Գայանացիները մարդա 370 դոլար կստանան նավթային եկամտից
Գայանայի իշխանությունները կկիսեն նավթից ստացված եկամուտները ժողովրդի հետ՝ յուրաքանչյուր չափահաս քաղաքացուն վճարելով միանվագ 370 ֆունտ ստեռլինգ։
Երկրի բնակիչները կարող են ստանալ 100 հազար գայանական դոլարը՝ ներկայացնելով վավեր անձնագիր կամ նույնականացման քարտ, արտերկրում բնակվողները ստիպված են վերադառնալ Գայանա՝ նավթից ստացված հարստության իրենց բաժինը ստանալու համար։
Ի սկզբանե նախատեսվում էր 200 հազար գայանական դոլար վճարել յուրաքանչյուր տնային տնտեսությանը, սակայն նախագիծը փոխվեց՝ ելնելով այն մտավախությունից, որ որոշ քաղաքացիներ, ներառյալ ընտանիք չունեցող երիտասարդները, դուրս կմնան օգնության ծրագրից։
Մոտ 800 հազար բնակչություն և 400 հազար սփյուռք ունեցող երկրում նման նախագիծը կհանգեցնի հսկայական ծախսերի, սակայն Գայանան վայելում է իր տնտեսության պատմական աճը, որը եռապատկվել է, երբ 2019 թվականի վերջին սկսել է հում նավթ արդյունահանել:
Գայանան երկար տարիներ եղել է տարածաշրջանի ամենաաղքատ երկրներից մեկը։ 2015 թվականին երկրի տարածքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, նավթի հայտնաբերումից հետո գայանական տնտեսությունը սկսել է կտրուկ աճել։
«Եթե դուք չեք ապրել մեզ պես, չեք հասկանա, թե ինչ է մեզ համար նշանակում այս ապշեցուցիչ աճը։ Մեզ դեռ ժամանակ է պետք, որպեսզի այս աճը վերածվի որակի, մենք նոր-նոր ենք սկսում տեսնել տնտեսական աճը՝ ենթակառուցվածքների և նախագծերի տեսքով, որոնք թույլ կտան քաղաքացիներին ունենալ կյանքի ավելի բարձր որակ», – ասել է գայանացի մեդիավերլուծաբան և ձեռնարկատեր Ալեքս Գրեհեմը:
Գրեհեմը նշել է, որ չնայած նման բարեգործությունը վիճելի է, սակայն այն հիշեցնում է, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնց համար այս գումարը կարող է ֆինանսական խնդիրներ լուծել։
Ջորջթաունի Առևտրի և արդյունաբերության պալատի տնտեսագետ և գործադիր տնօրեն Ռիչարդ Ռամբարանը օգնությունն «ընդհանուր առմամբ» լավ է գնահատել, սակայն մտահոգություն է հայտնել, որ գնաճի վրա կարող է բացասաբար ազդել։
Գանեշ Մահիպաուլը՝ Գայանայի ընդդիմադիր կոալիցիոն կուսակցության պատգամավորը, պնդել է, որ այս բաշխումը պետք է միանվագ չլինի:
«2022-ին կառավարությունը հայտարարել է, որ նավթային եկամուտները 47 միլիարդ ֆունտ ստերլինգ են կազմել։ Ողջունում ենք գումարի բաշխումը, սակայն վստահ ենք, որ մեր ժողովուրդն արժանի է ավելիին։ Մենք կշարունակենք բանակցել իշխանությունների հետ։ Միանգամյա բաշխման փոխարեն, կարծում ենք, կանխիկի փոխանցումները պետք է կանխատեսելի լինեն և մշտական կառուցվածքով պաշտպանված՝ հուսալիություն և թափանցիկություն ապահովելու համար», – ասել է Մահիպաուլը։
The post Գայանացիները մարդա 370 դոլար կստանան նավթային եկամտից first appeared on Epress.am.