ru24.pro
Все новости
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Եթե ընտրությունների օրը հայտարարվի արտակարգ դրություն

0

Ազգային ժողովում հանրային լսումներ են Ընտրական օրենսգրքում մեծ փոփոխություններ մտցնելու շուրջ։ Լրիվ նոր է դրույթը, որով կարգավորվում է ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ անցկացնելու հարցը։

Բոլորը համաձայն են, որ կարգավորումը պետք է՝ մի երկրում, որը արտակարգ դրությունը չարաշահելու փորձ ունի․ 2008 թվականի Մարտի 1-ից հետո իշխանություններն օգտագործել են այս լծակը կեղծված ընտրությունների բողոքարկումը արգելելու նպատակով։ Եղել են նաև դեպքեր, երբ ընտրություններն իսկապես համընկել են ռազմական դրության հետ։ Օրինակ՝ 2021-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ադրբեջանական զինուժը փակել էր դեպի Կապան տանող այն ժամանակ դեռ գործող ճանապարհը, ինչը խոչընդոտել էր դիտորդների և հանձնաժողովականների տեղաշարժը։

Չնայած կարգավորման կարևորությանը՝ Արդարադատության նախարարության առաջարկած օրենսրական փոփոխությունը ընդունվել է առաջին ընթերցմամբ առանց հանրային լսումների։ Այդ ժամանակ Հայաստանի առաջատար դիտորդական դաշինքի համակարգողները Վրաստանում էին։ Արդարադատության փոխնախարար Արմինե Հարությունյանը արդարացել է, թե օրենքն արդեն երկու տարի է՝ դրված է եղել քննարկման, դեռ վերանայման ժամանակ կա՝ մինչեւ դեկտեմբերի 3-ը։

Առաջին ընթերցմամբ անցած նախագծի համաձայն, եթե արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում մինչև ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը, այսինքն՝ ընտրության հաջորդ օրվա առավոտվա 10-ը, արդյունքները պիտի չեղարկվեն և պետք է նոր քվեարկություն լինի։ Հիմնավորման մեջ գրված էր՝ քանի որ իրավիճակը փոխված կարող է լինել, մարդիկ պիտի իրավունք ունենան նորից քվերակելու։

Ընդդիմությունը քննադատել է այս ձևակերպումը և դեմ քվեարկել նախագծին։ Օպոզիցիան համարում է, որ իշխանությունները ոչ բավարար քվե ստանալու դեպքում կարող են չարաշահել այն՝ արհեստականորեն արտակարգ դրություն հայտարարել և զրոյացնել քվեարկության արդյունքները։ 

«Սա համարում ենք նեղ իշխանական շահերից բխող, ինչը կարող է հակաժողովրդավարական գործիք հանդիսանալ թե՛ գործող, թե՛ ապագա իշխանությունների ձեռքին՝ ստացված անցանկալի ընտրական արդյունքները, այն է ժողովրդի կամքը զրոյացնելու համար», – հայտարարություն էր տարածել «Լուսավոր Հայաստան» (արտախորհրդարանական) կուսակցությունը։

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն այսօր հայտարարել է, որ քննադատությունը հաշվի առնելով՝ նախագծում փոփոխություններ են մտցրել։ Եթե արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում երեկոյան 8-ից հետո, ապա քվեաթեթիկների հաշվարկը պիտի շարունակվի։ Այնուամենայնիվ՝ կմնա հնարավորություն որոշ տեղամասերում հաշվարկը դադարացնելու՝ արտակարգ/ռազմական դրությունից ելնելով։

«Հետագայում՝ կախված գործընթացներից, ԿԸՀ-ն ըստ անհրաժեշտության կարող է վերաընտրություն նշանակել այն տեղամասերում, որոնցում կծագի այդ անհրաժեշտությունը»,- ասել է Հարությունյանը։

Օրենքի համաձայն, ռազմական դրություն կարող է հայտարարվել միայն այն դեպքում, երբ այլ պետության կողմից ռազմական ագրեսիա կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու՝ այն բռնությամբ փոփոխելու կամ տապալելու դեպքում, ներառյալ՝ իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները։

Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունների նկատակը օրենքը չարաշահելը չէ՝ կարծում են լսումներին ներկա իրավապաշտպանները։ Նույն սկզբումքով կարելի է պահանջել նաև արտակարգ դրության մասին օրենքը վերացնել, ինչ է թե ներկա կամ ապագա իշխանությունները կարող են այն չարաշահել։ Նախագծում տեղ գտած ձևակերպումները, ըստ նրանց, պետք է հղվեն, բայց մեդիաներում պտտվող ահասարսուռ վերնագրերը «մի քիչ չափազանցացված են»։

The post Եթե ընտրությունների օրը հայտարարվի արտակարգ դրություն first appeared on Epress.am.