Ռուսական զորքը առաջ է շարժվում ռեկորդային կորուստներով
Բաց հասանելի տեղեկությունների հիման վրա ԲիԲիՍին և Մեդիազոնան նույնականացրել են Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման արդյունքում զոհված 78 329 ռուս զինվորականների։ Հաստատված մահերի թիվը վերջին ամիսներին ռեկորդային բարձր է։ Սեպտեմբերի, հոկտեմբերի և նոյեմբերի թվերը 1.5 անգամ գերազանցում են անցյալ տարվա նույն ցուցանիշներին, իսկ 2022-ի թվերը կրկնակի ցածր էին։
2024 թվականին զոհված զինվորականների միջին տարիքը 38 է, պատերազմի առաջին ամիսներին 21 էր։
Այս տարվա սեպտեմբերին օրական ֆիքսվում էր շուրջ 140 հաստատված զոհ։ Իրական թվերն ավելի բարձր են, 140-ը նույնականացվածների թիվն է։ Հոկտեմբեին նույն ցուցանիշը հասել էր 152-ի։ Որոշ դեպքերում մահվան ամսաթիվը տարեսկզբին էր կամ նույնիսկ նախորդ տարիներին։ Ամեն դեպքում այս տարվա օրական զոհերի թիվը 1.6 անգամ գերազանցում է նախորդ տարվան։ Այն ժամանակ հարթակները նույնականացնում էին օրական 90 զոհված զինծառայողի։
Կորուստների նման ռեկորդային թվերը հավանաբար կապված են ռուսական զորքերի հարձակվողական գործողություններով։ Հոկտեմբերի սկզբին ռուսական ուժերը գրավել էին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Ուգլեդար քաղաքը։ Պոկրովսկի գրոհը դեռ շարունակվում է։ Կուրսկի շրջանում զոհված ռուս զինվորականների մասին տեղեկությունները նոր են հանրայնացնում։
Զոհերի մեջ ամենամեծ տոկոսը բաժին է հասնում կամավորներին, այսինքն նրանց, ովքեր զինվորական ծառայության անցնելու պայմանագիրը ստորագրել են ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Այս պահին մեդիահարթակները կարողացել են նույնականացնել 16 551 կամավորականների, ինչը ընդհանուր թվի շուրջ 23 տոկոսն է կազմում։
Նոյեմբերի 15-ի դրությամբ, ամենաշատ կորուստներն ունի Բաշկորտոստանը։
Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կռվող զինծառայողի միջին սոցիալական պորտրետը զգալի փոխվել է։ Հարձակման առաջին երեք ամիսների ընթացքում զոհվածները միջինում 21 տարեկան պայմանագրայիններ էին, որոնք մինչ այդ ծառայում էին էլիտար ստորաբաժանումներում։ 2023-ին միջին պորտրետը 34-ամյա դատապարտյալն էր, որը ռազմադաշտ գնացել է ուղիղ գաղութից։ 2024-ի աշնան դրությամբ զոհերը հիմնականում մոտ 38 տարեկան կամավորականներ են։
Զոհերի առնվազն 56 տոկոսը մինչև Ուկրաինա ներխուժումը ոչ մի կապ չունեին ռուսական զինված ուժերի հետ։ Քաղաքացիական կարգավիճակից պայմանագրայինի անցած և պատերազմ գնացած մարդկանց թիվն իրականում ավելի մեծ է։ Մեդիահարթակների նույնականացրած զոհերի 28 տոկոսի դեպքում հստակ հայտնի չէ, թե ինչպես է մարդը հայտնվել ռազմաճակատում։ Նրանց մեծ մասի մահը հաստատող փաստաթղթերին կցված է քաղաքացիական հագուստով լուսանկար։ Հավանաբար այդ 28 տոկոսի մեծամասնությունը ևս պատերազմի մեկնարկից հետո զինվորագրված կամավորներ են։
Պայմանագրայինների շարքերը նոր համալրած մարդիկ զինվորական պատրաստության մակարդակով զգալի տարբերվում են պրոֆեսիոնալներից։ Ռազմական գործողություններին մասնակցելուց առաջ նրանք անցնում են նվազագույն զինվորական պատրաստության դասեր, որոնք տևում են միջինում 3-10 օր։ Այսինքն, կարելի է ասել, որ շատերը պատերազմ գնում են առանց բավարար տեղեկացվածության։ Նույնիսկ z-պրոպագանդիստներն են պարբերաբար խոսում այն մասին, որ մոբիլիզացվածների մեծամասնությունը պայմանագիրը ստորագրելուց և ռազմի դաշտ մեկնելուց հետո զոհվում կամ անհետ կորածների ցուցակներում հայտնվում է ընդհամենը 12-18 օրվա ընթացքում։
Ռուսական մարզերում նոր կամավորականների հավաքագրումը, սակայն, շարունակվում է։ Միացյալ նահանգների և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների հաշվարկներով, ամեն ամիս ռուսական զինված ուժերին միանում է 25-30 հազար նոր պայմանագրային։
Ռուսաստանի բանակը հիմա էլ շարունակում է օգտագործել «Վագների» խմբի մարտավարությունը։ Սկզբում տարբեր ուղղություններով ուղարկում են ոչ մեծ գրոհային խմբեր՝ առանց տեխնիկական աջակցության։ Այդպիսով թուլացնում են Ուկրաինական ուժերի պաշտպանությունը, հետո անցնում ավելի տեխնիկապես ուժեղ հարձակման։ Այս մարտավարությունն օգնում է զրահատեխնիկա խնայել՝ մարդկային կորուստների հաշվին։
Մեծ թվով զոհեր կան նաև հրամանատարական կազմից։ Ներխուժման սկզբից ի վեր ռուսական բանակը 4 338 հրամանատար է կորցրել, այդ թվում՝ 8 գեներալ և փոխգնդապետից բարձր պաշտոն ունեցող 477 զինվորական։
Զոհերի նույնականացմամբ զբաղվող հարթակները նշում են, որ կորուստների իրական թվերն անհամեմատ ավելի բարձր են։ Ենթադրվում է, որ բաց աղբյուրների հիման վրա հաստատված զոհերը կազմում են ընդհանուր թվի 45-65 տոկոսը։ Այսինքն, կորուստների իրական թիվը 120 506-ից 174 064 միջակայքում է՝ չհաշված Դոնեցկի և Լուգանսկի իքնահռչակ հանրապետությունների ստորաբաժանումների կողմից Ուկրաինայի դեմ կռվողները։
Դոնեցկի հանրապետությունը զոհերի մասին վերջին անգամ հայտարարել է 2022 թվականի դեկտեմբերի 22-ին։ Լուգանսկի հանրապետությունը պաշտոնական թվեր երբևէ չի հանրայնացրել։ Բաց աղբյուրներում հասանելի մահախոսականներից կարելի է ենթադրել, որ այս տարվա սեպտեմբերի դրությամբ ինքնահռչակ հանրապետություններում 21 000-ից 23 500 զինծառայող է զոհվել։
Այսինքն, ընդհանուր առմամն ռուսական բանակի ու պրոռուսական ուժերի կորուստները պատերազմի մեկնարկից ի վեր կազմում են 141 506-ից 197 564 մարդ։
The post Ռուսական զորքը առաջ է շարժվում ռեկորդային կորուստներով first appeared on Epress.am.