջին ընդհամենը երկու տարվա ընթացքում Թալսի Հաբարդը կտրուկ շրջադարձ է կատարել դեմոկրատական ճամբարից դեպի հանրապետական։ Իր քաղաքական կարիերան նա սկսել է Դեմոկրատական կուսակցությունից. 2012 թվականին Ներկայացուցիչների պալատում Հավայի նահանգից նրա թեկնածությունը պաշտպանել էր Բարաք Օբաման, 2016-ի փրայմերիզի ժամանակ նա աջակցում էր սոցիալիստ Բերնի Սանդերսին, 2020-ին Հաբարդն ինքը մասնակցում էր առաջադրվելու մրցավազքին, հետո հանեց իր թեկնածությունն ի օգուտ Ջո Բայդենի։ 

Նա հետևողականորեն քննադատում էր ԱՄՆ մասնակցությունը ցանկացած տեսակի զինված հակամարտության։ 2017 թվականին հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որից հետո ասում էր, որ չի համարում նրան Ամերիկայի թշնամի։ 

Հաբարդը հենց սկզբից դեմ էր Ուկրաինային աջակցելու քաղաքականությանը։ 2022 թվականի փետրվարին, երբ սկսվել էր Ռուսաստանի լայնամաստաբ ներխուժումը Ուկրաինա, թվիթերի իր էջում Հագարդը գրել էր. «Այս պատերազմից ու տառապանքներից հեշտությամբ կարելի էր խուսափել, եթե Բայդենի վարչակազմն ու ՆԱՏՈ-ն ընդունեին Ռուսաստանի լեգիտիմ մտավախություններն անվտանգային հարցերում, որոնք կապված են Ուկրաինայի պոտենցյալ ՆԱՏՈ անդամակցությամբ, ինչը կնշանակեր ամերիկյան և նատոյական զորքերի ներկայություն ուղիղ Ռուսաստանի սահմանին»։

2022-ի ամռանը նա գրում էր, որ Ուկրաինան, հավանաբար, մի քանի ամիս էլ չի դիմանա, և կոչ էր անում Սպիտակ տանը դադարեցնել կոնֆրոնտացիան Ռուսաստանի հետ։ «Բայդենի ադմինիստրացիան առնվազն պետք է դադարի իր նպատակը համարել Ռուսաստանի թուլացումը, և դրա փոխարեն նախապատվությունը տա դիվանագիտությանը, փորձի օգնել Կիևին և Մոսկվային սկսել բանակցային պրոցես և դադարեցնել պատերազմը»։

2022 թվականին Հաբարդը դուրս եկավ Դեմոկրատական կուսակցությունից, Բայդենին մեղադրելով թույլ միգրացիոն քաղաքականության և երկիրը պառակտելու մեջ։ 2024-ի օգոստոսից պաշտոնապես միացել է Դոնալդ Թրամփի քարոզարշավին։

Մեթ Գեթս, գլխավոր դատախազ

Գեթսն ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում ներկայացնում է Ֆլորիդան։ 2023 թվականին հենց նա էր Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Քևին Մաքքարթիի պաշտոնանկության նախաձեռնողը։ Մաքքարթիին այն ժամանակ հաջողվել էր ընդունել ժամանակավոր բյուջեն, որի շնորհիվ պետության և Բայդենի աշխատակազմի «շաթդաունի» վտանգը չեզոքացվում էր։ Այդ քայլից հետո Գեթսը և մյուս մոլի հանրապետականները նախաձեռնեցին Մաքքարթիի պաշտոնանկության պրոցեսը։ Նախկին խոսնակն ավելի ուշ ասել էր, որ «մի կոնգրեսմեն» այդպիսով փորձել է ստիպել իրեն լռել սեքս-սկանդալի մասին, որի զոհն է դարձել անչափահաս երեխա։

Այդ «մի կոնգրեսմենը» հենց Գեթսն էր, ում նկատմամբ այդ ժամանակ քրեական հետապնդում կար սեռական շահագործման նպատակով մարդկան առքուվաճառքի գործով։ Կոնգրեսմենը կասկածվում էր 17-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ։ Գործի քննությունը սկսվել էր 2020 թվականին։ New York Times-ը գրում էր, որ Թրամփի նախագահության վերջին շաբաթներին Գեթսը խնդրել էր նրան ազատել իրեն քրեական հետապնդումից։ Ավելի ուշ՝ արդեն Բայդենի պաշտոնավարման օրոք, այդ հետապնդումը վերսկսել հնարավոր չէր բավարար ապացույցների բացակայության պատճառով։

Գեթսը Թրամփի հավատարիմ դաշնակիցներից է։ Հանրապետական նախագահին աջակցում է բոլոր դատական պրոցեսներում։ 2023 թվականին հայտարարել էր, որ առաջարկել է Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

Գեթսը դեմ է  Ուկրաինային օգնություն տրամադրելուն։ 2023 թվականի փետրվարին Ներկայացուցիչների պալատի ևս 10 անդաների հետ համատեղ նախաձեռնել էր «Հոգնածություն Ուկրաինայից» բանաձևը, որում պահանջում էր դադարեցնել Կիևին տրամադրվող ռազմական և ֆինանսական աջակցությունը։

Ջոն Ռեթքլիֆ, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար

Ջոն Ռեդքլիֆը Թրամփի առաջին նախագահության ժամանակ Ազգային հետախուզության ղեկավարն էր։

Այդ պաշտոնում նրա նշանակման առաջին փորձն ավարտվել էր սկանդալով. Սենատը մերժել էր նրա թեկնածությունը, համարելով, որ կուսակցական անցյալի պատճառով նրան չի հաջողվի անկողմնակալություն պահպանել։ Այդ ժամանակ Ռեթքլիֆն առաջին հերթին հայտնի էր որպես Տեխաս նահանգը ներկայացնող կոնգրեսմեն և Թրամփի հավատարիմ հետևորդ։ Նա, մասնավորապես, նախաձեռնել էր Կոնգրեսի կողմից Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննությունը։ Նա Թրամփի կողքին էր նաև իմփիչմենթի գործընթացի ժամանակ։

Այնուամենայնիվ, երկրորդ փորձից նրա նշանակումը Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում հաստատվել էր։ Կողմնակալ պահվածքի մասին մտավախությունները ևս։ Նա էր կայացրել Բայդենի աշխատակազմը քննադատելու պատճառ դարձած փաստաթղթերի գաղտնազերծման որոշումը, չնայած դրան դեմ էր Կենտրոնական հետախուզական վարչությունը։ Այդ փաստաթղթերից էին, օրինակ, 2016 թվականի ընտրություններում ռուսական ազդեցության մասին պաշտոնական գրությունները։ Որոշ դեպքերում, սակայն, Ռեդքլիֆը հրաժարվել է գաղտնազերծել նյութեր, նույնիսկ երբ այդ մասին խնդրում էր անձամբ Թրամփը։

Արտաքին քաղաքականության հարցերում Ռեդքլիֆը քննադատում էր փորձագետներին, որոնք Չինաստանից, Ռուսաստանից և Իրանից սպասվող վտանգը գնահատում են տարբեր կրիտերիաներով։ Արդյունքում նախագահ Բայդենի աշխատակազմն ընդունել էր այդ քննադատությունը և հաստատել, որ գնահատման համար ստանդարտ չափանիշներ են պետք։ 

2024-ին Ռեդքլիֆն իշխանություններին հորդորում էր ավելի շատ ուշադրություն դարձնել Հյուսիսային Կորեային և քննադատում էր Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու Բայդենի սպառնալիքները։

Քրիստի Նոեմ, ներքին անվտանգության նախարար

Ներքին անվտանգության նախարարը ստիպված է լինելու ռեալիզացնել նախագահ Թրամփի խոստումներն անօրինական միգրանտների հարցերում։ Այդ նպատակով էլ ընտրվել է Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմը, ով հայտնի է այդ թեմայով արմատական հայտարարություններով։ 

2023 թվականին նա, ինչպես և մյուս հանրապետական նահանգապետերը, Ազգային գվարդիայի զորքեր էր ուղարկել Տեխաս, որպեսզի օգնեն Մեքսիկայի հետ սահմանը պահելու հարցում։ «Սահմանամերձ ճգնաժամը խորանում է նախագահ Բայդենի դիտավորյան անգործության պատճառով», – հայտարարել էր Նոեմը։

Նրան քննադատում են ոչ միայն միգրանտների նկատմամբ անխիղճ քաղաքականության, այլևս իր ինքնակենսագրականում տեղ գտած դաժան պատմությունների համար։ Օրինակ, նա գրել էր, որ մի անգամ իր իսկ ձեռքով կրակել է իր շան վրա, որը «անուսանելի» էր և փասիանների որսի համար «անպիտան»։

Իլոն Մասկ, կառավարության արդյունավետության դեպարտամենտ

«Նոր աստղ», «երկրի ամենակարևոր մարդկանցից մեկը». ընտրությունների օրը իր հաղթական ճառում Դոնալդ Թրամփը Իլոն Մասկի մասին խոսելիս կոմպլիմենտներ չէր խնայում։ Այս պահին աշխարհի ամենահարուստ մարդը,  Tesla և SpaceX կորպորացիաների ղեկավար, X սոցիալական ցանցի սեփականատեր Մասկը նշանակվել է հատուկ իր համար հիմնադրված կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։

Մասկը Թրամփին աջակցում է 2022 թվականից, մինչ այդ միայն քննադատում էր։ Նա իր իսկ կողմից հիմնադրված Թրամփի աջակցության համար ստեղծված America PAC կազմակերպությանը 119 միլիոն դոլար էր նվիրել։ Այս տարվա ընտրություններից առաջ փող էր տալիս մարդկանց, որոնք համաձայնում էին ստորագրել խոսքի ազատության պաշտպանության իր պետիցիան։ 

Թե կոնկրետ ինչով է զբաղվելու այս նոր դեպարտամենտը՝ հայտնի չէ։ Մասկը հայտարարել է, ինքը պատրաստվում է պայքարել «խեղդող դաշնային բյուրոկրատիայի դեմ»։ Իսկ Թրամփը՝ նոր դեպարտամենտի ստեղծման մասին հայտարարելիս նշել է, որ դրա գլխավոր նպատակը «մեծ ծախսերն ու մսխումները վերացնելն է»։

Մասկի համար հորինված նոր գերատեսչությունն անգլերենում կոչվում է DOGE (Department of Government Efficiency)։ Դա ակնհայտ հղում էր Իլոն Մասկի Dogecoin կրիկպտոարժույթին, որը վերջին օրերի ընթացքում մեծ աճ է արձանագրել։

Վիվեկ Ռամասվամի, կառավարության արդյունավետության դեպարտամենտ

Իլոն Մասկը նոր դեպարտամենտը ղեկավարելու է Վիվեկ Ռամասվամիի հետ համատեղ։ Ռամասվամին Ամերիկայում հայտնի է դարձել վերջին հանրապետական փրայմերիսում առաջադրվելուց հետո։ 2023-ի օգոստոսին նա դեբատի ժամանակ անսպասելիորեն հաղթել էր ՄԱԿ-ում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, որը հաղթել էր իր մասնակցած բոլոր ընտրություններում։ 

Քարոզարշավի ժամանակ ներդրումային ֆոնդերի և դեղագործական արդյունաբերության վրա հարստացած միլիոնատերը բազմիցս նշել է, որ երբևէ չի մասնակցել ընտրություններին, ո’չ որպես թեկնածու, ո’չ էլ որպես ընտրող։ Նա իրեն ներկայացնում էր որպես անտիիսթեբլիշմենթ, ինչի պատճառով էլ հաճախ ավելի խիստ էր արտահայտվում քան ինքը Թրամփը։ 

Ռամասվամին հայտնի է Ուկրաինայի հարցում կոշտ դիրքորոշմամբ։ Նա կարծում է, որ Ուկրաինան պետք է Ռուսաստանին տա իր «ռուսախոս շրջանները», քննադատում և կոռուպցիայի մեջ է մեղադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, դեմ է Ուկրաինային օգնություն տրամադրելուն։ Ինչպես և Թրամփը, կողմ է պատերազմի բանակցային ավարտին։ Գործարքի պայմաններն այսպես է պատկերացնում. Ռուսաստանը ստանում է որոշ ուկրաինական շրջաններ՝ Չինաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու դիմաց։ 

Կառավարության արդյունավետության դեպարտամենտը ղեկավարելու մասին հայտարարությունից հետո, Ռամասվամին արդեն առաջարկել է լուծարել Կրթության և գիտության նախարարությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Նա նաև խոստացել է կրճատել ուրիշ երկներին տրամադրվող օգնության ծավալները, սկսելով Ուկրաինայից և Իսրայելից։

Թոմաս Հոման, «սահմանների կայսր»

«Ես Թոմին վաղուց եմ ճանաչում, և ոչ ոք չի կարող նրանից ավելի լավ պաշտպանել ու վերահսկել մեր սահմանները։ Թոմ Հոմանը պատասխանատու կլինի անօրինական միգրանտների դեպի իրենց հայրենի երկիր արտաքսումների համար», – իր Truth Social սոցիալական կայքում գրել էր Դոնալդ Թրամփը։ «Սահմանների կայսրը» ոչ օֆիցիալ պաշտոն է. դա փաստացի Սահմանների պաշտպանության և արտաքսումների հարցերով լիազորն է։

Թրամփի առաջին նախագահության ժամանակ Հոմանը զբաղեցնում էր Միգրացիոն և մաքսային ոստիկանության ղեկավարի պաշտոնը։ Նա կողմ էր միգրանտների երեխաներին ծնողներից բաժանելու քաղաքականությանը՝ հետագա ներհոսքը քչացնելու նպատակով։ Առաջարկում էր քրեական պատասխանատվության ենթարկել այն քաղաքական գործիչներին, որոնք կողմ են միգրանտների համար խաղաղ բնակավայրեր հատկացնելու նախագծերին։

Մայքլ Ուոլթց, ազգային անվտանգության հարցերով խորհրդական

Ֆլորիդա նահանգը ներկայացնող կոնգրեսմեն Մայքլ Ուոլթցը հայընի է որպես ահաբեկչության դեմ պայքարի փորձագետ։ 

Ուոլթցը Չինաստանի հետ հարաբերությունների հարցերում կոշտ գծի կողմնակից է։ Հեղինակն է օրենսդրական նախաձեռնության, որի համաձայն ԱՄերիկան պետք է անի հնարավոր ամեն բան չինական «կրիտիկական հանքանյութերից», մասնավորապես՝ հազվագյուտ հողային մետաղներից ավելի փոքր կախվածություն ունենալու համար։

Ուկրաինայի հարցով նրա կարծիքը 2022 թվականից ի վեր զգալի փոփոխվել է։ Այն ժամանակ նա Բայդենի աշխատակազմին կոչ էր անում հնարավորինս շատ զենք մատակարարել Ուկրաինային։ Հիմա արդեն կրկնում է Թրամփի խոսքերը պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու մասին։ 

Էլիզ Ստեֆանիկ, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

2014 թվականին Էլիզ Ստեֆանիկը դարձել էր ամենաերիտասարդ կինը, ով երբևէ ընտրվել է Ներկայացուցիչների պալատ։ Այն ժամանակ նա 30 տարեկան էր։ Նյու Յորք նահանգը ներկայացնող կոնգրեսվումընը սկզբում չափավոր պահպանողական հայացքներ ուներ։ 2019-ից Թրամփի մոլի աջակիցներից է։ 

Արտաքին քաղաքականության ոլորտում  մեծ փորձ չունի։ Ներկայացուցիչների պալատում զինված ուժերի և հետախուզության կոմիտեի կազմում էր։ Հոկտեմբերին Չինաստանին մեղադրում էր «ընտրությունների վրա ազդելու մեջ»։ 

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրվելուց հետո հայտարարել է, որ «պատրաստվում է հասնել խաղաղության՝ միջազգային արենայում ուժեղ առաջնորդության միջոցով»։

The post Թրամփի կաբինետն իրենից բեթար է first appeared on Epress.am.